Ադրբեջանում ձերբակալվել է հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը: Նմանատիպ լուրերը չպետք է զարմացնեն Ադրբեջանով հետաքրքրվողներին: Սովորական երևույթ. ձերբակալվել է Ալիևի բռնապետական ռեժիմի կուրսի հետ չքայլող մտավորականներից մեկը:
Ռաուֆն այն եզակի անձանցից էր, որը հաճախակի հանդես էր գալիս հայաստանյան մամուլում, ներառյալ արցախյան «Անալիտիկոն» ամսագրում: Եվ բոլորովին էլ հետաքրքիր չէ, թե ինչ մեղադրանքով են նրան ձերբակալել՝ հայրենիքի դավաճանությա՞ն, լրտեսությա՞ն, թե՞ թմրամիջոցների պահպանման. Ադրբեջանում գործ թխելը խնդիր չէ: Կարևոր չէ նաև Միրկադիրովի ձերբակալման հնարավոր այլ կոնտեքստները (ասում են՝ Անկարայում բնակվող լրագրողը սերտ կապեր է ունեցել գյուլենական շարժման հետ, որի դեմ այժմ Էրդողանի թիմն է պայքարի դուրս եկել): Պետք է փաստենք իրողությունը՝ հայերի հետ որևէ ծրագրում համագործակցող, հայերի մասին ոչ քարոզչական նյութեր գրող ադրբեջանցիները ենթակա են բանտարկման:
Ռաուֆ Միրկադիրովն առաջինը չէ, բավականին աղմուկ հանած դեպք էր նաև Արցախ ժամանած և իր տպավորությունների մասին գրած Էյնուլլա Ֆաթուլաևի դեպքը: Եզրակացությունը մեկն է՝ Ադրբեջանը խոչընդոտել է և խոչընդոտում է խաղաղասիրական, միջսահմանային, լրագրողական համագործակցության և այլ ձևաչափերով որևէ շփում հայերի հետ: Միրկադիրովի հետ կապված դեպքն ընդամենը մեկ օրինակ էր բազմաթիվ դեպքերից:
Միջազգային հանրությունը և մասնավորապես Եվրոպական Միությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վստահության վերականգնման, տարատեսակ շփումների հաստատման և խաղաղասիրական ծրագրերի համար: Արդեն իսկ հստակ է, որ այս գումարներն ուղղակի ջուրն են լցվում. Ադրբեջանի նման դիրքորոշման պայմաններում որևէ խաղաղասիրական կամ վստահության վերականգնման/հաստատման ծրագիր ուղղակի անարդյունք է:
Դեռևս տարիներ առաջ ԵՄ անդամ որոշ երկրների դեսպանների և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության դիվանագետների հետ հանդիպումների ժամանակ բազմիցս առաջարկել եմ հրաժարվել վերոնշյալ ծրագրերից և Արցախում անմիջականորեն անցնել հասարակությունների զարգացման, գյուղական աղքատության կրճատման, անկախ մամուլի ֆինանսավորման ծրագրերի իրականացմանը: Նմանատիպ առաջարկներ հնչել են նաև արցախյան հասարակության այլ ներկայացուցիչների կողմից՝ Ստեփանակերտում և այլուր դոնոր կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ:
Ադրբեջանում բռնապետական ռեժիմի նոր գլուխգործոցները մեզ հնարավորություն են տալիս ակտիվացնել այս գաղափարների առաջմղումը, հասնել նրան, որ Եվրոպական Միությունը և այլ դոնորներ հրաժարվեն խաղաղասիրական անարդյունավետ ծրագրերի ֆինանսավորումից և Արցախում անցնեն մեզ համար առավել կարևոր նշանակություն ունեցող զարգացման ծրագրերի իրականացմանը:
Հայկ Խանումյան










