Ոստիկանության ցանկում հայտնված և 7,5 հազ. դոլար արժողությամբ համարանիշով հերթական ավտոմեքենան։
Ճանապարհային ոստիկանությունը հրապարակել է այն ավտոտրանսպորտային միջոցների պետհամարանիշերի ցանկը , որոնք չեն տուգանվի ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար: Ցանկում հայտնվել են բազմաթիվ պետհամարանիշեր, որոնց գինը հասնում է մինչև 10 000 դոլարի:
Այս տարվա հունվարի 1-ից վերացվեցին ԱՊՊԱ կտրոնները, պայմանագրերի առկայությունը վերահսկվելու էր էլեկտրոնային համակարգով։ Սակայն ապահովագրական ընկերությունների և ոստիկանությունում հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների էլեկտրոնային բազաների համադրության ընթացքում շատ շուտով ի հայտ եկան խնդիրներ։ Մասնավորապես, տուգանքներ սկսեցին ստանալ այն քաղաքացիները, որոնք թեև վաճառել կամ չեն շահագործում իրենց տրանսպորտային միջոցները, սակայն դրանք չեն հանել հաշվառումից և չեն կքնել ԱՊՊԱ պայմանագրեր։ Ավելի քան 10 օր ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար նախատեսվում է 5 հազ. դրամ վարչական տուգանք յուրաքանչյուր 10 օրվա համար, բայց տարվա կտրվածքով ոչ ավելի, քան 100 հազ. դրամ։
Այս խնդիրը լուծելու համար կառավարությունը մարտի 27-ին ընդունել է վարչական պատասխանատվություն չկիրառելու որոշում, որը նախատեսում է, որ այն տրանսպորտային միջոցները, որոնց համար ԱՊՊԱ պայմանագիր երբևէ չի կնքվել, և որոնց շահագործման արդյունքում 2011թ. հունվարի 1-ից հետո իրավախախտման դեպք չի գրանցվել, ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը տուգանք կիրառելուց՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար։
Այլ կերպ ասած, կառավարության որոշումը նախատեսում է ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու համար տուգանք չկիրառել այն ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ, որոնք փաստացի չեն շահագործվել։ Գործադրի որոշումը, սակայն, որոշ սողանցքներ ունի։
Ոստիկանությունը, այս որոշման համաձայն, հրապարակել է մոտ 31 հազ. տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի ցանկ, որոնց նկատմամբ չի կիրառվելու վարչական պատասխանատվություն։ Ուշագրավ է, որ ցանկում կան բավական թանկարժեք կամ «գոլդ» պետհամարանիշերով մեքենաներ։ Մասնավորապես, ցանկում նշվում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանի և նրա ընտանիքի հետ փոխկապակցված իրավաբանական անձանց անունով հաշվառված համարանիշեր՝ 006OO06, 006LO06, 006SS06, 600OO06, 06LS006, 06LO600։ Այսպիսի համարանիշների գինը տատանվում է 1,5-3 մլն դրամի (3,7-7,5 հազ. դոլար) սահմաններում։ Պարզ, է որ 7,5 հազ. դոլար արժողությամբ համարանիշով ավտոմեքենան հազիվ թե չշահագործվի կամ մշտապես կայանված լինի ավտոտնակում։ Ցանկում հայտնվել են նաև Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ընտանիքի, գործարար Միխայիլ Բաղդասարովի հետ փոխկապակցված ընկերությունների ավտոմեքենաները։
Ոստիկանությունում որոշել են ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար չտուգանել 8 մլն դրամ (մոտ 10 հազ. դոլար) արժողությամբ համարանիշերով՝ 333PP33, 77OO222, 11SS222, 77UU111, 555SS55, 555PP55, 66UU666, 888OO88, 11LL999, 999SS22 ավտոմեքենաների սեփականատերերին։
Ուշագրավ է, որ Ոստիկանության ցանկում հայտնվել է Ազգային ժողովի աշխատակազմին ամրագրված 009OO01 համարանիշը, որը ամենայն հավանականությամբ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի ծառայողական մեքենայինն է։ Ցանկում առկա է ԱԺ-ի մեկ համարանիշ ևս՝ 003ՕՕ10։
Չեն տուգանվելու նաև Պետական պահպանության ծառայությանն ամրագրված մեքենաները՝ 114UU01 և 141UU01 համարանիշներով։ Ցանկում առկա են նաև Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, Պետական եկամուտների կոմիտեի, արդարադատության նախարարությանն ամրագրված հատուկ համարանիշեր։
Փաստացի, ոստիկանությունը չի համարձակվում ԱՊՊԱ պայմանագրեր չունենալու համար յուրաքանչյուր 10 օրվա համար 5 հազ. դրամով տուգանել ավտոմեքենաների սեփականատերերին, որոնք «գոլդ» համարանիշերի համար վճարել են 4-10 հազ. դոլար, ինչպես նաև «արտոնյալ» պաշտոնյաներին, որոնց ծառայողական մեքենաները վերջին երեք տարիների ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պայմանագրեր, բայց շահագործվել են՝ խախտելով օրենքը։
Civilnet











