Գլխավոր Լրահոս

Հայությունն ընդդեմ վերազգային միավորումների

Օրերս Արցախ էին ժամանել Եվրախորհրդարանի պատգամավոր, «Կանաչներ-եվրոպական ազատ դաշինքի» անդամ Ինակի Իրազաբալբեյտա Ֆերնանդեսը և Իսպանիայի խորհրդարանի անդամ Հոն Ինյոարիտուն: Երկու պատգամավորներն էլ ազգությամբ բասկ են և երազում են Բասկերի երկրի անկախության մասին: Բացի պաշտոնական հանդիպումներից, պատգամավորները հանդիպեցին արցախյան han8wu2jan ներկայացուցիչների հետ: Եվրոպական կուսակցությունների «Ազատ դաշինքը», որն այժմ Եվրախորհրդարանում խմբակցություն է կազմել կանաչների հետ միասին, հիմնականում ներկայացնում է Եվրոպայից անջատվել ցանկացող տարածքների կամ ինքնավարությունների քաղաքական ուժերին: Արցախի իշխող կուսակցություններից Ժողովրդավարական կուսակցությունը նույնպես ձգտում է միանալ եվրոպական կուսակցությունների «Ազատ դաշինքին», ինչը կարևոր է Արցախի ճանաչման և քաղաքական ուժերի միջազգային համագործակցության համար:

Ստեփանակերտում կայացած հանդիպումներում պատգամավորները հետաքրքիր մտքեր են արտահայտել, որոնք նոր շտրիխներ են մտցնում Եվրամիության ապագայի վերաբերյալ քննարկումներում: Եթե 20-րդ դարի երկրորդ կեսին հիմնական բանավեճն ընթանում էր ազգերի Եվրոպա՞, թե՞ դաշնային Եվրոպա երկընտրանքի շուրջ, ապա անկախական կուսակցությունների «Ազատ դաշինքը» 21-րդ դարի առաջին տասնամյակներում այս երկընտրանքին նոր տարբերակ է առաջարկել՝ տարածքների Եվրոպան՝ ռեգիոնալիզմը:

Բասկերի երկրի, Կատալոնիայի, Անդալուզիայի, Շոտլանդիայի, Ալանդների, Կորսիկայի, Մորավիայի, Կարինթիայի, Տիրոլի, Վենետիկի, Սավուայի և եվրոպական այլ ինքնավարությունների ու տարածքների քաղաքական ուժերը, որոնց մի մասն իրենց վայրերում իշխող կուսակցություններ են, Եվրոպայի ապագան տեսնում են ռեգիոնալիզմի մեջ:

Մեր օրերում, երբ վերազգայնության գաղափարն ավելի ու ավելի է մոտենում ժողովուրդներին, երբ Ռուսաստանը ցանկանում է Եվրասիական միություն ստեղծել, իսկ Եվրամիությունն ավելի ու ավելի վերազգային է դառնում, ռեգիոնալիզմը կարծես անզոր մի բան է թվում՝ անընդունակ ազդելու կայսրությունների վերստեղծմանը:

Վերազգային միությունները ոչ այլ ինչ են, քան նույն կայսրությունները՝ այլ անունով և ձևաչափով, ազգերի ձուլման մեծ կաթսա լինելու պատմական հավակնությամբ: Թվում էր, թե ազգերի ձևավորման, կայսրությունների փլուզման գործընթացում մարդկությունը գտել է ժողովուրդների գոյատևման հիմնական ձևաչափը՝ ազգային մակարդակով հարաբերությունները: Սակայն արի ու տես, որ այսօր գնում է ազգերին ոչնչացնելու, կայսրությունները վերականգնելու գործընթաց: Սրան զուգահեռ նոր երանգներ է ստանում ազգայնականությունը, անկախականությունը, ռեգիոնալիզմը, անջատման ձգտող ժողովուրդները վիճարկում են ազգային նախկին սահմանները և ձևավորում նոր ազգեր:

20-րդ դարում հայկական բոլոր պետականությունները ստեղծվել են կայսրության փլուզման արդյունքում, անջատման և ազգային պետություն ունենալու իրավունքի իրացման շնորհիվ: 20-րդ դարում մեր պետականությունը կորցրել ենք կայսրության վերականգնման պատճառով: Հայությունը, եթե ցանկանում է չձուլվել համընդհանուր կաթսայում, այլ տարբերակ չունի, քան պայքարել վերազգային միավորումների գաղափարի դեմ և պաշտպանել ու աջակցել ազգայնականությունն ու ռեգիոնալիզմը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում