Գլխավոր Լրահոս

Կառավարության ծրագիրը չափելիների պակաս ունի

Կառավարության ծրագիրը չափելիների պակաս ունի

Կառավարության 2014-2017 թթ. գործունեության ծրագրի նախագիծը, որը հավանության է արժանացել կառավարության մայիսի 19-ի արտահերթ նիստին, առանձնապես չի տարբերվում նախորդ կառավարության ծրագրից։ Չնայած ծրագրում ամրագրված ցանկություններին, չափելիները քիչ են։ Ցանկացած ծրագիր պետք է ունենա ակնկալվող արդյունքներ։ Ծրագրի նախագծի արդյունքների բաժնում կառավարությանը նշել է ընդամենը երեք թիվ, այն դեպքում, երբ նախորդ կառավարության ծրագրում կար ինը թիվ։

«Հայաստանի կառավարության ծրագիրը մշակվել է` հիմք ընդունելով Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության, Հայաստանի նախագահի, Հայաստանի հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի, Հայաստանի կառավարության 2013թ. ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև խորհրդարանական կուսակցությունների ծրագրերում ներկայացվա` նշված փաստաթղթերի հետ համադրելի գաղափարները»,- այս տողերով է սկսվում ծրագիրը:

Ի տարբերություն նախորդ կառավարության ծրագրի՝ ներկայիս ծրագրում փոփոխվել են որոշակի շեշտադրումներ։ Մասնավորապես, նոր կառավարության ծրագրի նախագծից «անհետացել» է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Ծրագրի նախագծում միայն մեկ տեղ (Ֆինանսական միջնորդություն բաժնում) է նշվում կուտակային կենսաթոշակային համակարգի մասին. «Կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստելու է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժամկետ վարկային ռեսուրսների ստեղծմանը և ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հարցում ֆինանսական համակարգի դերի մեծացմանը»։ Ընդ որում, այս նախադասությունն ամբողջովին արտատպված է կառավարության նախորդ ծրագրից։

Մյուս տարբերվող շեշտադրումն այն է, որ երկրի սոցիալտնտեսական վիճակի բարելավման, քաղաքացու ազատության երաշխավորման, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովման հարցում կարևորվում են սահմանադրական բարեփոխումները։ Նոր կառավարությունը գտնում է, որ անհրաժեշտ նախադրյալներ պետք է ստեղծվեն՝ սահմանադրական կայունության ամրապնդման, Հայաստանի Սահմանադրության գերակայության և սահմանադրականության հաստատման համար:

Ուշագրավ է, որ եթե Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրով աղքատության դեմ պայքարի, գործազրկության կրճատման հարցում կարևորվում էր կրթությունը և աշխատանքը, յուրաքանչյուրի համար որակյալ կրթության ապահովումը և միջին մասնագիտական կրթության ընդլայնումը, ապա Աբրահամյանի կառավարությունն ավելի մեծ տեղ է հատկացրել գյուղի և գյուղացու կյանքի բարելավմանը: Կառավարությունը ծրագրում է ավելացնել առկա գործիքներով գյուղացիական տնտեսություններին ցուցաբերվող աջակցության ծավալները։ Ծրագրով ամրագրվում է, որ առաջիկա տարիներին էական աշխատանքներ կկատարվեն ջրամբարաշինության բնագավառում՝ սկսելով չորս կարևորագույն ջրամբարների նախագծման և շինարարության համակարգված աշխատանքները:

Ծրագրի նախագծում նշվում է, որ կառավարությունն ապահովելու է կանոնների հավասար կիրառումը բոլորի համար, որ Հայաստանի տնտեսությունը բաց լինի թե´ հայրենական և թե´ օտար ներդրողների համար: Օտարերկրյա հայտնի ընկերությունների ներգրավումը Հայաստանում լինելու է առաջնահերթություններից: «Միայն հավասար պայմաններ և իրական մրցակցություն  ապահովող միջավայրն է, որ հնարավորություն կտա Հայաստանի քաղաքացու մեջ արմատավորել հավատն իր երկրում վաղվա օրվա և հպարտության զգացումը հայրենիքի նկատմամբ: Միայն հասարակության կողմից արդարացիորեն ընկալվող տնտեսական համակարգն է ունակ ապահովել ներդրումների աճ, ապագայի նկատմամբ հավատով լեցուն, համարձակ կառուցողական քայլերի նախաձեռնում»,- նշված է կառավարության ծրագրի նախագծում։

Չափելիների սակավություն

Չնայած կառավարության ծրագրում ամրագրված ցանկություններին, դրանք չափելի չեն։ Խնդիրն այն է, որ ցանկացած ծրագիր պետք է ունենա գործունեության ակնկալվող արդյունքներ, որոնք կառավարության ծրագրի պարագայում սակավ են։ Ծրագրի նախագծի արդյունքների բաժնում կառավարությանը նշել է ընդամենը երեք թիվ, այն դեպքում երբ նախորդ կառավարության ծրագրում ինը թիվ կար։ Կառավարությունն առաջիկա տարիներին պատրաստվում է ապահովել ՀՆԱ-ի միջնաժամկետ 5% աճ (նախորդ կառավարության 5-7% աճի համեմատ), նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացում՝ մինչև 65 հազ. դրամ (ներկայում նվազագույն աշխատավարձը 45 հազ. դրամ է) և աղքատության կրճատում 10 տոկոսային կետով (2012թ. աղքատության մակարդակը կազմել է 32,4%)։

Ուշագրավ է, որ կառավարությունը պատրաստվում է կրճատել ստվերային տնտեսությունը, բարձրացնել հարկային հսկողության արդյունավետությանը, սակայն չի նշում, թե այդ ամենի արդյունքում որքանո՞վ են ավելանալու բյուջեի եկամուտները, մինչդեռ նախորդ կառավարության ծրագրում նշվում էր պետական եկամուտների հավաքագրման մակարդակի աճի ապահովումը տարեկան կտրվածքով ՀՆԱ-ի 0,3-0,4 տոկոսային կետի չափով: Ի տարբերություն նախորդ կառավարության՝ նոր կառավարությունը չի պատրաստվում քայլեր իրականացնել հարկային և մաքսային ծառայությունների աշխատողների սեփական բիզնես շահերի բացառման ուղղությամբ։

Թեև կառավարությունը որպես իր գործունեության գերակայություն հռչակում է Հայաստանի քաղաքացուն, նրա ազատության երաշխավորումը, անվտանգության և բարեկեցության բարձրացման ապահովումը, սակայն ներկայացված թվերը դա չեն հիմնավորում։

«Ի-Վի Քոնսալթինգ» ընկերությունն իր Հայաստանի ազգային մրցունակության 2013-2014 թթ. զեկույցում հաշվարկել էր, որ գործազրկության, աղքատության ու արտագաղթի խնդիրների լուծման հարցում մեծ դեր ունի ՀՆԱ-ի աճը։ Ըստ հաշվարկների՝ շուրջ 10 տարի հետո գործազրկության 6% մակարդակ, արտադրողականության տարեկան 5% աճ և տնտեսական շարժառիթներով պայմանավորված զրոյական միգրացիա ապահովելու համար տնտեսությունը տարեկան պետք է աճի 7%-ով: ՀՆԱ-ի 10% աճի պայմաններում նախատեսված արդյունքները կարելի է ապահովել մինչև 2016թ.: Հայաստանի տնտեսական աճի ներկա տեմպերի պարագայում` 3-4%, թիրախային խնդիրները հնարավոր կլինի վերացնել մինչև 2040թ.։ 

(Լուսանկարը՝ Արմեն Աշոտյանի Ֆեյսբուքի էջից)

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում