Գլխավոր Լրահոս

Վիճակագիրները որոշել են ներդրումներն այլ կերպ հաշվել

Վիճակագիրները որոշել են ներդրումներն այլ կերպ հաշվել

Տարեսկզբից Ազգային վիճակագրական ծառայությունում օտարերկրյա ներդրումները սկսել են ազգային արժույթով հաշվարկել։

Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) օտարերկրյա ներդրումների 2009թ.-ից նվազող ծավալները ճշգրտում է մեթոդաբանության պարբերաբար փոփոխություններով։ Իսկ այս տարվա ցուցանիշները հնարավոր չէ համեմատել 2013թ. տվյալների հետ. դրանք առայժմ համադրելի չեն։

ԱՎԾ-ն հրապարակել է «Օտարերկրյա ներդրումները 2014թ.-ի հունվար-մարտ» պարբերականը, որում ներդրումների ծավալները, ի տարբերություն նախորդ տարիների, ներկայացված են ազգային արժույթով՝ դրամով։ Սա պարբերականում միակ նորամուծությունը չէ. այս տարվա ներդրումների ծավալը համադրելի չէ նախորդ տարվա ցուցանիշի հետ, քանի որ ԱՎԾ-ն փոխել է ինչպես հաշվարկման, այնպես էլ տվյալների հավաքագրման մեթոդաբանությունը։

Նորամուծությունները ԱՎԾ-ն պայմանավորել է նրանով, որ 2012թ.-ից վճարային հաշվեկշիռը կազմվում էր նաև ըստ «Վճարային հաշվեկշռի և միջազգային ներդրումային դիրքի ձեռնարկ 6»-ի, և ԱՎԾ-ում, Կենտոնական բանկի հետ համատեղ, համապատասխան փոփոխություններ են կատարել օտարերկրյա ներդրումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համակարգում՝ ընթացիկ տարվանից որոշելով այն ամբողջովին համապատասխանեցնել այս փաստաթղթի դրույթներին:

Վիճակագրական ծառայության պարզաբանման մեջ նշվում է նաև, որ ցուցանիշների համադրելիության ապահովման նպատակով նախորդ տարվա տվյալները ենթակա են ճշգրտման մեկ տարվա ընթացքում:

Պարզ ասած՝ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներն առայժմ հնարավոր չէ համեմատել 2013թ. նույն ժամանակահատվածի տվյալների հետ, ինչը նշանակում է, որ դեռ հնարավոր չէ պարզել, թե այս տարվա հունվար-մարտին տեղի է ունեցել օտարերկրյա ներդրումների աճ, թե կրճատում։

ԱՎԾ-ի նոր մեթոդաբանությամբ՝ 2014թ. հունվար-մարտին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 289,6 մլրդ դրամ (705 մլն դոլար), որից ուղղակի ներդրումներինը՝ 201,9 մլրդ դրամ (491 մլն դոլար)։

Օտարերկրյա ներդրումների 64%-ը (448 մլն դոլար), իսկ ուղղակի ներդրումների 87%-ը (430 մլն դոլար) բաժին է ընկել Ռուսաստանին։ Այդ երկրից ներդրումների նման ծավալը հիմնականում պայմանավորված է «ՀայՌուսգազարդում» կառավարության 20% բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառքի 150 մլն դոլարի գործարքով։

Թեև ֆորմալ առումով բաժնետոմսերի վաճառքից ստացված միջոցները համարվել են ուղղակի ներդրումներ, գումարները Հայաստանում չեն մնացել։ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերը «Գազպրոմին» վաճառվել են ռուսական գազի դիմաց 2011-ից կուտակված 300 մլն դոլար պարտքի դիմաց։ Պարզ ասած՝ ԱՎԾ-ի կողմից արձանագրված 150 մլն դոլար ուղղակի ներդրումներն իրականում վերադարձել են «Գազպրոմ»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում