Գլխավոր Լրահոս

Քաղաքացու կապիտուլյացիան

Հայաստանում քիչ չեն մարդիկ, որոնք համառորեն չեն ուզում քաղաքացի լինել: Այդպիսի քաղաքացիներ կան, օրինակ, Բուզանդ փողոցի բնակիչների մեջ: Նրանք այսօր առավոտյան նախագահական առանձնատան մոտ «արժանացել» են Սերժ Սարգսյանի տեսությանը, որն առանց ամաչելու ցույց է տվել նրանց խնդիրների հանդեպ իր անտեղյակությունը: Եվ ինչպե՞ս են բնակիչները շարունակել զրույցը: «Ընդունեք մեզ ոչ թե որպես նախագահ, այլ` բնակիչը բնակչին, առանց այն էլ սակավաթիվ ենք: Ընդունեք առանց լրագրողների, առանց իրավաբանների»:  

Նախ Սերժ Սարգսյանն իրավունք չունի Հայաստանում որևէ մեկին ընդունել որպես բնակիչ, նույնիսկ որպես քաղաքացի իրավունք չունի ընդունել, նա նախագահի պաշտոն է զբաղեցնում, այսինքն, մարդ է, որին, համենայնդեպս, ընտրությունների պաշտոնական արդյունքներով, ՀՀ քաղաքացիները լիազորել են ասել, խոսել իրենց անունից, հարկ եղած դեպքում նաև` լսել: Երբ նրան առաջարկում եք ձեզ ընդունել, որպես բնակիչը բնակչին, անմիջապես հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ Վարդենիսի փողոցներից մեկի բնակելի շենքի բնակիչների տան մոտ չեք բողոքում: Կասեք, որ իրենց գործը չէ: Ճիշտ է, բայց նրանք էլ են բնակիչ, դուք էլ: Նրանք նախագահի պաշտոն չեն կեղծել, հետևաբար բռնությամբ ձեզնից չեն վերցրել ձեր անունից խոսելու իրավունքը, ձեր խնդիրներով «տապակվելու» հոգսը: Եթե դուք Սերժ Սարգսյանի դուռն եք գնացել` որպես վերջին հույսի մարդու` իմանալով, որ նրան ՀՀ մեծամասնությունը չի լիազորել լինել ՀՀ նախագահ, և ուզում եք խոսել ինչպես բնակիչը բնակչի հետ, դուք իրավունք չունեք ձեր խնդիրների լուծումն ակնկալել նրանից, որովհետև դուք արդեն կարդացիք ձեր հոգսերի դատավճիռը: Բնակիչը պարտավոր չէ լուծել մեկ այլ բնակչի խնդիրը առանց բարի կամքի: Բարի կամքը մի բան է, որի համար Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը ոչ մի հոդված չեն նախատեսել: Եթե դուք ակնկալում եք Սերժ Սարգսյանի բարի կամքը, նա արդեն արեց առավելագույնը, իր կորտեժը կանգնեցրեց ձեզ կես ականջ լսելու համար:

Սա դեռ ամբողջը չէ: Դուք չեք ուզում, որ լրագրողները ներկա լինեն ձեր հանդիպմանը: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չէր ուզում լրագրողների ներկայությունն այդ մարդու մոտ գնալու ժամանակ: Արդյունքում մինչև հիմա ոչ ոք չգիտի` թե ինչպես «ամենաբադասխանատու» թեկնածուն համաձայնվեց կիսատ թողնել ընտրությունների արդյունքները չեղյալ համարելու գործը: Մի´ խուսափեք լրագրողներից, ընկերներ: Լրագրողները չլինեին, Սերժ Սարգսյանը ոչ միայն չէր կանգնի, այլև ձեզ թույլ չէին տա ձեր բնակարանից դուրս գալ: Մերժելով լրագրողների ներկայությունը, դուք ըստ էության հանցանք եք գործել քաղաքացիականության` որպես այս երկրի ինստիտուցիոնալ կառույցի դեմ: Դուք` Բուզանդի կանայք, Սերժ Սարգսյանին առաջարկել եք «ախպերավարի» նստել և խոսել: Ինքը կարող է ձեզ ընդունել առանց լրագրողների, բայց դա իր պայմանը պետք է լինի, ոչ թե ձեր: Եվ դուք էլ պետք է մերժեիք նրա այդ նախապայմանը, որովհետև, դուք նրան չգիտեք, չեք կարող վստահ լինել, որ նա կպահպանի ձեր հետ ունեցած բոլոր պայմանավորվածությունները:

Երբ ասում եմ, որ դուք քաղաքացի չեք դառնում, հենց դա նկատի ունեմ, «առանց լրագրողների» արտահայտությունը նշանակում է, որ դուք ձախ պայմանավորվածություններ եք ուզում: Պիտի որ տեղյակ լինեք, որ ընտրությունների կեղծարարները առաջինը հարձակվում են իրենց կեղծիքներն արձանագրած լրատվամիջոցների վրա: Երբ դուք Սերժ Սարգսյանին առաջարկում եք առանց լրագրողների հանդիպում, դուք համաձայն եք կեղծարարների այսուհետև ևս այդպիսին լինելու պատրաստակամության հետ: Որովհետև որպես քաղաքացի փաստեցիք` պարոն նախագահ, ընդունեք մեզ առանց լրագրողների: Ներողություն, իսկ ովքե՞ր են ձեր խնդիրները թեժ պահել մինչև հիմա: Եվ մինչև հիմա ձեզ չընդունած Սերժ Սարգսյանը ինչո՞ւ հանկարծ որոշեց լինել «ազգի հայր»: Որովհետև լրագրողներ է տեսել ձեր մեջ և որոշել է շատ արհամարհաբար չվարվել իր դուռը հասած մի քանի տասնյակ կանանց հանդեպ: Սերժ Սարգսյանի` ձեզ լսելու մեջ ավելի շատ քաղաքացիություն կա, քան խնդիրների ձեր ներկայացման ձևի: Բայց դուք նրան «ընդունեք մեզ առանց լրագրողների, առանց իրավաբանների» ձևակերպմամբ տիրոջ քարտ բլանշ եք տվել, դուք ձեր հանդեպ նրա իրավունքը դարձրել եք ողորմածություն ձեր նկատմամբ: Դուք նախագահի առանձնատուն եք հասել ձեր կողքին չունենալով որևէ իրավաբան, որը ձեզ կսովորեցներ բողոքել որպես քաղաքացի, որը տարբեր ատյաններում ձեր կրած պարտություններից կձուլեր ձեր հաղթանակը: Բայց դուք գնացիք նախագահական առանձնատուն ու ստորագրեցիք քաղաքացու կապիտուլացիան:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում