2012թ. Երևան ջէկ տեղափոխված քարածխի մոտ 3 հազ. տոննա փորձնական խմբաքանակն արդեն վերածվել է փոշու։
«Երևան ջէկի» երկու հին էներգաբլոկներում (յուրաքանչյուրը՝ 50Մվ հզորությամբ) ղարաբաղյան քարածխից էլեկտրաէներգիայի արտադրությունը, համաձայն նախորդ տարիներին հնչած հայտարարությունների, պետք է սկսվեր 2012թ. առաջին եռամսյակում. ժամկետը հետագայում տեղափոխվեց 2013թ. վերջ։ Ջէկում այժմ էլ էլէներգիա չի արտադրվում, չի նշվում նաև նախագծի մեկնարկի որևէ ժամկետ։
Մայիսի 29-ի կառավարության նիստից հետո էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հրաժարվեց պատասխանել ՍիվիլՆեթի հարցին, թե որ փուլում են գտնվում Երևանի ջէկում ջուր-ածխային վառելիքով էներգաբլոկների գործարկման աշխատանքները։
Նախարարը հրաժարվեց պատասխանել հարցին, թեև նախարարության հաղորդագրության համաձայն մայիսի 12-ին այցելել էր «Երևանի ջէկ»։ Ջերմաէլեկտրակայանի տնօրենը, ըստ հաղորդագրության, Երվանդ Զախարյանին ներկայացրել է համակցված շոգեգազային ցիկլով նոր էլեկտրակայանի գործունեության ու տեխնիկական վիճակը, ինչպես նաև հին կայանի տեխնիկատնտեսական հնարավորությունները, այն կոնսերվացված վիճակում պահպանելու և հետագայում ջուր-ածխային վառելիքի հենքի վրա գործարկելու նպատակահարմարությունը:
Նախարարության հաղորդագրության տոնայնությունը թերևս հաստատում է ՍիվիլՆեթի տեղեկությունները, որ ջուր-ածխային վառելիքի տեխնոլոգիայով էներգաբլոկների գործարկումն ամենայն հավանականությամբ տեղի չի ունենա։
Այս տեխնոլոգիայով էլեկտրաէներգիայի արտադրությունը Երևանի ջէկում երկու հիմնական խնդիրների է բախվել։
Նախ ծրագրի իրականացման սկզբնական փուլում էներգաբլոկների վերազինումն իրականացվել է տեղացի մասնագետների կողմից, որոնք դժվարությունների են առերեսվել հենց տեխնոլոգիայի ներդման գործընթացում։ Ջուր-ածխային վառելիքի հենքի վրա էլէներգիայի արտադրությունը, որը մասնագիտական գնահատականներով զգալի ներդրումներ է ենթադրում, լայնորեն կիրառվում է Չինաստանում։ Հետագայում ջերմակայան հրավիրվել են չինացի մասնագետներ, սակայն նրանք նույնպես չեն կարողացել ապահովել տեխնոլոգիական գործընթացի ամբողջական ներդրումը։
Մյուս խնդիրը պայմանավորված է վառելիքի՝ Լեռնային Ղարաբաղի Մաղավուզ գյուղի մերձակայքում արդյունահանվող քարածխի որակով։ Մասնագետների գնահատմամբ՝ Մաղավուզի քարածուխը «հասունացած» չէ և այն բավական վատ է այրվում, բավական փոքր է վառելիքի կալորիականությունը և ցածր այրման ընթացքում ազատվող ջերմությունը։ Բացի այդ, չհասունացած քարածուղը օդի հետ շփման ընթացքում քայքայվում և փոշիանում է։ 2012թ. Երևան ջէկ է տեղափոխվել քարածխի մոտ 3 հազ. տոննա փորձնական խմբաքանակ, որն արդեն վերածվել է փոշու։
Երևանի ջէկի ջուր-ածխային վառելիքով էլեկտրաէներգիայի արտադրության նախագծի ճախողումը կասկածի տակ է դնում նաև Մաղավուզի հանքավայրը շահագործող «Էներգիա պլյուս» ընկերությունն կողմից քարածխի արդյունահանումը։ Ընկերությունն արդեն հետախուզել է 30 հա տարածք, հաստատվել է մոտ 4 մլն տոննա քարածխի պաշար։ Այս նախագծի շրջանակում 2012թ. փետրվարին կառավարությունը մինչև 2015թ. «Հանա Տրանս» ընկերությանը (պատկանում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի զարմիկ Նարեկ Սարգսյանին) տրամադրել էր հարկային արտոնություն՝ 40 SCANIA ինքնաթափ ավտոմեքենաների ձեռքբերման համար (խոսքը երեք տարով 1,9 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) վճարման հետաձգման մասին է)։ Հենց այս ընկերությունը պետք էր ապահովեր Լեռնային Ղարաբաղի Մաղավուզի հանքավայրից քարածխի տեղափոխումը Վարդենիսի երկաթուղային կայարան, որտեղից էլ երկաթուղով այն պետք է հասներ Երևան։
Նախագծի տապալման արդյունքում փաստացի վնասներ է կրելու պետբյուջեն, քանի որ նախագահի զարմիկին պատկանող ընկերությունը չի կարողանալու կատարել հարկային պարտավորությունները։ Ի դեպ, Պետական եկամուտների կոմիտեն որոշակի մտավախություններ է ունեցել ընկերությանը հարկային արտոնություններ տրամադրելու հարցում՝ նշելով, թե «ընկերությունը ստեղծվել է 2011թ., ուստի հնարավոր չէ պատկերացում կազմել վերջինիս նախորդ տարիների տնտեսական գործունեության արդյունքների մասին, ինչը բարձրացնում է ռիսկայնության աստիճանը»:
Civilnet











