Կենտրոնական բանկը շարունակում է մեղմացնել դրամավարկային քաղաքականությունը. 2014թ. մայիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 7,25%: ԿԲ-ն կարծում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում դեռևս պահպանվում են անորոշությունները:
ԿԲ հաղորդագրության համաձայն` 2014թ. ապրիլին արձանագրվել է 0,5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0,1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4,4%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում՝ պայմանավորված 2013թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ:
ԿԲ խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում դեռևս պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:
«2014թ. անցած ժամանակահատվածում շարունակվել են տնտեսական ցածր աճի միտումները՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման դանդաղ տեմպերով և արդյունաբերության ճյուղի ներկա զարգացումներով: Չնայած մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը և 2014թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը, այնուամենայնիվ, դա բավարար չէ՝ չեզոքացնելու 12-ամսյա գնաճի՝ իր նպատակային մակարդակից առաջացած շեղումը: Ստեղծված իրավիճակում ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արդյունքում միջնաժամկետ հատվածում նպաստավոր պայմաններ ստեղծելով տնտեսության աշխուժացման և նպատակային գնաճի ձեռքբերման համար»,- ասված է ԿԲ հաղորդագրությունում:
Միաժամանակ` ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով` հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:
Civilnet











