Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ուղղվելիս, 14-ը մայիսի, Երևան։
Կառավարության և գործարարների մայիսի 14-ի հանդիպմանը ձեռքբերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ ստվերի կրճատման և հավասար մրցակցային դաշտում գործունեության ծավալելու խնդիրը ամենևին էլ բյուջեի եկամուտների ավելացման մեջ չէ. դա կարող է որպես հետևանք լինել։ Նման կարծիք մայիսի 15-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։
«Խնդրի լուծումն ավելի շատ ուղղված է երկրում սպառման դաշտի ավելացմանը, այսինքն եկամուտների վերաբաշխման հարցը լուծելն է։ Երբ գնում է եկամուտների կենտրոնացում, դա տնտեսության համար բավական բացասական երևույթ է, իսկ եկամուտների վերաբաշխումը տնտեսության զարգացման հիմքերից է»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ նոր իրավատնտեսական հարաբերություններում պետք է հետապնդել մեկ նպատակ, որ հետագայում եկամուտների վերաբաշխումը լինի ավելի ընդլայնված։
Հարցին, թե հաշվի առնելով այն, որ վարչապետը գործարարներին առաջարկել է մինչև հուլիսի 1-ը ինքնակամ դուրս գալ ստվերից և աշխատել հավասար մրցակցային դաշտում, հնարավոր է արդյոք երկու ամսից շաքարավազի շուկայում ևս մեկ խաղորդ ունենալ, Ճշմարիտյանը պատասխանեց՝ չեմ բացառում։
Նշենք, որ ըստ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Հայաստանի շաքարավազի շուկայի ավելի քան 99%-ը բաժին է ընկնում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված «Լուս աստղ շուգր» ընկերությանը։
Civilnet











