Պատասխան ցեղասպանության բացիլները

Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահին մյուս տարի Հայաստան է հրավիրել հետևյալ բառերով՝ հրավիրում եմ... առերեսվելու Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին։ Այս մարդը, այնուամենայնիվ, էթիկայի գծով խորհրդատու չունի։ Ինքը Թուրքիայի նախագահին հրավիրում է մազոխիստական արարողության։
Նախ Հայաստան գալով չէ, որ պիտի համոզվի Ցեղասպանության իսկության մեջ, երկրորդ, դու հրավիրիր ապրիլի 24-ի առիթով (ապրիլի 24-ի, բայց ոչ Ցեղասպանության 100-ամյակի առիթով, որովհետև դու պետք է հաշվի առնես Ցեղասպանության մասով այդ պետության բարդույթները), ինչը կենթադրի, որ նա այսպես թե այնպես կառերեսվի պատմության խոսուն վկայություններին, որովհետև մասնակցությունն արդեն առերեսման հայտ է։ Փոխարենը դու այս գլխից նրան հրավերը մերժելու առիթ ես տվել, որովհետև հրավերն ագրեսիվ է։ Ոնց որ ասես՝ քո քուչից արի մեր քուչա, խոսենք։
Բնականաբար հարց է ծագում՝ ի՞նչ ես մտածել հրավերքին այդպիսի ձևակերպում տալու համար։ Էն մարդիկ մեռան ասելով՝ նման բան չի եղել, մենք ցեղասպանություն չենք արել։ Դա նշանակում է, որ քո էթիկան պարտադրված է սահմանափակվել հրավերքով, մնացածն ինքը կորոշի, թե ինչ միջոցառումների մասնակցել և ուր այցելել Հայաստան գտնվելու օրերին։ Ինքը պետք է զգա հրավերքի մեջ ամփոփված «երկխոսությունը», հարկ եղած դեպքում՝ ներողամտությունը թուրք ազգի հանդեպ։ Ինքը պետք է տեսնի, որ հրավերքի մեջ թշնամական ոչինչ, անգամ հեգնանք չկա։ Ինքը խնդիր ունի, նշանակում է, պետք է հրավիրես այնպես, որ ինքը տեսնի հրավերքի խնամքը։ Այսինքն, թե ինչքան ես ջանացել Թուրքիային ու թուրք ժողովրդին չխրտնեցնելու համար։ Դու իրեն չես հրավիրում այլ՝ Թուրքիա պետությանը, որն առ այսօր պաշտոնապես վիճարկում է Ցեղասպանության փաստը։ Մինչդեռ դա հրավերք չէ, այլ պատերազմի կոչ՝ արի այստեղ, տես քո գլուխն ինչ եմ բերելու։
Ընդ որում, հրավերքը նախ կաղում է տղամարդկությունից։ Տղամարդը նման հոխորտանքով հանդես չէր գա։ Դու նման հոխորտանքով Հայաստանն ես դրել վտանգի տակ։ Թուրքիան մեծ պետություն է, կարող է և զենք ու զրահով ընդունի հրավերքը։ Ոչ ոք չի ասում, որ վկայությունները խոսուն չեն, Թուրքիան գերազանց գիտի, որ 1915-ին համը հանել է, 1,5 միլիոն զոհը կատակ բան չէ։ Ոչ ոք չի ասում տղամարդ մի եղիր քո տան մեջ, բայց քեզ չեն լիազորել տղամարդ լինել մյուսների հաշվին, որոնք մտադիր չեն հաշտվողականության տանող որևէ խնդիր չլուծած սուր ճոճել Թուրքիայի առաջ։ Թուրքիայի հետ քո պատերազմն իմ պատերազմը չէ։ Հայաստանի ոչ մի ղեկավար նման հոխորտանքով հանդես չի եկել։ Եթե նույնիսկ հանդես է եկել, ապա ոչ հրավերքի կոնտեքստի մեջ։
Ոչ մի կասկած, որ Թուրքիան մերժելու է հրավերքը։ Եթե նույնիսկ չի չմերժի, անտարբերության չի մատնի հրավերքի հոխորտալից ոճը։ Աշխարհում վաղուց ոչ ոք այդ ոճի մեջ հրավերքներ չի ձևակերպում։ Այդ ոճի մեջ ձևակերպում են, նվազագույնը, դուելները։ Պատմության խոսուն վկայությունները միայն Հայաստանում չեն, այլ Թուրքիայում, Սիրիայում, Ֆրանսիայում։ Պատմության բառացիորեն խոսուն վկաներն այսօր Հայաստանից դուրս ավելի շատ են, քան՝ Հայաստանում, որովհետև այնտեղ նրանք դեռ ապրելու պայմաններ ունեն։ Մեզ մոտ մնացել են միայն փաստաթղթերը, լուսանկարները, գրավոր վկայությունները, Ցեղասպանության հուշահամալիրը և թանգարան-ինստիտուտը։ Թուրքիայի նախագահը աշխատանք ունի անելու, պետք է զբոսնի, պետք է թերթի, պետք է ցավ ապրի։ Այս ամենից հետո նա հրավերք-հոխորտանքն էլ կմոռանա, բայց նստվածքը, ընկեր, նստվածքը կմնա, թե ինչ ոճով իրեն հրավիրեցին «սառույց տեսնելու»։ Հետևաբար, ըստ իս, պետք է կրկնել այդ հրավերքը, սակայն առանց ագրեսիայի, առանց մեկ անձի հակաէթիկական կեցվածքով պետության էթիկական զգացումը վտանգի տակ դնելու, առանց սեփական տան պատերի մեջ տղամարդ խաղալու։ Այդ ամենը պետք է արվի հանգիստ, ի վերջո, փոքր չէ հավանականությունը, որ Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը։ Ինչո՞ւ նրանք մեկ այլ պետության ղեկավարի հրավերքի ոճի մեջ տեսնեն այնպիսի մի ագրեսիա, որում «պատասխան ցեղասպանության» բացիլներ կան։
Թեմա
Մհեր Արշակյան










