Գլխավոր Լրահոս

Արտագաղթելու մուննաթը

Նախկինում Հայաստանի քաղաքացին այնքան սահուն էր արտագաղթում։ Այսօր նա արտագաղթում է մուննաթով։ Նախկինում նա նույնիսկ իր խուճապն էր լռությամբ տանում։ Այսօր նախ պաշտոնական հայտարարությամբ է հանդես գալիս, հետո հավաքում է իրերը։ Արտագաղթելու սպառնալիքը դարձել է հարցեր լուծելու հրավեր՝ չլուծեցիր, վեշերս հավաքելու եմ, գնամ։ Սերժ Սարգսյանի առանձնատան դեմ բողոքող քաղաքացին բղավում է՝ կա՛մ հարցերս լուծեք, կա՛մ բաց թողեք, գնամ որևէ դեսպանատնից ապաստան խնդրեմ։

Ոչ մի կասկած, որ Հայաստանի Հանրապետությունն իր քաղաքացուն վստահություն չի ներշնչում, քաղաքացին չի կարողանում իշխանություն ձևավորել, կոռումպացված մեկի ձեռքը բռնել։ Դիցուք, Վերահսկիչ պալատն օֆշորային նոր սկանդալ է նետել ասպարեզ ֆինանսների նախկին նախարարի կամ նախարարության մասնակցությամբ, բայց ո՛չ ԱԱԾ-ից է ծպտուն լսվում, ո՛չ ՀՔԾ-ից, ո՛չ էլ դատախազությունից։ Ոչ թե չեն ուզում նախկին պաշտոնյայի վրա գործ սարքեն, այլ ցույց են տալիս, որ անպատժելիության երաշխավոր են։ Սա հասկանալի է, Գորիկ Հակոբյանի կամ Գևորգ Կոստանյանի փոխարեն ես էլ նույնը կանեի, եթե լինեի այս համակարգի ներկայացուցիչ։ Բայց խնդիրն այն է, որ քաղաքացին է վերածվել համակարգի ներկայացուցչի: Նա, այսպես ասած, կուտը կերել է։ Ինքը իշխանությունից պատասխան չի պահանջում, քիչ չէ, դեռ սպառնում է, որ «վեշերը» հավաքելու է, գնա։

Թվում է, թե կարելի է հասկանալ քաղաքացուն՝ ո՞վ կարող է երկիր հոշոտող այս իշխանության բկից բռնել։ Եվ քանի որ չի կարող բռնել, հո այս իշխանության գերի՞ն չէ, թողնում, գնում է։ Սա հասկացանք։ Հասկացանք նաև, որ անաղմուկ հեռանալը բողոքի ձև չէ։ Մարդիկ հեռանալուց առաջ աղմկում են, ինչպես ուրիշներն են ինքնասպանություն գործելուց առաջ գրություն թողնում։ Այսինքն, «քաղաքական» քայլ են կատարում, ոչ մեկի մոտ հարցեր չպետք է մնա, մարդիկ պետք է իմանան, թե ինչու է սիրած տղային կորցրած աղջիկն ինքնասպանություն գործում, պետք է իմանան, թե ինչու է իր բնակարանը դատական երեք ատյաններում տանուլ տված ընտանիքը մնացած իրերը հավաքում ու գնում։

Հեռացողների պարագան հասկանալի է՝ նրանք սպառնացին և իրենց սպառնալիքն իրականացրեցին՝ մեզ թողնելով արտագաղթի քարոզչությունը։ Սակայն արտագաղթի քարոզչությունն ամբողջական չի լինի, եթե հեռավոր ափեր հասաած քաղաքացին Skype-ով չպատմի, թե ինչքան է փոխվել իր կյանքը, իսկ այստեղ մնացած քաղաքացին էլ ամեն անարդարության հանդիպելով՝ փողոց դուրս չգա ու չասի, որ էսօր-էգուց արտագաղթում եմ։ Հայաստանի Հանրապետությունը դարձել է արտագաղթելու մուննաթ։

Ո՞րն է արտագաղթելու մուննաթի և հնազանդ քաղաքացիության տարբերությունը՝ ոչ մի, եթե նրանց մեջ պետություն չկա։ Հնազանդությունը լավ է տարածության մեջ, երբ ուրիշի իշխանության գերին չես։ Որովհետև հնազանդությունը դառնում է քո ընտրությունը պետության մեջ քաղաքացի լինելու։ Երբ պետությունը հանում ես, բայց ուզում ես քաղաքացի լինել, ծնվում է արտագաղթը։

Հնազանդ արտագաղթելու ժամանակներ մենք ունենցել ենք արցախյան ազատամարտի տարիներին։ Սակայն հատկապես վերջին տարիներին Հայաստան մտավ խուճապով արտագաղթելու համաճարակը։ Խուճապն ինքը համաճարակ է, երբ ոչ ոք ինքնուրույն չէ, երբ բոլորն առաջնորդվում են ոչ թե ներաշխարհով, այլ ուրիշի աչքերով։ Փոքրիկ երեխայի սարսափը բազմապատկվում է, երբ նա նույնը տեսնում է ծնողների աչքերի մեջ։ Մենք այդ սարսափը մեզանից մեծերի աչքերի մեջ չենք տեսել արցախյան ազատամարտի տարիներին, այսօր այդ սարսափն ստեղծում ենք ինչ-որ իշխանիկի քմահաճույքից։ Այդ սարսափը տեսանելի է եղել 1915-ի զոհերին։ Երբ ընդդիմադիրներն ասում են, որ Հայաստանում սպիտակ եղեռն է տեղի ունենում, հավանաբար հենց դա նկատի ունեն, որ ներսում փրկություն չկա, եթե «անգլիական նավերը մեր լեռներ չհասնեն»։

Ի վերջո, ի՞նչ է արտագաղթելու մուննաթը՝ դա քաղաքացի չլինելու խոստովանությունն է, պետություն չունենալու դեկլարացիան։ Արտագաղթելու մուննաթը արցախյան ազատամարտի հակապատկերն է, այսինքն, այն իրավիճակը, երբ թշնամին եկել է, ու քեզ համար միևնույն է, թե ինչ շարունակություն է ունենալու դա։ Արտագաղթելու մուննաթը բացարձակապես զգաստացնող սպառնալիք չէ, այլապես իշխանությունը կաշխատեր և կարարեր, ոչ թե Եվրատեսիլի օրերին կհրապարակեր արտագաղթի իրական տվյալները, որպեսզի մենք մխիթարվենք, թե ինչքան հայեր ունենք դրսում, որոնք կնպաստեն Արամ MP3-ի հաղթանակին։ Դուք, ի վերջո, Եվրատեսիլի մսացուն եք, հայրենակիցնե՛ր, այս իշխանությունների և Հ1-ի համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում