Գլխավոր Լրահոս

Հայոց ցեղասպանության հարցը` Կնեսետում

Հայոց ցեղասպանության հարցը` Կնեսետում
Իսրայելի խորհրդարանը` Կնեսետը, մայիսի 13-ին Հայոց ցեղասպանության քննարկմանը նվիրված լիագումար հատուկ նիստ է գումարել: Կնեսետի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` հարցը օրակարգ էր ներկայացրել «Մերեց» կուսակցության պատգամավոր Զահավա Գալ-Օնը, որը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Օսմանյան Թուրքիայում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը` մինչև ողբերգության 100-ամյա տարելիցը: Նիստի ընթացքում Կնեսետի խոսնակ Յուլի-Յոյել Էդելշտեյնը հայտնել է, որ երբ ինքը նախարար էր, ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում: Հաղորդագրության համաձայն` Էդելշտեյնը հայտարարել է, որ Կնեսետի այս քննարկումը չի մեղադրում ժամանակակից որևէ երկրի, այլ ավելի շուտ ցույց է տալիս, որ «նրանք իրենց նույնականացնում են կոտորածի զոհերի հետ և գիտակցում դրա սարսափելի հետևանքները»: «Մենք չենք մեղադրում: Մենք գործում ենք որպես հրեաներ և հավատարիմ ենք ճշմարտությանն ու այլ ժողովրդի տառապանքին: Մենք չենք կարող հերքել պատմությունը և անտեսել մարդկային արժեքները դիվանագիտական և քաղաքական զգուշությունից ելնելով»,- հավելել է Կնեսետի խոսնակը: Զահավա Գալ-Օնն էլ հայտարարել է, որ «հաջորդ տարի աշխարհը նշելու է կոտորածի 100-ամյա տարելիցը և ժամանակն է, որ Իսրայելի կառավարությունը ճանաչի հայ ժողովրդի կոտորածը»: «Որպես Հոլոքոստը վերապրած ազգ՝ մենք չենք կարող շարունակել Հայոց ցեղասպանության անտեսումը»,- հավելել է պատգամավորը: Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին է հանդես եկել նաև «Լիկուդ-Իսրայել Բեյթենյու» խմբակցությունից Ռյովեն Ռիվլինը, իսկ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանի անունից հանդես եկած զբոսաշրջության նախարար, «Լիկուդ-Իսրայել Բեյթենյու» խմբակցության պատգամավոր Յուզի Լանդաուն ասել է, որ  իրենք՝ որպես հրեաներ և իսրայելցիներ, «առանձնահատուկ զգայունություն և նույնիսկ բարոյական պարտավորություն ունեն ճանաչելու մարդկային ողբերգությունները, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությունը»: «Լավ է, որ Կնեսետը հիշատակում է այս ողբերգությունները: Իսրայելի պետությունը երբեք չի հերքել տեղի ունեցածը»,- հայտարարել է Իսրայելի զբոսաշրջության նախարարը: Հայոց ցեղասպանության հարցը տարբեր տարիների հայտնվել է Կնեսետի օրակարգում: Հարցը հիմնականում տեղափոխվել է խորհրդարանի պաշտպանության և արտաքին հարաբերությունների հանձնաժողով, և շարունակություն չի գտել։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի արձագանքը վերոնշյալ քննարկմանը` այստեղ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում