«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են փոքր տնտեսվաորղներին երեք տարով հարկային արտոնություններ տալ։
Ֆինանսների նախարարության համար անընդունելի է փոքր տնտեսավարողների շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումը:
Կառավարությունը, ի դեմս ֆինանսների նախարարության, դեմ է առևտրի ոլորտի և արտադրական գործունեություն ծավալող ընկերություններին, որոնք հարկվում են շրջանառության հարկով, երեք տարով հարկային արտոնությունների տրամադրմանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, « Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, առաջարկում են շրջանառության հարկ վճարողներին (դրույքաչափը՝ 3,5%) երեք տարով ազատել առևտրական (առք ու վաճառքի) և արտադրական գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկ վճարելուց:
Օրենսդրական փոփոխությունը պատգամավորների կարծիքով կնպաստի տարեկան մինչև 58,35 մլն դրամ շրջանառություն ունեցող առևտրի ոլորտի ձեռնարկությունների գործունեության հետագա խթանմանը, շահութաբերության բարձրացմանը, ինչպես նաև այդ տնտեսվարող սուբյեկտներում առկա աշխատատեղերի պահպանմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, առավել բարենպաստ ձեռնարկատիրական միջավայրի ձևավորմանը։
Ֆինանսների նախարարությունում սակայն կարծում են, որ որ շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն անընդունելի է։ Ընդ որում, դրույքաչափի նվազեցումը պետք է կատարվի «ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրմամբ»:
Նախարարության համար անընդունելի է նաև շրջանառության հարկ վճարողներին այս հարկատեսիակի վճարումից ազատելը` կրկին «առանց ձեռքբերումները պարտադիր փաստաթղթավորելու պահանջի ներդրման, քանի որ դրա բացակայությունը հանգեցնում է խոշոր բիզնեսի իրական շրջանառությունների քողարկմանը»:
«Տնտեսությունում կատարվող գործարքների լիարժեք փաստաթղթավորման արդյունքում հնարավոր կլիներ ոչ միայն փոխհատուցել փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերի նվազումը, այլև հարկման դաշտ բերել խոշոր բիզնեսի իրական շրջանառությունները: Ներկայացված օրենսդրական նախագիծը ոչ միայն չի լուծում այս հարցը, այլև հանգեցնում է պետական բյուջեի եկամուտների էական չարդարացված կորստի»,- նշել է ֆինանսների նախարարությունը իր եզրակացությունում:
Պատգամավորները սակայն կարծում են, որ հարկային արտոնությունները էապես կխթանեն գործող աշխատատեղերի պահպանման և նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացները, որի արդյունքում միայն եկամտային հարկերի լրացուցիչ մուտքերը կգերազանցեն 16 մլրդ դրամը:
«Ինչ վերաբերում է արդեն իսկ գործող 2014թ. վերջին եռամսյակի շրջանառության հարկից ակնկալվող մուտքերի կրճատմանը, ապա այն առավելագույնը կկազմի 2 մլրդ դրամ, որը կփոխհատուցվի այլ աղբյուրների մուտքերի հաշվին»,- նշում են պատգամավորները։
Civilnet











