Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը «ԷյԲիՍիԴոմեն» ընկերության միջոցով տնօրինել է «.am» տիրույթում կայքերի գրանցման շուկայի ավելի քան 70 տոկոսը։
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) մայիսի 30-ի նիստում 10 մլն դրամով տուգանել է Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին՝ «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացման ոլորտում մենաշնորհային դիրքի չարաշահման համար։
Հանձնաժողովին դիմել էր Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն կազմակերպությունը՝ տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնության մասին: Ըստ կազմակերպության՝ բոլոր նրանք, որոնք ցանկանում են «.am» տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում:
Հանձնաժողովը պարզել է, որ Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով։ Այս ընթացքում, տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ: Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են նաև, որ միջնորդներից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը», տնօրինում է շուկայի ավելի քան 70%-ը: Պարզվել է նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնի հետ։
Շուկայի 30%-ը թեև տնօրինվել է այլ միջնորդ ընկերությունների կողմից, նրանք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:
Բոլոր միջնորդները «.am» ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որն ամբողջությամբ վճարել են Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին: Վերջինս իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած՝ հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝ այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը:
Ըստ Հանձնաժողովի՝ Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը, և կայքերի գրանցման ծառայությունը 6 հազար դրամով վաճառել միջնորդներին։ Բացի այդ, հիմնադրելով «ԷյԲիՍիԴոմեն» ընկերությունը, տնօրինել է շուկայի ավելի քան 70 տոկոսը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել:
Ի դեպ «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:
Civilnet











