Լուսանկարում՝ Արամ Ղարիբյանը (ձախից) և ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Կառավարությունը մայիսի 29-ին արտոնություն տվեց «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը՝ երեք տարով հետաձգելով ներկրվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարումը։ Ջերմոցային բիզնեսով զբաղվող այս ընկերության բաժնետերերն են ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը և նրա եղբայրը: Ղարիբյանն ասում է, որ իրեն պատկանող բաժնետոմսերը (20%) ընկերության հիմնադրման օրվանից հանձնված են հավատարմագրային կառավարման:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ պաշտոնատար անձը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ թվում՝ առևտրային կազմակերպության մասնակից լինել, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման։
Դիտարկմանը, թե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում առկա փաստաթղթերում «Արմյանսկիյ ուրաժայ» ըկերության՝ հավատարմագրային կառավարման վերաբերյալ տեղեկատվություն չկա, Ղարիբյանն ասաց, թե օրենսդրությունը չի պահանջում, որ հավատարմագրային կառավարման հանձնումը գրանցվի ռեգիստրում։ Արամ Ղարիբյանը եղբոր հետ այս ընկերությունը հիմնադրել է 2014թ. փետրվարի 27-ին՝ այն ժամանակահատվածում, երբ զբաղեցրել է ՀՀ նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը։
Թեև ֆորմալ առումով պահպանվել են օրենքի պահանջները՝ բաժնետոմսերը հանձնվել են հավատարմագրային կառավարման, սակայն Ղարիբյանը դարձել է ընկերության բաժնետեր պաշտոնավարման ընթացքում, այլ ոչ թե մինչև պաշտոն ստանձնելը։ Ստացվում է, որ օրենսդրական բաց է, երբ ընկերություն հիմնադրելը չի դիտարկվում որպես ձեռնարկատիրական գործունեություն: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն հիմնադրելու դեպքում էլ, օրինակ, հատավարմագրային կառավարման պայմանագիրը ենթակա չէ գրանցման Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում, ինչը թույլ է տալիս հանրային կամ լրագրողական նման բացահայտումների դեպքում պայմանագրերը հետին թվով կնքել՝ «ապահովելով» օրենքի պահանջները:
100 հազ. դրամով՝ 6,5 մլրդ ներդրում
100 հազ. դրամ կապիտալով «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությունը պատրաստվում է Կոտայքի մարզում 11 հա ջերմոցային տնտեսությունում շուրջ 6,5 մլրդ դրամ ներդրումներ իրականացնել: Ղարիբյանն ասաց, որ ներդրումներն իրականացվելու են վարկային միջոցներով։
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հավանություն է տվել այս ընկերության ներդրումային ծրագրին: Չորեքշաբթի կառավարության նիստից հետո ՍիվիլՆեթի հարցին, թե երբ էկոնոմիկայի նախարարությունը քննարկում էր «Արմյանսկիյ ուրաժայ»-ի ներդրումային ծրագրի շրջանակում ԱԱՀ-ի վճարման հետաձգման հարցը, հաշվի առե՞լ էր Արամ Ղարիբյանի՝ պետական պաշտոն զբեղեցնելու հանգամանքը, ասաց. «Ես չգիտեմ այդ ընկերությունը իրենն է, թե ոչ։ Ինձ չի հետաքրքրում, թե ով է ընկերության հիմնադիրը, ինձ հետաքրքրում է գործը։ Էական չէ՝ ումն է, դա հավերժ չէ»։
Civilnet











