Նա տեսել է երևի արևային մի վարչապետ

«Մոռանալ ես-ը մենք-ի մեջ»: Հովիկ Աբրահամյանի մասին է: Վերջին զանգի օրը կարդում է բոլոր ձոները բոլոր ղեկավարներին կարդացած դեմքով մի պատանի: Չի բացառվում, որ պատանին անգիր գիտի նաև «Դեկամերոնը»: Որովհետև, ինչպես իր կարդացած ձոնը, այնպես էլ «Դեկամերոնը» նրա դպրոցական ծրագրում չի եղել: Եվ «Դեկամերոնը», և «Ձոն վարչապետին»-ը, ըստ էության էրոտիկ ժանրի գործեր են: Այսինքն, ինչ-որ տեղ մտնել դուրս գալու մասին են: Բացառված չէ, որ այս ձոնը նախապատրաստել են նախորդ վարչապետի համար նախորդ վերջին զանգի առիթով, բացառված չէ, որ այս ձոնը հիշյալ դպրոցի պարտադիր ասմունքի շրջանակներում է բոլոր վերջին զանգերին կամ վարչապետների բոլոր այցելությունների ժամանակ: Բացառված չէ նաև, որ այս ձոնը բոլոր պետական պաշտոնյաների համար է մտածված եղել կամ այն պաշտոնյայի համար, որն առաջինը ոտք կդնի իրենց դպրոց, որովհետև մի տեսակ չափի զգացման դեմ է «այս բոլորն աշխարհում միայն մեր վարչապետին է վայել» տողը: Եթե, իհարկե, այդ ձոնը երեխայի էքսպրոմտ ստեղծագործությունը չէ՝ գրված երկու գիշեր առաջ:
Բայց եթե նույնիսկ ինքն է գրել, էդ դպրոցում մի կենդանի վարչապետ չկա՞ր, որ լսելուց նվազագույնը մռայլվեր, մի կենդանի կրթության նախարար չկա՞ր, որ դադարեցներ ասմունքը, մի կենդանի տնօրեն չկա՞ր, որ ամոթից մտներ սեղանի տակ, գրականության մի կենդանի ուսուցչուհի չկա՞ր, որ դասավանդած-վերջացրած լիներ Չարենցի հակաստալինյան և Նաիրի Զարյանի ստալինասեր ողբերգությունները: Հիշյալ մարդիկ այնտեղ չէին, որովհետև կամ նրանք սիբիրներում կորած հարազատներ չունեն, կամ կորցրել են հիշողությունը նրանց մասին, կամ դպրոցում լավ չեն սովորել այդ ժամանակները կամ էլ իրենց էությամբ ցանկացածին Սիբիր գործուղող են որպես մատնիչ կամ հենց դահիճ: Եվ երեխան, որը կարդում է հետևյալ տողերը՝ «սարսափը հեգնելով կանգնել հողմի դեմ ճակատ ճակատի», միանգամից «Սիբիրի» հեռանկարից ապահովագրում է քանի՞ հոգու՝ ծնողներին, գրականության ուսուցչուհուն և դպրոցի տնօրենին:
Ճիշտ չէ այդ երեխայի առիթով օգտագործել «օճառ» բառը, իբր գիտի, թե ինչ է անում, բայց փաստ է, որ արածն օճառություն է: Երեխայի ինչ գործն է ձոնը, եթե այն իր հոր կամ մոր մասին չէ: Նույնիսկ Մասիսի մասին ձոնն է զվարճալի, եթե այն սեփական աչքի մասին չէ, այլ հենց Մասիսի: Վերջին զանգի օրը ձոն կարդալ վարչապետին և ոչ թե սեփական ուսուցչին, թեթևամտության վերջն է: Ո՞վ է Հովիկ Աբրահամյանը այդ երեխայի համար: Եվ ինչու՞ այսպիսի ձոն չանցավ արարատցի դպրոցականներից որևէ մեկի մտքով այսքան տարիների ընթացքում: Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանը այս երեխայի տեսիլքն է եղել, ինչպես Չարենցն էր Թամանյանի մասին ասում՝ նա տեսել է երևի արևային մի քաղաք: Նշանակում է՝ այդ երեխայից ընդամենը հանրապետական են ձուլում, ապագա մարդ-մտոց: Որովհետև կամ նա այդ ձոնը կարդում է հայ բոլոր երեխաների անունից, կամ նա տեսել է մի վարչապետի, որին գնահատելու համար մենք դեռ շատ փոքր ենք:
Իսկ քանի դեռ փոքր չենք, կամ էդ երեխայից բացի ոչ ոք գլխի չի ընկել, որ շատ փոքր ենք Հովիկ Աբրահամյանին գնահատելու համար, շտապենք ասել՝ ժողովուրդ, ամբողջ տաս տարի երեխային գիր ու գրականություն եք սովորեցնում, Չարենց, Թումանյան, Նարեկացի կամ Մեծարենց եք առերեսում, որ երեխան վերջում Հովիկ Աբրահամյանի մասի՞ն բանաստեղծություն գրի: Իմ առաջին բանաստեղծությունը Գարիկ Կասպարովի մասին էր: Ես 13 տարեկան էի, երբ նա դարձավ աշխարհի չեմպիոն: Դա իմ առաջին գործն էր և վերջին ձոնը, ընկերներ: Եվ դա շախմատի աշխարհի չեմպիոնի մասին էր, ու ես դեռ չգիտեի, որ նա հայ է: Ես իմ մասին էի գրել, ահա թե ինչ կասեմ ձեզ: Եվ այն, որ ՀՀԿ-ն դպրոցներ է մտնում ուսուցիչների դեմքով, գիտեինք, բայց որ արդեն երեխաների դեմքով կմտնի, նորամուծություն է: Շնորհավորանքներս:
Թեմա
Մհեր Արշակյան










