Մեռելոցից մնացին մեռելները

Այն, որ Սերժ Սարգսյանը «մեռնում» է, ոչ մի կասկած, բայց նա առանց վարանելու իր հետ կարող է տանել ամբողջ երկիրը: Եվ այդ ժամանակ մեռելներից կրկին կմնա Մեռելոցը:
Տիգրան Սարգսյանը գնաց: Հիմա ոչ ոք այդքան նշանակություն չի տալիս Մեռելոցին: Այն լուծվեց նոր կառավարության մեջ, հիմա Մեռելոցն ու մեր կառավարությունը մեկ օրգանիզմ են: Այդպիսի զգացողություն է առաջացնում նոր կառավարությունը. այնտեղ ոչ մի նոր դեմք չկա:
Թվում էր, թե կառավարությունն ամբողջությամբ պետք է հեռանար Տիգրան Սարգսյանի հետ, այլապես տպավորություն է, թե քառյակը պահանջել է միայն նրա հրաժարականը և միայն նրա հրաժարականն էլ ստացել է: Մինչդեռ կադրային ինչ արմատական փոփոխություններով էր սպառնում Սերժ Սարգսյանը հանրությանը: Սպառնում էր՝ հասկացնելով, որ տեղյակ է փոփոխություններ կատարելու հասարակության պահանջին: Այդ հայտարարությամբ Սերժ Սարգսյանն արդեն կաթվածահարել էր Տիգրան Սարգսյանի կառավարությանը: Այսինքն, նրանց դարձրել էր անգործունակ, բոլորն իրենց զգում էին դուրս թռնող, այսինքն, ինչ-որ իմաստով նախապատրաստվել էին պաշտոններին հրաժեշտ տալուն: Հոգով մեռյալներն են համալրել նոր կառավարությունը, քանի որ նրանք արդեն սպանվել են Սերժ Սարգսյանի այն հայտարարությամբ, որ արմատական փոփոխություններ են լինելու կառավարությունում: Ինչո՞ւ են կառավարության վերանշանակվածները և, այսպես կոչված, նորանշանակները հոգով մեռյալներ: Որովհետև վերանշանակվածներն ավերակներ ստեղծելու մենթալիտետով կառավարեցին ամբողջ ընթացքում, իսկ նորանշանակները պետք է ձգտեն նույն մենթալիտետով մնալ ջրի երեսին, որպեսզի Սերժ Սարգսյանը հասկանա, որ սրանք էլ որևէ ինքնուրույնություն չունեն: Իսկ ինքնուրույնություն չունեցողը մեռյալ է, ընկերներ: Երբ այդ անինքնուրույնը պետության կառավարման ղեկին է, ինքն իր շուրջը Մեռելոց է սփռում: Հենց դրանով էր հայտնի Տիգրան Սարգսյանը՝ նա մնաց որպես Մեռելոց սփռող վարչապետ: Նրա կադրերը մասնակից էին այդ սփռմանը:
Իսկ հեռացան միայն քաղաքաշինության, ֆինանսների, էկոնոմիկայի և կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարները: Ինչ-որ մեկի տատը նման դեպքերում հարցնում էր՝ բա մենք սրա համա՞ր ենք հավաքվել: Ուշադիր եղեք, Սերժ Սարգսյանը մատնում է, որ ինքը ոչ միայն փոքրամասնություն է, այլև մի ուրիշ ձևի փոքրամասնություն է, ինքը կառավարություն է փոխում ու նշանակում նույն նախարարներին՝ մատնելով, որ եղածներից բացի ուրիշ ոչ մեկին իր տեսադաշտում, իր թիմում և ամբողջ Հայաստանում չունի նոր մարտահրավերների համար: Մարտահրավերները կան, մինչդեռ մարդ չկա, որ դրանց հետ աշխատի: Ամեն նոր նշանակումով Սերժ Սարգսյանը մատնում է, որ ընտրություն չունի: Հասկանու՞մ եք, երկրի առաջին դեմքը, ՀՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահը բացարձակապես քայլեր չունի: ԱԺ-ում մեծամասնություն ունեցող մարդը վեց տարվա ընթացքում տեսել է բազում մարտահրավերներ ու հիմա իր համար բոլորովին նոր իրավիճակում նոր մարդ չունի: Ինքը փոքրամասնություն է: Ու հլը հիշեք, որ այս «փոքրամասնությունը» Հովիկ Աբրահամյանին քաջալերում էր՝ նոր վարչապետը կադրային քաղաքականությունը մեջ լինելու է ազատ:
Ազատությունը ամենօրյա նորության հռչակումն է, որովհետև ազատությունը ստեղծարար է: Հովիկ Աբրահամյանը նշանակեց հինգ նոր նախարար, որոնցից երեքը նախկինում արդեն պաշտոնավարել են, մեկը հայտնի է Երևանի ճարտարապետական դեմքը ոչնչացնելով, մյուսը՝ Խաչատրյան Գագիկը, նախ նոր վարչապետի նշանակումը չէ, այլ՝ Սերժ Սարգսյանինն է, երկրորդ «կտրում» է մեռելներից հարություն առնելու պետության ամենափոքրիկ հավակնությունը: Խաչատրյան Գագիկը Դավիթ Սարգսյան չէ, ՊԵԿ նախագահի պաշտոնում նա երբեք հաշիվ չի տվել իր ոչ մի կոռուպցիոն գործունեության համար: Բայց նրա նշանակումով Սերժ Սարգսյանը մատնել է նաև իր հոգեվարքը: Խաչատրյան Գագիկն այն մարդն է, որն այս հոգեվարքի շրջանում պետք է «կազմակերպի» Սերժ Սարգսյանի ամբողջ շրջապատի ֆինանսների անձեռնմխելիությունը, պետք է դրանք ուղղորդի որտեղ որ հարկն է, հարկ եղած դեպքում, մի վերջին, անմարդկային ջանքով այդ ֆինանսները պետք է ծառայեցվեն հասարակությանը, քաղաքական ուժերին և քաղաքացիական կազմակերպություններին ծնկի բերելու համար: Հատկապես որ ոչ մի կասկած, հարկայինը մտնելու է ֆիննախի մեջ:
Այն, որ Սերժ Սարգսյանը «մեռնում» է, ոչ մի կասկած, բայց նա առանց վարանելու իր հետ կարող է տանել ամբողջ երկիրը: Եվ այդ ժամանակ մեռելներից կրկին կմնա Մեռելոցը:
Մհեր Արշակյան










