Ռուսաստանի ինտերնետ գրաքննության ազդեցությունը Հայաստանում

Հայաստանում գործող «Ռոստելեկոմ» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ինտերնետային պրովայդների բաժանորդների համար արգելափակված է Spigotmc.org կայքը: Այս մասին իր բլոգում գրառում է կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
««Ռոսկոմնադզորը» [Ռուսաստանի կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության վերահսկողության դաշնային ծառայությունը – խմբ.] կրկին ներթափանցել է Հայաստան: Տվյալ կայքը չի բացվում «Ռոստելեկոմից», ինչպես նաև իմ «ՎիվաՍել-ՄՏՍ» հեռախոսի ինտերնետից։ «Յուքոմը», «Հայ լայն» ստուգվել են, և կայքը բացվում է։ Արգելափակումը դրվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչը անթույլատրելի է ՀՀ տարածքում։ Կոչ եմ անում պրովայդերներին շտկել այս տխուր փաստը»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը:
ՍիվիլՆեթի հետ զրույցում փորձագետը նշեց, որ, ըստ էության, ոչ թե կոնկրետ տվյալ կայքն է արգելափակվել, այլ IP հասցեն, որի հետևանքով այլ կայքեր ևս կարող են արգելափակված լինել:
«Մտահոգիչ է փաստը, որ Ռուսաստանի Դաշնության օրենքները սկսում են գործել Հայստանի Հանրապետության տարածքում»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը` ընդգծելով, որ այս դեպքը նախադեպային չէ և չբացառելով դրանց կրկնությունը:
Civilnet










