Թե ինչ չափորոշիչներով է կառավարությունը արտոնություն տրամադրել նախագահի գլխավոր խորհրդականի ընկերությանը, պարզ չէ:
Կառավարությունը որոշել է պետբյուջեի հաշվին օժանդակել ՀՀ նախագահի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի և նրա եղբոր՝ Աբել Ղարիբյանի 100 հազ. դրամ կապիտալով «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը՝ երեք տարով հետաձգելով ներկրվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարումը։ Հարկային արտոնության արդյունքում պետբյուջե չի մուտքագրվի 732 մլն դրամի հարկ։ Պարզ չէ, թե ինչ չափորոշիչներով է կառավարությունը արտոնություն տրամադրել այս ընկերությանը: Բայց պարզ է, որ նախագահի գլխավոր խորհրդականն օրենք է խախտում՝ փաստացի զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ:
Կառավարությունը մայիսի 29-ի նիստում թույլատրեց «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության կողմից ներմուծվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների գծով հաշվարկված ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգումը մինչև 2017թ. մայիսի վերջ։
Կառավարության որոշման և երեք գերատեսչությունների՝ էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հավանության արժանացած ծրագրով՝ Կոտայքի մարզում 11 հա ջերմոցային տնտեսության համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 6,5 մլրդ դրամի չափով, որից 3,6 մլրդ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն։
Անհասկանալի չափորոշիչներ
Թե ինչ չափորոշիչներով է արտոնությունը տրամադրվել նախագահի գլխավոր խորհրդականի ընկերությանը, պարզ չէ:
Կառավարության 2011թ. օգոստոսին ընդունած որոշում-կարգով սահմանված է, թե ինչպես պետք է գնահատվեն ԱԱՀ-ի վճարման հետաձգումից օգտվող ընկերությունների ծրագրերը։ Ընկերության ծրագիրը գնահատվում է 10 չափորոշիչներով, առավելագույն գնահատականը 50 միավոր է, իսկ արտոնություն ստանալու համար նվազագույն շեմը 26 միավորն է։
«Արմյանսկիյ ուրաժայ» ընկերության ծրագիրը ստացել է 27,3 միավոր։
Այս ընկերությունը հիմնվել է 2014թ. փետրվարի 27-ին: Դա նշանակում է, որ ՊԵԿ-ը պարզապես չէր կարող գնահատել ընկերության ֆինանսական վիճակը։ Օրինակ, 2012թ., երբ կառավարությունը նախագահի զարմիկ Նարեկ Սարգսյանի «Հանա Տրանս» ընկերությանը տրամադրեց հարկային արտոնություն, ՊԵԿ-ը նշել էր, որ ընկերությունը ստեղծվել է 2011թ., ուստի հնարավոր չէ պատկերացում կազմել վերջինիս նախորդ տարիների տնտեսական գործունեության արդյունքների մասին, ինչը բարձրացնում է ռիսկայնության աստիճանը:
«Արմյանսկիյ ուրաժայ»-ի դեպքում ՊԵԿ-ը ռիսկայնությունը 5-միավորանոց սանդղակով գնահատել է 2։ ՊԵԿ-ը չէր կարող չիմանալ, որ նախագահի գլխավոր խորհրդականի նորաստեղծ ընկերությունը ֆինանսական խնդիրներ ունի։ Դրա մասին վկայում է այն, որ ընդամենը երեք ամսվա ընթացքում ընկերության բաժնետոմսերը երկու անգամ գրավադրվել են՝ ապրիլի 8-ին և մայիսի 14-ին, ինչն ամրագրված է Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում առկա փաստաթղթերում։
Կառավարության վերոնշյալ որոշում-կարգով նաև սահմանված է, որ ծրագրի գնահատման ժամանակ պետք է հաշվի առնվի համաֆինանսավորման առկայությունը (սեփականատիրոջ մասնակցությունը նախագծին` 50 և ավելի տոկոսով): Երեք գերատեսչություններն էլ 5-միավորանոց սանդղակով համաֆինանսավորման առկայությունը գնահատել են 3 միավոր։
Ստույգ չէ նաև մասնակիցների համաֆինանսավորման առկայությունը։ Ծրագիրը գնահատվել է 6,5 մլրդ դրամ, և ստացվում է, որ Ղարիբյան եղբայրները սեփական միջոցներից պետք է կատարեն 3,25 մլրդ-ի կամ մոտ 8 մլն դոլարի ներդրում։ Հաշվի առնելով, որ «Արմյանսկիյ ուրաժայ»-ում Արամ Ղարիբյանի մասնաբաժինը կազմում է 20%, ապա նա պետք է ծրագրի իրականացման համար սեփական միջոցներից ներդնի 650 մլն դրամ կամ 1,6 մլն դոլար։ Արամ Ղարիբյանի և նրա տիկնոջ՝ Մագդա Շահբազյանի 2013թ. եկամուտների հայտարարագրերի համաձայն, նրանք ունեցել են ընդհանուր առմամբ մոտ 60 մլն դրամ կամ ներդրումների համար անհրաժեշտ գումարից տասն անգամ քիչ։
Օրենքը նրանց համար չէ
Նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, լինելով հանրային ծառայող, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ դրանով փաստացի խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի համաձայն՝ պաշտոնատար անձը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ թվում՝ առևտրային կազմակերպության մասնակից լինել, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ընկերության վերաբերյալ առկա տվյալներից չի երևում, որ Արամ Ղարիբյանն իր մասնաբաժինը՝ 20%-ը, հանձնել է հավատարմագրային կառավարման: Դա ինքնաբերաբար նշանակում է, որ նա շարունակել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։
Ղարիբյան եղբայրները «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությունը հիմնադրել են այս տարվա փետրվարի 27-ին, երբ Արամ Ղարիբյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը։
Այս ամենը հիմք է, որ Արամ Ղարիբյանն ազատվի զբաղեցրած պաշտոնից՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար։
Արմենակ Չատինյան
Լուսանկարը` Ֆոտոլուրի
Civilnet











