Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի (ԵՄ ՀՆԳ) միջոցով Հայաստանը 15 մլն եվրո դրամաշնորհ կստանա:
ՀՀ ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` մայիսի 14-ին նախարարությունում ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը: Այն ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, տարածքային կառավարման նախագահ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան, ինչպես նաև Վերականգնման վարկերի բանկի (KFW) համայնքային ենթակառուցվածքների բաժնի պետ Առնե Գուսը և KFW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանը:
Ծրագրի ընդհանուր արժեքը 73 մլն եվրո է, այդ թվում` 30 մլն եվրո վարկ` KFW բանկից, 2,5 մլն եվրո դրամաշնորհ` KFW-ից, 25,5 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և 15 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ ՀՆԳ-ից: Վերջինս տրամադրվում է KFW-ի միջոցով: Դրամաշնորհային միջոցներից 10 մլն եվրոն կօգտագործվի գյուղերում խմելու ջրի մատակարարման և ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով, 2 մլն եվրոն կուղղվի Արմավիրում ոռոգման կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցմանը, իսկ 3 մլն եվրոն` չորս ջրային ընկերությունների հետ Կառավարման պայմանագրի վճարմանը: Այդ ընկերություններն են` «Հայջրմուղկոյուղին», «Լոռի-ջրմուղկոյուղին», «Շիրակ-ջրմուղկոյուղին», «Նոր ակունքը»:
Civilnet











