Գլխավոր Լրահոս

Կենսաթոշակային կուտակումները պարտադիր կմնան պետության համար

Կենսաթոշակային կուտակումները պարտադիր կմնան պետության համար

Ազգային ժողովում քննարկվում է կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած փաթեթը։

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության առաջարկած փաթեթը, ըստ որի աշխատակիցները հնարավորություն կունենան հրաժարվել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին մասնակցությունից։ Սակայն սա չի խանգարի, որ նրանց անհատական հաշիվներում լինեն կենսաթոշակային կուտակումներ՝ ամսական բազային եկամտի 5%-ի չափով, որը կփոխանցվի պետբյուջեից։

Ազգային ժողովը մայիսի 13-ի արտահերթ նիստում առաջին ընթերցման ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը։ Մայիսի 14-ին երկրորդ ընթերցմամբ նույն տեսքն ընդունելու դեպքում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դե ֆակտո կվերածվի պարտադիր-կամավորի։

Օրինագիծն այլևս պատասխանատվություն չի նախատեսում կուտակային վճարներ չկատարելու համար. Սահմանադրական դատարանը ապրիլին անվավեր էր ճանաչել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 76-րդ հոդվածը (Պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար)։ Ընդ որում, պատասխանատվությունից ազատվում են նաև մինչև այժմ պարտադիր կուտակային վճարը չկատարած կամ ուշացումով կատարած անձինք։

ԱԺ-ում քննարկվող օրինագծում ուշագրավն այն է, որ փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո աշխատակիցները հնարավորություն կունենա հրաժարվել պարտադիր կուտակային համակարգին մասնակցությունից։ Վարձու աշխատողի համար (անունից) կուտակային վճարներ չեն հաշվարկվի և չեն փոխանցվի, եթե համակարգի մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնի դիմում՝ պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին։ Սակայն այս դեպքում անգամ պետությունը կշարունակի կուտակային վճարներ կատարելու իր պարտավորությունը։ «Բյուջեից վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարները (աշխատակցի ամսական բազային եկամտի 5%-ի չափով, բայց ոչ ավել քան 25 հազ. դրամ) մասնակիցների ռեեստրը վարողին են փոխանցվելու անկախ մասնակիցների կուտակային վճարները հաշվարկելու և փոխանցելու հանգամանքից, եթե գործատուն կատարում է եկամտային հարկի պարտավորությունը և ներկայացնում է համապատասխան անձնավորված հաշվարկը»,- նշվում է օրինագծում։

Ստացվում է, որ օրենսդրորեն պարտադիր կուտակային համակարգը դառնում է կամավոր՝ մասնակցությունն այս համակարգին թողնվում է աշխատակիցների հայեցողությանը։ Մյուս կողմից՝ պետական համակարգի ու չի բացառվում՝ մի շարք ընկերությունների համար կուտակային համակարգը կշարունակի մնալ «պարտադիր»՝ վարչական լծակների շնորհիվ։

Համակարգին չմասնակցողների օգտին պետբյուջեից փոխանցումների կատարումը, ամենայն հավանականությամբ, կատարվում է պարտադիր կուտակային ֆոնդերի կառավարիչներին Հայաստանում պահելու նպատակով։ Պարզ է, որ Սահմանադրական դատարանի ապրիլի 2-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք դրույթները հակասահմանադրական ճանաչելն ու համակարգի շուրջ ստեղծված անորոշությունները կասկածի տակ էին դրել ֆոնդերի կառավարիչ երկու՝ «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ընկերությունների Հայաստանում հետագա գործունեության նպատակահարմարությունը։

Ազգային ժողովի կողմից օրինագծի հաստատումից հետո ընթացիկ տարում հնարավոր կլինի ապահովել առնվազն 20,68 մլրդ դրամի (պետբյուջեից համակարգին փոխանցվող) պարտադիր կուտակային միջոցներ։ Բայց եթե հաշվի առնենք վարչական լծակների գործոնը, պարտադիր կուտակային գումարների ծավալը կարող է հասնել մինչև 40 մլրդ դրամի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում