Կառավարությունը` ի դեմս ֆինանսների նախարարության, Կենտրոնական բանկին առաջարկում է իրականացնել նաև կառավարության գործառույթ՝ խթանել տնտեսական աճը։ Կառավարությունը, վարելով տնտեսական աճի զսպող քաղաքականություն, ԿԲ-ին է առաջարկում խթանել տնտեսական աճը։
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, մայիսի 22-ի կառավարության նիստին ներկայացնելնելով «Կենտրոնական բանկի 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի» վերաբերյալ կառավարության եզրակացությունը, նշեց, որ ԿԲ-ի կանխատեսման սցենարը, ըստ որի` 2014-ին ՀՆԱ իրական աճը կարող է կազմել 5,8% (ԿԲ-ի կանխատեսմամբ` ՀՆԱ-ի աճը կգտնվի 5,4-6,1% միջակայքում, իսկ կառավարությունը բյուջեի հիմքում դրել է 5,2% աճ), լավատեսական է:
«Այս պայմաններում գտնում ենք, որ 2014թ. մասնավոր ծախսումների և ՀՆԱ-ի ճեղքը կշարունակի մնալ բացասական, և հետևաբար` Կենտրոնական բանկը պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն` տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ»,- ասաց ֆինանսների նախարարը:
Գագիկ Խաչատրյանի խոսքով` դրամավարկային քաղաքականության ծրագրում պարբերաբար նշվում է հարկաբյուջետային քաղաքականության ազդեցության մասին՝ որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն և Կենտրոնական բանկի կողմից գնահատվում է 1,5% խթանող:
«Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ ըստ ֆինանսների նախարարության գնահատականի` 2014-ին հարկաբյուջետային քաղաքականությունը տնտեսական աճի վրա կունենա 0-0,5% խթանող ազդեցություն»,- ասաց ֆինանսների նախարարը` հավելելով, թե հարկաբյուջետային քաղաքականության 2014թ. ազդեցությունը` որպես պահանջարկի տեսանկյունից տնտեսական աճի և գնաճի վրա ազդող նշանակալի գործոն, պետք է բացառել և կանխատեսվող հորիզոնում լրացուցիչ ճշգրտումներ իրականացնել դրամավարկային պայմանների թուլացման մասով:
Նախարարը նշեց, որ մակրոտնտեսական միջավայրը գնահատվում է առավելապես ցածր գնաճային` հաշվի առնելով այն, որ դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսվող գործիքների` պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի և Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման տոկոսադրույքի թույլ ազդեցությունը շուկայական տոկոսադրույքի վրա կպահանջի դրամավարկային քաղաքականության հնարավորինս ընդլայնող նպատակադրում:
«Ներկայիս ցածր տնտեսական ակտիվության, ցածր գնաճային միջավայրի և հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում Կենտրոնական բանկի կողմից առաջարկվող թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի. այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ և հնարավորինս ընդլայնող»,- ասաց ֆինանսների նախարարը:
Ֆինանսների նախարարության խորհուրդը ԿԲ-ին` իրականացնել ընդլայնվող դրամավարկային քաղաքականություն` ուղղված տնտեսական աճի ապահովմանը, այդքան էլ հասկանալի չէ։ Խնդիրն այն է, որ այս տարի ԿԲ-ն արդեն իսկ սկսել է իրականացնել ընդլայնողական քաղաքականություն. փետրվարին և մայիսին վերաֆինանսավորման տեկոսադրույքը իջեցվել է 0,25 տոկոսային կետով` մինչև 7,25%։ Մյուս կողմից` Հայաստանում տնտեսական աճի ապահովման հարցում պատասխանատու է կառավարությունը, իսկ գնաճի համար՝ ԿԲ-ն։ Կառավարության կողմից ԿԲ-ին ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու խորհուրդն էլ անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ կառավարությունը վարում է զսպող հարկաբյուջետային քաղաքականություն։ Այս տարվա առաջին եռամսյակում պետբյուջեից ծախսերը կազմել են ծրագրային ցուցանիշի 83,4%-ը կամ 240 մլրդ դրամ, այն դեպքում, երբ եկամուտների ծրագրային ցուցանիշը կատարվել է 99,8%-ով (եկամուտները կազմել են 243 մլրդ դրամ)։ Արդյունքում` 2014թ. առաջին եռամսյակում պետբյուջեն կատարվել է 3,8 մլրդ դրամ հավելուրդով` ծրագրով նախատեսված 43,2 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Հաշվարկների համաձայն` կառավարության կողմից ծրագրային ցուցանիշների կատարումը՝ 47 մլրդ դրամի ծախսելը, կապահովվեր ՀՆԱ-ի մինչև 1,5% տնտեսական աճ։
Civilnet











