Գլխավոր Լրահոս

Դինքին սպանեցին՝ Թալեաթի վրեժը լուծելու համար. Աքչամ

Դինքին սպանեցին՝ Թալեաթի վրեժը լուծելու համար. Աքչամ

2012թ. թուրքական Taraf թերթում լույս էր տեսել պատմաբան Թաներ Աքչամի` «Թալեաթ փաշայի վրեժը լուծված է» վերնագրով հոդվածը, որում նա զուգահեռներ է անցկացնում Հայոց ցեղասպանության և Հրանտ Դինքի սպանության միջև: Աքչամը վստահ է՝ Դինքի սպանությունը կազմակերպվել էր այնպես, որ նման լինի 1921թ. Բեռլինում Սողոմոն Թեհլերյանի կողմից Թալեաթ փաշայի սպանությանը: Ստորև թարգմանաբար և կրճատումներով ներկայացնում ենք 2012թ. գրված հոդվածը, որն այսօր էլ ավելի քան արդիական է. Դինքի սպանությունը չի բացահայտվել, Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականությունն էլ շարունակում է ժխտողական մնալ:

Հրանտ Դինքը սպանվել է Թալեաթ փաշայի վրեժը լուծելու համար: Ամեն ինչ, նկատի ունեմ, ամեն ինչ կազմակերպվել էր այնպես, որ լուծվի 1921թ. տեղի ունեցած սպանության վրեժը: Տրապիզոնում 2004թ. «Մակդոնալդսի» ռմբակոծությունում դերակատարության համար ազատազրկված Յասին Հայալը՝ Հրանտի սպանությունը ծրագրած անձը, բանտից դուրս գալուն պես իր հոր հետ զրուցել է Թալեաթ փաշայի մասին: Նա հարցրել է հորը. «Հայրի՛կ, գիտե՞ս՝ ինչպես է սպանվել Թալեաթ փաշան»: Դրա մասին մեկ-երկու բան իմացող Յասին Հայալը հավելեց. «Գիտեի՞ր, որ Թալեաթ փաշայի մարդասպանը այդպես էլ չպատժվեց, և որ նա ազատ արձակվեց»:

Ինչո՞ւ Դինքին չսպանեցին իր տան առաջ: Կամ ինչո՞ւ նրան չառևանգեցին՝ սպանելով ու մարմինը նետելով հեռավոր մի վայրում, ճիշտ այնպես, ինչպես շատ հանցագործություններ Թուրքիայում՝ «հանցագործն անհայտ է» որակմամբ: Եթե ցանկանային, կարող էին այդպես անել, սակայն նախընտրեցին այդպես չվարվել: Փոխարենը նրանք սպանեցին Հրանտին «Ակօսի» առաջ՝ փողոցում, օրը ցերեկով, հետևից կրակելով գլխին: Ինչո՞ւ: Որովհետև Հրանտի միջոցով նրանք ցանկանում էին հայերից լուծել Թալեաթ փաշայի վրեժը: Թալեաթին Բեռլինում 1921թ. մարտի 15-ին սպանել էր ցեղասպանությունը վերապրած Սողոմոն Թեհլերյանը: Նա մոտեցել էր Թալեաթ փաշային հետևից և կրակել գլխին: Հունիսի 3-ին՝ երկօրյա դատավարությունից հետո, մարդասպանն արդարացվել էր:

Սակայն սպանությունն ունի մեկ այլ նմանություն, որից տեղյակ չենք: Թալեաթ փաշայի սպանությունը ծրագրած անձինք որոշել էին, որ Թեհլերյանը չպետք է փախուստի դիմի, այլ պետք է մնա սպանության վայրում և պատրաստ լինի ձերբակալության: Նմանաապես, Հրանտ Դինքի գործով հետաքննություներում առկա վկայությունների համաձայն՝ Դինքին կրակած Օգյուն Սամասթը պետք է մնար սպանության վայրում կամ ներկայանար ոստիկանություն ցանկացած տեղ Ստամբուլում: Ամեն ինչ նախատեսված էր այնպես, ինչպես եղել էր 1921թ.: Նպատակն էր ոչ միայն լուծել Թալեաթ փաշայի վրեժը, այլև մեզ հիշեցնել 1915թ. ցեղասպանության և հայերի ձայնը խեղդելու մասին: Նրանք փորձում էին ասել. «1915-ից հետո այս հողի վրա որևէ հայի ազատորեն խոսելու հնարավորություն չենք տա»: Օ՜, միայն թե իմանայինք այն, ինչ նրանք գիտեին, տեսնեինք այն, ինչ նրանք տեսան:

Աստված փրկեց մեզնից նրանց, ովքեր ցնցված էին և չէին կարող տեսնել 1915թ. ցեղասպանության և Հրանտ Դինքի սպանության միջև կապը: Ռաուֆ Դենքթաշը մահացավ նույն ժամանակահատվածում: Կարծես Աստված մեզ ասում էր. «Արդյոք կո՞ւյր եք: Բացե՛ք աչքերը, զզնե՛ք: Արդյոք ձեր ուղեղներն այդքան բթացա՞ծ են: Տեսե՛ք և հասկացե՛ք»: Նա ցանկանում էր, որ տեսնենք Դենքթաշի հուղարկավորությանը ներկա կառավարական բարձրաստիճան անձանց շարքը, բացենք մեր աչքերը և հասկանանք կապը Հրանտի ու 1915-ի միջև:

Ո՞վ էր Ռաուֆ Դենքթաշը: Նա այն թիմից էր, որը հարթել էր դեպի Հրանտ Դինքի սպանությունը տանող ճանապարհը: Դենքթաշը «Թալեաթ Փաշա» հանձնաժողովի գործադիր խորհրդի նախագահն էր: Հանձնաժողովը ձևավորվել էր Եվրոպայում և Թուրքիայում հայերի դեմ գործողությունների կազմակերպման նպատակով՝ հետևյալ կարգախոսով. «Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ է»:

Հերքման 90 տարվա քաղաքականությունը մեզ կուրացրել է, բթացրել մեր ուղեղները:

Մենք չենք կարող տեսնել կապը 1915թ. ցեղասպանության և Հրանտի սպանության միջև այնպես, ինչպես կարող են և անում են նրանք: Նրանք մեզ ստիպեցին մոռանալ 1915-ը, սակայն նրանք երբեք չեն մոռանում: Մենք այնքան ենք լռեցվել, որ մեզանից ոմանք ահաբեկվում են բուն «ցեղասպանություն» բառից, հատկապես, երբ մեկն ասում է. «Ցեղասպանությունը պետք է ճանաչվի»:

Մենք պետք է բացենք մեր աչքերը և լույս սփռենք մեր բթացած ուղեղների վրա: Հրանտ Դինքը սպանվել է Թալեաթ փաշայի վրեժը լուծելու համար: Հրանտը «1.5 մլն + 1»- ն է: 2015-ի նախաշեմին մենք երբեք չենք իմանա այս սպանության մասին ճշմարտությունը՝ առանց ասելու. «Այո՛, 1915-ը ցեղասպանությո՛ւն էր, և այն պե՛տք է ճանաչվի»:

Ես գիտեմ, թե որքան դժվար է ապրել այս երկրում՝ որպես հայ: Ես հասկանում և հոգու խորքում զգում եմ հետևյալ խոսքերի հետևում եղած ապրումները. «Չեմ կարող այլևս այստեղ ապրել»: Չգիտեմ, թե արդյոք դա անելու խիզախությունն ունեմ, սակայն ցանկանում եմ գոչել. «Դուք այն լույսն եք, որը մեզ թույլ կտա վերասահմանել մեր թուրքականությունը: Դուք հնարավորություն եք այսօր Անատոլիայի մուսուլմաններին հիշեցնելու երեկվա մուսուլմանների մասին, որոնք, առերեսվելով հայերի բնաջնջմանը, ասում էին. «Ղուրանում չկա որևէ բան, որը մեզ թույլ է տալիս դա անել», և որոնք ընդդիմանում էին՝ փորձելով անել հնարավոր ամեն ինչ հայերի կյանքը փրկելու համար: Դուք մեզ հնարավորություն եք տալիս փրկել այս երկիրը մարդասպանների և նրանց պաշտպանողների երկիր լինելուց»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում