Գլխավոր Լրահոս

Տարոն Մարգարյանն Անաստաս Միկոյանի թողությունն է

Երևանում պետք է կանգնեցվի խորհրդային կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի արձանը: Ռուսական Վիկիպեդիան նրան հիշատակում է որպես ստալինյան բռնաճնշումների, այսինքն, Մեծ տեռորի,  կազմակերպիչներից մեկը: Մինչ այդմ սակայն, մինչև կոմունիստների մուտքը Հայաստան, 1914-ին նա կռվել է զորավար Անդրանիկի ջոկատում: Այսինքն՝ թուրքերի դեմ: Այն կողմում էլ հայեր կային: Բայց թուրքերի հանդեպ նախապաշարմունքներ ուներ մինչև կյանքի վերջը: Երբ Խրուշչովի օրոք այցելում է Թուրքիա, տեղի թղթակիցներից մեկը նրան հարցնում է. «Ճի՞շտ է, որ ԽՍՀՄ բնակչության կեսը հիմարներ են»: Միկոյանը ատասխանում է. «Ճիշտ է, բայց մենք նրանց թուրքեր ենք ասում»:

1917-ից սոցիալ-դեմոկրատ էր, հնարավոր է նաև՝ դաշնակցական: 1918-ին դաշնակցական խմբապետ Համազասպի ջոկատում մասնակցել է Բաքվի մարտյան միջէթնիկական ջարդերին: Բայց ջարդերի էությունը ոչ թե ադրբեջանցիների մահմեդականությունն էր, այլև բոլշևիկների հաղթանակն ապահովելը: Այդպիսով, Բաքվում ռուսական Կարմիր բանակն ամրապնդվեց շնորհիվ նաև Անաստաս Միկոյանի: Ճիշտ է, նույն տարում հռչակվեց Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, բայց երկու տարի հետո այն արդեն խորհրդային էր: Այդ ընթացքում Միկոյանը Կովկասյան երկրամասի Բաքվի մասնաճյուղի աշխատավորների առաջնորդն էր: Թռիչքային առաջխաղացումը կուսակցական աստիճաններով կազմակերպեց Իոսիֆ Ստալինը դեռևս Վլադիմիր Լենինի կենդանության օրոք: Ընդ որում, Անաստասն առաջանում էր այնպես, ինչպես ասենք Բաքու-Մոսկվա չվերթն է: Սկզբից Բաքվում է, հետո Թբիլիսիում, հետո Դոնի Ռոստովում Աշխատավորական կուսակցության Հարավարևելյան կենտկոմն է ղեկավարում: 1926-ին Միկոյանն արդեն Քաղբյուրոյի անդամության թեկնածու է: 1930-ից արդեն ժողովրդական կոմիսար (նախարար-Մ.Ա.): Սկզբից` մատակարարման, այնուհետև` սննդի արդյունաբերության: Երբ Միկոյանը սննդի արդյունաբերության ժողկոմ էր, Ուկրաինայում սով էր:

1932-ին ԽՍՀՄ մատակարարման ժողկոմ Միկոյանը երկրում մսի ճգնաժամի դիմաց առաջարկեց Ձկան օրը, երբ խորհրդային քաղաքացուն սառնաց սպիտակուցների ճգնաժամը: Ի դեպ, այն կապ չուներ ուղղափառ եկեղեցու Ձկան օրվա հետ, որը Պահքային օր է, բայց ընդունվեց, որովհետև ուղղափառ ինչ-որ բան տեսան առաքելական Միկոյանի մտահղացման մեջ: 1937-ին Միկոյանն արդեն ոչ միայն լենինյան գծի համոզված կողմնակից էր կոմունիստական գաղափարները հարկ եղած դեպքում արյունով ու զենքով տարածելու առումով, այլև ստալինական էր, երբ արդեն պարզ դարձավ, որ Տեռորն անխուսափելի է: Անաստասը ռեպրեսիաների նախաձեռնող չէր, բայց չէր կարող մի կողմ քաշվել: Ուստի լծվեց հազարավորներին ոչնչացնելու «սուրբ» գործին:

1937-ի աշնանը ժամանեց Հայաստան, որպեսզի անմիջական մասնակցություն ունենա հայ ֆունկցիոներների բնաջնջման գործին: Ընդհանուր առմամբ, հաջողեց: 1937-ին դարձավ հակահեղափոխական գործունեությամբ աչքի ընկնող կուսակցականների դատապարտման հանձնաժողովի ղեկավար: Հենց այդ հանձնաժողովի ղեկավարի կարգավիճակում 1938-ին արդեն ԽՍՀՄ ներքին առևտրի ժողկոմ Միկոյանը ստորագրեց Ստալինին ու Ներքին գործերի ժողկոմ Եժովին ուղղված մի գրություն, որով թույլատրվում էր Իրկուտսկում գնդակահարվողների ցուցակում ներգրավել ևս 4000 հոգու: Հետագայում Միկոյանը պլենումներից մեկի ժամանակ Ստալինի ներկայությամբ կասի. «ՆԿՎԴ-ն (ռեպրեսիաների անմիջական պատասխանատուն և իրագործող մարմինը-Մ. Ա.) լավ աշխատեց այդ ժամանակ»: Միկոյանը չէր ստում:

Կան տեղեկություններ, որ մի քանի հայ արվեստագետի հաջողացրել է փրկել Ստալինի ճիրաններից: Նշվում է Մարտիրոս Սարյանի անունը: Այլ աղբյուրներ խոսում են, որ շնորհիվ Միկոյանի, Չարենցը վերադարձվեց հայ ընթերցողին: Բայց այդ ժամանակ Ստալինն արդեն մահացել էր: Ի դեպ, Ամենայնի մահից առաջ Միկոյանը հաջողացրել էր զայրացնել Մեծ առաջնորդին, որի պատճառով մոտ չորս տարի մնաց առանց պաշտոնի: Ստալինից հետո Միկոյանը դարձավ Խրուշչովի թիմակիցը և նույնիսկ ԽՍՀՄ նոմինալ ղեկավարը ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության նախագահի պաշտոնում: Բայց դա նրա վերջին պաշտոնն էր: Հնարավոր է՝ Երևանում Միկոյանի արձանը կանգնեցնելով՝ Տարոն Մարգարյանը նկատի է ունեցել Կարիբյան ճգնաժամում նրա դերը: Հիշեցնենք, որ այդ ճգնաժամը սպառնում էր դառնալ երրորդ համաշխարհային պատերազմ Ամերիկայի քթի տակ գտնվող Կուբայում տեղակայված խորհրդային միջուկային մարտագլխիկների պատճառով: Ի վերջո, ԽՍՀՄ-ը դրանք հանեց Կուբայից: Եվ ի՞նչ: Տարոն Մարգարյանը Միկոյանի թողությու՞նն է:

Ինչու՞ Երևանի նախկին քաղաքապետերից ոչ մեկի մտքով չի անցել այստեղ կանգնեցնել հռչակավոր հաղարծինցու արձանը: Որովհետև հիշատակները նախ մաքրվում են պատմության փորձություններից: Այսինքն, պատմությունն անգամ խեղճանում է նրանց առաջ: Միկոյանը պատմությունից դուրս մարդ չէ: Պատմությունից դուրս նա ոչ մեկն է: Նա մի մարդ էր, որն Աստված չուներ: Եթե նույնիսկ կյանքի վերջում վերագտավ Աստծուն, ոչ ոք արդեն այդ Աստծուց շահ չուներ: Այսինքն, նրա միջոցով չքննեց իրեն: Միկոյանը մարդ էր Ստալինի ճիրաններում, այսինքն, իր կյանքն էր կազմակերպում որևէ կյանքի մասնակից չլինելու պարտավորությամբ: Նա նույնիսկ պատմության կերպար չէր, այլ համակարգի: Հետևաբար կանգնեցնել նրա արձանը, նշանակում է կանգնեցնել համակարգի արձանը, որը Միկոյանի ձեռամբ համենայնդեպս 4000 հոգու գլուխ է կերել: Աստված պահի նրա սերունդներին:

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում