2014թ. առաջին եռամսյակում խոշոր գնումներից հրաժարվել է տնային տնտեսությունների 73,3%-ը։
Սպառողները ձեռնպահ են մնում խոշոր գնումներ կատարելուց, ինչը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է ինչպես տնային տնտեսությունների, այնպես էլ ընդհանուր տնտեսության վիճակի վատթարացումով։ Տնային տնտեսությունների 69,2%-ը անցած մեկ տարվա ընթացքում տնտեսական վիճակի վատթարացում է արձանագրել, ևս 56,3%-ը կարծում է, որ առաջիկա տարում վիճակն էլ ավելի է բարդանալու։
Ըստ Կենտրոնական բանկի կողմից հրապարակվող «Սպառողների վստահության ցուցանիշի» (կազմվում է 1817 տնային տնտեսությունների շրջանում անցկացվող հարցումների հիման վրա)՝ 2014թ. առաջին եռամսյակում ավելացել է խոշոր գնումներ չկատարած տնային տնտեսությունների տեսակարար կշիռը՝ մինչև 73,3%, 2013թ. չորրորդ եռամսյակում այդ ցուցանիշը 70,8% էր։
Տարեսկզբին խոշոր գնումներից հրաժարվելուն զուգահեռ տնային տնտեսությունների շրջանում աճել են գալիք եռամսյակի համար նման գնումներ կատարելու ակնկալիքները։ Մյուս կողմից, շուրջ 8,1 տոկոսային կետով ավելացել է ընթացիկ եռամսյակում խոշոր գնումներ չկատարած ու ակնկալիքներ չունեցող տնային տնտեսությունների տեսակարար կշիռը։
Խոշոր գնումներ չկատարած և ապագայում գնումներ չկատարողների թվաքանակի ավելացումը կարող է պայմանավորված լինել տնային տնտեսությունների ֆինանսական վիճակի վատթարացումով։ Տնային տնտեսությունների ֆինանսական փաստացի վիճակը նկարագրող ցուցանիշն այս տարվա առաջին եռամսյակում շարունակել է նվազել՝ 2013թ. չորրորդ եռամսյակի համեմատ ևս 2 տոկոսային կետով։
Շարունակել է նվազել նաև ֆինանսական վիճակի բարելավում նկատած տնային տնտեսությունների տեսակարար կշիռը. առաջին եռամսյակում ֆինանսական վիճակի բարելավում է արձանագրել հարցվածների 2,6%-ը, այն դեպքում, երբ 2013թ. չորրորդ եռամսյակում այս ցուցանիշը 4,8% էր։ Գալիք եռամսյակում ֆինանսական վիճակի բարելավում ակնկալող տնային տնտեսությունների տեսակարար կշիռը կազմել է 17,1% (2014թ. չորորդ եռամսյակում այս ցուցանիշը 18,7% էր)։ Գալիք եռամսյակի համար հարցվածների կեսը ֆինանսական անփոփոխ վիճակ է սպասում։
Ի դեպ, առաջին եռամսյակում ֆինանսական վիճակի փաստացի վատթարացում արձանագրած տնային տեսություններն այս հանգամանքը մեծամասամբ պայմանավորել են գազի սակագնի աճով։
Ուշագրավ է, որ առաջին եռամսյակում հարցված տնային տնտեսությունների 69,2%-ի կարծիքով անցած մեկ տարվա ընթացքում տեղի է ունեցել տնտեսական վիճակի վատթարացում, ևս 56,3%-ը կարծում է, որ մեկ տարվա ընթացքում վիճակն էլ ավելի է բարդանալու։
Թեև Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2013թ. Հայաստանում տնտեսական աճը կազմել է 3,5%, սպառողները սա չեն զգացել։
Civilnet











