Կենտրոնական բանկի գնահատմամբ՝ Ռուսաստանի տնտեսության աճի դանդաղման հետևանքով այս տարի կդանդաղի ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան դրամական փոխանցումների աճը, որը կձևավորվի 4,5-6,5% միջակայքում: ԿԲ-ն 2014թ. առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով կանխատեսել էր, որ այս տարի ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կավելանան 7-9%-ով: 2013թ. ֆիզիկական անձանց ոչ առևտրային նպատակով մասնավոր փոխանցումների ծավալն աճել է 10,8%-ով՝ կազմելով 1,87 մլրդ դոլար։
ԿԲ-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի կանխատեսումների հիմքում դրվել էր, որ 2014թ. Ռուսաստանում աճը կարող է կազմել 2,2%: Սակայն Ուկրաինայի հետ կապված աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Ռուսաստանում տնտեսական աճի կանխատեսումը միջազգային ֆինանսական հաստատությունների կողմից նվազեցվել է միչև 0,6%։
Հայաստանի մասնավոր դրամական փոխանցումների ծավալի շուրջ 85%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին, և հասկանալի է, որ այդ երկրում տնտեսական վիճակի վատթարացումը անխուսափելիորեն կանդրադառնա մասնավոր փոխանցումների ծավալի և, անուղղակիորեն, Հայաստանի տնտեսության վրա։
Հայաստանի կենտրոնական բանկն այս տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով վերանայել է մասնավոր սպառման աճի տեմպը։ Պայմանավորված հիմնականում Ռուսաստանի տնտեսական աճի սպասվող դանդաղմամբ՝ 2014թ. մասնավոր սպառման աճի տեմպը նախորդ կանխատեսումների համեմատ 0,7 տոկոսային կետով վերանայվել է նվազման ուղղությամբ՝ մինչև 46%:
Այսպես, եթե նախորդ կանխատեսումներով ԿԲ-ն գտնում էր, որ այս տարի ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կձևավորվի 7-8% միջակայքում, ապա մասնավոր փոխանցումների աճի տեմպի նվազման հետևանքով արդեն կանխատեսվում է ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշի վատթարացում 0,5 տոկոսային կետով։ Նույնիսկ վերանայումից հետո ԿԲ-ն գտնում է, որ 2013թ. համեմատ ընթացիկ հաշվի պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը 2013թ. համեմատ կբարելավվի 1,5-2,5 տոկոսային կետով։
Արմենակ Չատինյան
Civilnet











