Իրանի Թավրիզ քաղաքում գրանցված SandbadTir INTL Transport Co.LTD ընկերությունը 2013թ. հոկտեմբերի 19-ին Երևանի Շենգավիթի դատարան դիմում էր ներկայացրել, որով պահանջում էր սնանկ ճանաչել Հայաստանի քիմիական հսկա «Նաիրիտ գործարանը»։ Իրանական ընկերությունը պնդում էր, որ «Նաիրիտ գործարանը» իր հանդեպ ունի մոտ 27 հազ. դոլարի վճարային պարտավորություն։ Իրանական ընկերությունը մտափոխվել է և հրաժարվել իր հայցից:
Ապրիլի 26-ին դատական նիստին սնանկացման գործի վարույթը կարճվել է, քանի որ իրանական ընկերության ներկայացուցիչը դիմում է ներկայացրել դատարան՝ հրաժարվելով սնանկության դիմումի պահանջից և խնդրել է գործի վարույթը կարճել:
Ուշագրավ է, որ «Նաիրիտ գործարանը» սնանկ ճանաչելու հարցը իրանական ընկերությունը ներկայացրել է այն պատկերին, երբ հայտարարվում էր, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը Հայաստանում կառուցելու է կաուչուկի արտադրության նոր գործարան։ 2013թ. դեկտեմբերին Երևանում «Ռոսնեֆտ», «ՊԻՐԵԼԼԻ Թայր Ռուսաստան» և «Ռոսնեֆտ-Հայաստան» ընկերությունները ստորագրեցին Հայաստանում բութադիենստիրոլային կաուչուկի արտադրության նպատակով համատեղ ձեռնարկություն ստեղծելու մասին փոխըմբռնման հուշագիր։ Հաշվի առնելով «Ռոսնեֆտի» հետաքրքրությունը «Նաիրիտի» նկատմամբ, ենթադրվում է, որ գործարանը պետք է ստեղծվի հենց քիմիական հսկայի հենքի վրա։ Այդ գործընթացում ամենայն հավանականությամբ որոշվել է կիրառել նախկին սխեման ՝ «Նաիրիտը» տանել սնանկացման, դուրս գրել նրա պարտքերը, իսկ տեխնոլոգիական հզորությունները վաճառել «Ռոսնեֆտին»։
Civilnet











