Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի շենքը:
Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի և Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի վերազինման նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և ավստրիական «Վաագներ-Բիրո» կոնսորցիումի միջև կնքվել է 2 մլն եվրոյի և 7 մլն եվրոյի ապրանքների և ծառայությունների մատուցման կապալի պայմանագիր: ՀՀ կառավարությունը հունիսի 4-ի նիստում հավանություն տվեց այս նախագծերին:
Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ համերգասրահի կապալի պայմանագրի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է ավստրիական «Էրստե» բանկից ներգրավել 2 մլն եվրո վարկային միջոցներ: Միջոցները տրամադրվելու են երկու վարկային համաձայնագրերով` 1,7 մլն եվրո գումարը կտրամադրվի արտահանման վարկի տեսքով և ևս 0,3 մլն եվրո` որպես կանխավճար կտրամադրվի ծրագրի իրականացման կապալառու «Վաագներ-Բիրո» կոնսորցիումին:
2 մլն եվրո վարկային միջոցները կտրամադրվեն 11 տարի մարման ժամկետով, որից 1,5 տարին` արտոնյալ, 1,7 մլն մասնաբաժնի համար տոկոսադրույքը կկազմի 6-ամսյա Euribor+0.6%, իսկ 0,3 մասնաբաժնի համար` 3,5%:
Կառավարության հիմնավորման համաձայն` նախագծի կիրարկումը թույլ կտա մինչև 2015 թ. հուլիս-օգոստոս ամիսը ավարտել «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի բեմի տեխնիկական, լուսային և ձայնային, ինչպես նաև «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի բեմի տեխնիկական և լուսային վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն համերգասրահներին և թատրոններին ներկայացվող միջազգային չափանիշներին:
Civilnet











