«Մաքսային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթը քաղաքացիների համար հեշտացնելու է էլեկտրոնային առևտուրը։
Ֆիզիկական անձանց ուղեկցող և միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով պատվիրված չմաքսազերծվող ապրանքների գնային շեմը նվազեցնելու Պետեկամուտների կոմիտեի փորձը Ազգային ժողովում հավանության չի արժանացել։ Ըստ ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված «Մաքսային օրենսգրքի» փոփոխությունների փաթեթի՝ քաղաքացիներն օրական կտրվածքով կկարողանան փոստային կամ սուրհանդակային ծառայություններով ու 0% մաքսատուրքով ներկրել 150 հազ. դրամի ապրանք։ Ներկայում սա հնարավոր է միայն 180 օրը մեկ։
Կառավարությունը ապրիլի 23-ի նիստում հավանություն էր տվել «Մաքսային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) ներկայացրած նախագծին, ըստ որի 180 օրվա կտրվածքով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռի վրա մաքսատուրք չի տարածվելու, եթե դրա ձեռքբերման արժեքը չի գերազանցում 100 հազ. դրամը, իսկ քաշը՝ 50 կգ-ը։ Չէին մաքսազերծվելու նաև ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային կամ սուրհանդակային առաքումներով պատվիրված ապրանքները, որոնց արժեքը 50 հազ. դրամից ավելի չէ։
Փաստացի, ՊԵԿ-ն առաջարկել էր նվազեցնել չմաքսազերծվող ապրանքների գնային շեմը։ Ներկայում ֆիզիկական անձանց 180 օրվա ընթացքում թույլատրվում է փոստային կամ սուրհանդակային ծառայություններով ու 0% մաքսատուրքով ներկրել մինչև 150 հազ. դրամ ընդհանուր արժեքով ապրանքներ. նույնքան գումար էլ սահմանված է ուղեկցող բեռի համար։
Այս շաբաթ Ազգային ժողովում քննարկվել և առաջին ընթերցմամբ ընդունվել է «Մաքսային օրենսգրքում» փոփոխությունների կատարելու կառավարության ներկայացրած նախագիծը։ Սակայն ԱԺ-ում ընդունված և ապրիլի 23-ին կառավարության կողմից հավանության արժանացած փոփոխությունների փաթեթները նույնը չեն։
ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակի համաձայն՝ ֆիզիկական անձանց ուղեկցող բեռի և փոստային կամ սուրհանդակային ծառայությունով ներկրված ապրանքների վրա 0% մաքսատուրք է կիրառվում, եթե դրանց արժեքը չի գերազանցում 150 հազ. դրամը՝ նույնքան, որքան ներկայում է։ Այսինք արժեքի առավելագույն շեմը թողնվում է նույնը։ Բայց եթե 0% մաքսատուրքը մինչ այս հաշվարկվում էր 180 օրվա կտրվածքով, ապա ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված տարբերակով ժամանակային սահմանափակումը վերացվում է։ Պարզ ասած, փոփոխություններն ընդունելուց հետո 150 հազ. դրամի շեմը փաստացի հաշվարկվելու է կա՛մ մեկ օրվա, կա՛մ էլ մեկ ապրանքի կտրվածքով։
Բացի այդ, ԱԺ-ում քննարկված փոփոխությունների փաթեթը ենթադրում է, որ փոստով կամ սուրհանդակային ծառայություններով ներկրված 150-300 հազ. դրամ արժեքով ապրանքների մաքսազերծումը կիրականացվի 2,5% մաքսատուրքով՝ ներկայիս 10%-ի փոխարեն։
Փաստացի, տեղի է ունենում ֆիզիկական անձանց էլեկտրոնային գնումները կարգավորող նորմերի մեղմում։
Գործադիրը, ըստ էության, վերջին 15 օրերի ընթացքում կտրուկ վերանայել է նախկին մոտեցումները։ Չի բացառվում, որ ապրիլի 23-ի նիստից հետո կառավարությունում հիշել են 2013թ. նոյեմբերի 7-ին ընդունած «Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային վարչարարության ռազմավարության 2013-2014 թթ. ծրագիրը», որը ֆիզիկական անձանց համար մաքսային վարչարարության պարզեցում էր նախատեսում։
Civilnet











