Ինչպես դարձա անբարոյական

Երգչուհի պատգամավոր Շուշան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Ռուզաննա Ստեփանյանին ասել է՝ դուք անբարոյական եք: Հետո ավելացրել է՝ բոլորդ: ՀՀԿ-ում փորձում են հասկանալ երգչուհու հայտարարության մոտիվները: Այսինքն, գիտեն, որ լրագրողը և լրագրողներն անբարոյական չեն: Հետևաբար, պետք է պարզել, թե ի՞նչն է նկատի ունեցել տիկին Պետրոսյանը: Իսկ եթե համաձայն են նրա հետ, պարզ է, որ հասկանալու բան չկա: Ռուզաննա Ստեփանյանը փորձում էր ճշտել պատգամավորի վերաբերմունքը Վերնիսաժում հնչած կրակոցների վերաբերյալ: Չհասցրեց: Անմիջապես դարձավ «անբարոյական»: Ինչպես բոլոր լրագրողները:
Ես լրագրող եմ: Հետևաբար, եկեք միասին հասկանանք, թե ինչպես դարձա անբարոյական: Աշխատել եմ մի քանի լրատվամիջոցում: Ամենուր եղել են խաղի կանոններ: Այսինքն, եթե նույնիսկ չեն եղել, ինքս եմ սահմանել այդ խաղի կանոնները համընդհանուր էթիկայի շրջանակներում: Չեմ վիրավորել ոչ մեկին: Մոտ մեկ տարի առաջ անձամբ փորձել եմ ձայնագրել Շուշան Պետրոսյանին խորհրդարանի իր աշխատասենյակում:
Թեման դհոլն էր: Արտաշես Գեղամյանին ուղղված այն ենթատեքստով, որով նկատի է ունեցել Սերժ Սարգսյանը: Ինքն ասել է, որ պատրաստ է պատասխանել միայն Արցախում իր կատարած բարեգործությունների վերաբերյալ հարցերին: «Գիտե՞ք ինչ երեխաներ կան այնտեղ, երաժշտական գործիք չունեն, գործիքներ եմ տարել, դրա մասին հարցրեք»,- ասել է Շուշան Պետրոսյանը: Ես վստահ չեմ եղել, որ պատգամավորի հոգու պոռթկումը կարող է խոսել օպերատիվ ժուռնալիստիկայի հիմնական սկզբունքների հետ, խոսել հատկապես այդ պահի թեմայից: Ես հանգիստ եմ թողել պատգամավորին, քանի որ բառի բուն իմաստով դհոլը իմ թեման չէր, իմ թեման փոխաբերական դհոլն էր: Այսպես ասած՝ դհոլի մետամորֆոզները:
Ես չեմ նստել նրա շնչին: Պարզ է, որ ՀՀԿ-ական լրատվամիջոցները նույնպես չեն նստում Շուշան Պետրոսյանի շնչին: Ավելի շուտ, իրենց տեքստերը հարմարեցնում են նրա քիմքին: Ինձ համար էականը էթիկան է, նրանց համար` ՀՀԿ-ական պատգամավորի կոմֆորտը: Հանկարծ նրա թանին թթու չասեն: Փոխարենը խոցելի են ընդդիմադիր պատգամավորները:
Բայց Շուշան Պետրոսյանը մարդ է, պարզ է, որ ինչ-որ բանից վիրավորվել է: Ինչի՞ց: Այնքան էլ հստակ չէ: Ենթադրելի է` անցյալ տարվա մարտին «Ազատության» ֆեյսբուքյան չկայացած ասուլիսում իրեն ուղղված որակումների և վիրավորական հարցերի համար: Շուշան Պետրոսյանը մայր է, չի ցանկացել, որ այդ հարցերը հնչեն հենց իր երեսին: Նա լրագրողներից վիրավորվել է ոչ լրագրողների արած որակումների ու հարցերի համար: Եվ բոլոր լրագրողներին համարել անբարոյական: Բնականաբար, չենք կարող չասել՝ դու քո ներքին կոմֆորտը մի չափիր ուրիշների միակ զենքով, նրանք քո՝ կնոջ հետ, որի մեջ ոչ թե կին են տեսնում, այլ ՀՀԿ-ական խունտայի ներկայացուցչի, կռվում են խոսքով: Դու չես ուզում, որ քո դեմքով լիցքաթափվեն այդ մարդիկ:
Ես համաձայն եմ: Թող քեզ պատրվակ չդարձնեն: Ուրեմն դուրս արի ՀՀԿ-ից: Եթե դարձել ես ՀՀԿ-ական պատգամավոր և աջուձախ ասում ես, որ մեր երկրում կա չափից դուրս խոսքի ազատություն, որն այս իշխանության շնորհքն է, բարի եղիր, կրել այդ չափից դուրսի հետևանքները: Ես դեմ եմ նույնիսկ ՀՀԿ-ական կնոջը վիրավորելուն, բայց ես դա չեմ կարող քարոզել մարդկանց, որոնք այդ կառույցի մեջ այլևս դեմքերի և սեռերի տարբերություն չեն դնում, այսինքն, բոլորը նույն հրեշն են Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞վ էր վիրավորում Շուշան Պետրոսյանին, երբ նա երգչուհի էր, ո՞վ է վիրավորում Շուշան Պետրոսյանին, երբ նա բարեգործություն է անում (ի դեպ, հաստատ ոչ իր փողերով): Բայց ՀՀԿ-ի մեջ այլևս Շուշան Պետրոսյան չկա: Եթե դու քեզ հա՛մ ՀՀԿ-ական ես պատկերացնում, հա՛մ էլ Շուշան Պետրոսյան, կներես, պետք է բարի լինես հասկանալ այն հասարակությանը, որը ՀՀԿ-ին տեսնում է մեկ դեմքով՝ որպես մի անսեռ հրեշ:
Այստեղ ես հասարակության հետ կռիվ չունեմ ոչ թե այն պատճառով, որ համաձայն եմ նրա հետ, այլ որ նրա զենքերն իմը չեն, եթե ապրելու մենաշնորհը Շուշան Պետրոսյանինն ու մյուս ՀՀԿ-ականներինն է, ուրեմն մյուսները միայն ներքին վրդովմունքը փողոց գցելով պետք է դիմադրեն մեռնելու պարտադրանքին: Որովհետև ՀՀԿ-ականի կյանքը մյուսների մահն է` կապ չունի հենց մահվան, թե արտագաղթի կամ այլ փորձանքի տեսքով:
Շուշան Պետրոսյանը կարող է վիրավորվել միայն ՀՀԿ-ից դուրս գալուց հետո, եթե նրան վիրավորում են ու մեղադրում չարած հանցանքների կամ սխալների մեջ, թող չմտածի խոսքի հանդեպ պատասխանատվության մասին, նման բաները ոսկեղենիկ հայերենով չես ասի, թող մտածի այդ մեղադրանքների և վիրավորանքների իրական հասցեատիրոջը դեմքով ճանաչելու մասին, այն հրեշի մասին, որն իր և ամբողջ ՀՀԿ-ի մեջ է:
Թեմա
Մհեր Արշակյան










