Կառավարությունը մայիսի 15-ի նիստում թույլատրել է Վանաձորի «Գլորիա» գլխամասային ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից ՀՀ ներմուծված և չվերարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում՝ վերամշակման համար» մաքսային ռեժիմը երկարաձգել մինչև 2015թ. փետրվարի 6-ը:
Կառավարության հաղորդագրության համաձայն` ընկերությունը զբաղվում է հագուստի արտադրությամբ և համագործակցում է իտալական, գերմանական և ռուսական ձեռնարկությունների հետ: Ներկայում ֆաբրիկայում աշխատում է 850 մարդ: «Գլորիան» 2013թ. պայմանագիր է կնքել Ռուսաստանի կարի ֆաբրիկաներից մեկի հետ և ներմուծել հումք և օժանդակ նյութեր: Ընկերությունը պետք է մեկ տարվա ընթացքում պատվիրատուին առաքեր պատրաստի արտադրանքը, սակայն վերջինիս կողմից մոդելների վերջնական հաստատման ձգձգումը հնարավորություն չի տվել պատվերը կատարել սահմանված ժամկետում: Սա է պատճառը, որ անհրաժեշտություն է առաջացել վեց ամսով երկարաձգել մաքսային ռեժիմի ժամկետը:
Հաջորդ որոշմամբ` գործադիրը մինչև 2017թ. մայիսի 27-ը հետաձգել է «Մավաս գրուպ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը նախատեսում է Կոտայքի մարզում կառուցել 3 հա ջերմոցային տնտեսություն՝ այն հագեցնելով ժամանակակից սարքավորումներով և կատարելով շուրջ 1 մլրդ 250 մլն դրամի ներդրում` ստեղծելով մոտ 60 աշխատատեղ:
Կառավարության մեկ այլ որոշմամբ` մինչև 2017թ. հունիսի 1-ը հետաձգվել է «Գլաս ուորլդ քամփնի» ՓԲԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը: Ընկերությունը հիմնադրվել է 2004-ին՝ Արզնու բյուրեղապակու գործարանի հիմքի վրա: Երկու տարում ձեռնարկությունն ամբողջովին վերակառուցվել և վերազինվել է ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով և հոսքագծերով: Ընկերությունը նախատեսում է վերակառուցել վերարտադրման վառարանը՝ կատարելով 1,71 մլն դրամի ներդրում: Իրացվող արտադրանքի շուրջ կեսը նախատեսվում է արտահանել ԱՄՆ, Վրաստան և Բելառուս: Ծրագրի իրագործմամբ կստեղծվի մոտ 100 աշխատատեղ՝ 200 հազար դրամ միջին աշխատավարձով:
Նիստին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր նաև, որ կառավարությունը մինչև 2014թ. հուլիս ժամանակ է տալիս տնտեսվարողներին ստվերից ինքնուրույն դուրս գալու և հավասար մրցակցային դաշտում աշխատելու համար:
Civilnet











