Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. մայիսի 30-ի որոշումով արգելվել է «Թամարա» ընկերության «Քսան կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200 գր.» արտադրատեսակների արտադրությունը:
Ինչպես հաղորդում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կայքը, «Թամարա» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում վերոնշյալ արտադրատեսակների արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքի թողարկում: Ստուգման ընթացքում պարզվել է, որ «Թամարա» ՍՊԸ-ի արտադրած «Քսան Կոպեկ», «Կարմեն» և «Թթվասեր 200 գր.» արտադրատեսակների նմուշները, համաձայն «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատոր փորձաքննության արդյունքների, չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:
Կազմակերպությանը տրվել է հանձնարարական` վերացնելու հայտնաբերված խախտումները, արտադրության տեխնոլոգիական գործելակարգը և տեխնոլոգիական գործընթացն իրականացնել տվյալ արտադրանքի համար հաստատված տեխնոլոգիական հրահանգին համապատասխան:
Civilnet











