Գլխավոր Լրահոս

Կոնչիտան «լռեցրեց» այս լայնարձակ աշխարհը

Կոնչիտան «լռեցրեց»  այս լայնարձակ աշխարհը

Ես ֆրանսիացի եմ, Եվրատեսիլին հետևում էի Հայաստանում, որը վերջին մի քանի ամսվա ընթացքում իմ տունն է դարձել: Ինձ զարմացրեց Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ի՝ «Դու միայնակ չես» սեր քարոզող երգի ու բազմազանության հարցի վերաբերյալ նրա հրապարակային դիրքորոշման անհամապատասխանությունը:  Մի հարցազրույցում նա պնդեց, որ Կոնչիտայի ներկայությունը Եվրատեսիլին «ոչ նորմալ է, ոչ էլ տեղին» և հույս հայտնեց, որ «Կոպենհագենը կօգնի նրան որոշել՝ արդյո՞ք ինքը տղամարդ է, թե՞ կին»:

«Մարդ արարածն առեղծված է, որին հանդիպելը մեզ մշտարթուն է պահում»,- ասել է ֆրանսիացի փիլիսոփա Լևինասը: Եվրատեսիլի հաղթող Կոնչիտայի առեղծվածը զրկում է խոսելու կարողությունից և մարտահրավեր նետում մտքին: Թոմաս, Թոմ Նոյվիրտը, կամ Կոնչիտա Վուրստը, որը նրա բեմական կեղծանունն է, դարձավ իր երգի տեքստի մարմնացումը․ նա դեպի երկինք սլացավ, չնայած ամբողջ բեռին ու ճնշումներին, թռավ՝ հայտարարելով․ «Դուք գիտեք, որ ես վեր կհառնեմ, ինչպես փյունիկ»:

Եվ նրա օգտին քվեարկող միլիոնավոր եվրոպացիները համաձայնեցին նրա հետ: Ինչպես կարող ենք անտարբեր մնալ կրակե թռչունի սուր ճիչին, որը մի պահ լռեցնում է ատելության քարոզը: Ի վերջո՝ արդյո՞ք մերժման խոսքերը, որոնք ժխտում են այլոց մարդկայնությունը,  ի վերջո չեն վերացնում այն մարդկանց մարդկայնությունը, որոնք արտաբերում են դրանք:

Ֆրանսիացի բժիշկ և բանաստեղծ Վիկտոր Սեգալենն ասել է, որ մենք պետք է զարգացնենք բազմակարծության էսթետիկա, բազմազանության էսթետիկա, քանի որ տարբերության միջոցով է կյանքը փառաբանվում: Կոնչիտան երգում է, գոռում ու քնքշորեն ժպտում մեզ իր ինքնության մասին. խառնված, հատված, փոխակերպված, անդադար շարժման մեջ, ինչպես շիկացած հրդեհի կրակե լեզուն: Փյունիկ կրակից ոսկե թևերով, անխորտակելի՝ ամբողջական ու անկեղծ լինելու պատճառով:  

Իհարկե, սա ընդամենը երգ է՝ հմտորեն ներկայացված մրցույթին: Ոչ մի սարսափելի կարևոր բան: Խոսքը նոր քաղաքական կարգի պատմական հաղթանակի և սոցիալական արդարության հաղթանակի մասին չէ: Բայց, ինչպես երգերը պատմության մեջ, որ մղեցին տղամարդկանց և կանանց՝ բռնելու դիմադրության, պայքարի ու եռանդի ճանապարհը, ինչպես երգերը, որ մենք լսում ենք գիշերվա մթության մեջ՝ մեղմելու մեր ցավը, ինչպես մեղեդիները, որ ուղեկցում են մեր արթնացումը լուսաբացի առաջին շողերի հետ, «Rise like a Phoenix» երգը կրում է անկեղծություն, հույս ու շարժում: Առերեսվելով անգործությանը՝ շարժումն ընտրելը հիշեցնում է մարդ արարածի բարդ լինելու իրողությունը, բարդություն, որը մեզ դարձնում է գեղեցիկ և տարբեր, սակայն նման՝ մեր գեղեցկության մեջ:  

Ճնշումներ, ամենօրյա խտրականություն՝ հաճախ բռնի, ծակում են մարմինն ու սպիներ թողնում․ ահա թե ինչի մասին է մեզ պատմում Կոնչիտան: Այդ սպիներից է վեր հառնում նա և երգում իր պատմությունը, և դրա միջոցով նաև հազարավոր այլոց պատմությունները՝ հակադրելով բազմազանության կերպարը պարտադրված նորմալությանը: Իհարկե՝ ԼԳԲՏ համայնքի ոչ բոլոր անդամներն են համամիտ Կոնչիտայի հետ, ոմանք քննադատում են նրա ինքնարտահայտման ձևը՝ մորուքը, շրթներկը և ստվերաներկը հատում են այսպես կոչված տղամարդ/կին ինքնության սահմանները: «Իմ մորուքը ապացույցն է այն բանի, որ հնարավոր է հասնել ամեն ինչի՝ անկախ քո ով լինելուց և տեսքից»,- ասում է նա: Կոնչիտան չի հավակնում ներկայացնել որևէ մեկին, այլ երգում է և դրա միջոցով իրականացնում իր երազանքը, քանի որ կերպարից զատ Կոնչիտան համարվում է Ավստրիայի լավագույն ձայներից մեկը:

Նրա բառերը ոչ թե կոչ են վրիժառության, այլ ճանաչման: «Այսօր ես ուզում եմ հրահրել»,-ասաց նա, գուցե ենթադրելով քաղաքական դիրքորոշում, գոյատևման և իր գոյության հաստատման դիրքորոշում:

Արամ MP3-ն, չնայած իր ժխտողական խոսքերին, համաձայնեց հանդիպել Կոնչիտայի հետ Եվրատեսիլից քիչ առաջ  և նույնիսկ ողջագուրվեց նրա հետ: Արդյո՞ք դա իրական ներողություն էր, թե՞ ուղղակի տեսախցիկների համար՝ կապ չունի: Կարևորն այստեղ այն է, որ, ըստ հայերի քվեարկության, Ավստրիան ստացած ձայների քանակով երկրորդ տեղում էր, ի նշան այն բանի, որ հանդիպելով նման ապշեցուցիչ պարադոքսի հետ,  տեսակետները կարող են մեղմանալ և զարգանալ:

Կարևորն այստեղ ոչ թե ինչ-որ մեկին իդեալականացնելն է, այլ ճանաչելը նրա քաջությունն ու մարդկայնությունը: Ի վերջո՝ Կոնչիտայի ուղերձը բարդ չէ, և, հավանաբար, այն բոլորն են կիսում. «Այս երեկոն նվիրված է բոլորին, ովքեր հավատում են խաղաղության և ազատության ապագային»:

Կոնչիտա Վուրստը երգեց անցած երեկո, և նրա երգի գեղեցկության առջև, ինչպես ֆրանսիացի բանաստեղծ Ապոլիներն է ասել, «լռեց այս լայնարձակ աշխարհը»:

Գիյոմ Նուար դե Շազուրն

Հոդվածի բնօրինակը կարդացեք այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում