2013թ. Հայաստանի չորս հիմնական բուքմեյքերական ընկերությունների՝ «Վիվառո բեթինգ» (Vivarobet), «Ինտեր լոտո» (Totobet), «Գուդվին բետ» (Goodwin bet) և «Եվրոֆուտբոլ» ընկերությունների տարեկան հասույթը կազմել է 38,8 մլրդ դրամ կամ մոտ 95 մլն դոլար։ Ամենամեծ հասույթը՝ 27 մլրդ դրամ (մոտ 65 մլն դոլար), ունեցել է «Վիվառո բեթինգը»։ Հաշվի առնելով մյուս ընկերությունների հասույթների ծավալները՝ չի բացառվում, որ «Վիվառո բեթինգ»-ի հասույթի մեծ մասը եկել է առցանց կազինոյից, այլ ոչ թե սպորտային խաղերի խաղադրույքներից։
Չորս ընկերությունների խաղադրույքներով վերադարձված ընդհանուր գումարը կազմել է 35,3 մլրդ դրամ, իսկ ընկերությունների զուտ շահույթը 2013թ. կազմել է 1,37 մլրդ դրամ կամ 3,4 մլն դոլար: Ամենամեծ շահույթը ունեցել է «Վիվառո բեթինգը»՝ 805 մլն դրամ կամ մոտ 2 մլն դոլար։ «Ինտեր լոտոն», որը կազմակերպում է շահումով խաղեր լոտոների միջոցով, ունեցել 538 մլն դրամ (1,33 մլն դոլար) շահույթ։ Մյուս երկու ընկերությունների ֆինանսական ցուցանիշներից երևում է, որ սպորտային խաղերի վիճակախաղերի (տոտալիզատորի) կազմակերպումն այդքան էլ շահավետ բիզնես չէ։ Օրինակ, «Եվրոֆուտբոլը» 2013թ. ունեցել է 3 մլրդ հասույթ, մինչդեռ զուտ շահույթը կազմել է 8,6 մլն դրամ, իսկ «Գուդվին բետը» 4,8 մլրդ դրամ հասույթի պայմաններում ստացել է 24,3 մլն զուտ շահույթ։
Ընկերությունների նման հասույթների և շահույթի ծավալները արտացոլված են նրանց 2013թ. ֆինանսական հաշվետվություններում։ Ուշագրավ է, որ բուքմեյքերական երեք կազմակերպությունները՝ «Վիվառո բեթինգը», «Ինտեր լոտոն» և «Գուդվին բետը», արտաքին աուդիտ են անցել միևնույն աուդիտորական ընկերության՝ «Լեգալ-Աուդիտի» կողմից, իսկ «Եվրոֆուտբոլն» աուդիտ է անցել «Էլ աուդիտ» ընկերության մոտ։ Աուդիտորների կարծիքով՝ բոլոր չորս ընկերությունների ֆինանսական հաշվետվությունները տալիս են ճշմարիտ և իրական պատկեր ֆինանսական վիճակի և դրամական հոսքերի վերաբերյալ։
Արմենակ Չատինյան
Civilnet











