Գլխավոր Լրահոս

Միկոյանի արձանը պետք է կանգնեցվի ՀՀԿ գրասենյակում

Միկոյանի արձանը պետք է կանգնեցվի ՀՀԿ գրասենյակում

Ես կողմ եմ Միկոյանի արձանը կանգնեցնելուն։ Միկոյանի արձանը պետք է կանգնեցնել ՀՀԿ կուսակցության գրասենյակի ներսում մի քանի պատճառով. Միկոյանը մեկն էր, որը չդիմադրեց ստալինյան հրեշագործություններին, որովհետև, ինչպես նրա թոռն էր ասում, համաձայն չէր, բայց չէր կարող դիմադրել։ Այդպիսի ՀՀԿ-ականներ շատ կան։

Երկրորդ, անձամբ նպաստեց գնդակահարություններին, եթե նույնիսկ դրանց հետ էլ համաձայն չէր։ Այդպիսի ՀՀԿ-ականներ էլ կան, որոնք համաձայն չեն, բայց մասնակից են երկրի կեղեքմանը։ Երրորդ, Միկոյանը Նժդեհի գլուխն ուտողների մեջ էր։ Իսկ Նժդեհի արձան չկա այս քաղաքում, որտեղ իշխում է նրան դրոշ սարքած կուսակցությունը։ Հետևաբար` թող լինի Միկոյանի արձանը հենց այն կուսակցության ներսում, որտեղ Նժդեհն իրականում տեղ չունի, որտեղ իրականում միկոյանական մենթալիտետն է իշխում։ Ո՞վ էր Միկոյանը՝ պարզ կոնֆորմիստ, որը կյանքի հարց լուծելուն զուգահեռ լուծում էր նաև բարեկեցության հարց։ Ինքը վատ չէր ապրում։ Փոխարենը միլիոնավոր էին մարդիկ, որոնք ընդհանրապես չապրեցին։ Չորրորդ, այդ արձանը պետք է կանգնեցնել ՀՀԿ գրասենյակում, որովհետև դա մահարձանի կրկնօրինակ է և գեղարվեստական որևէ նշանակություն չունի։

ՀՀԿ-ի ամբողջ երևակայությունը մահարձանների կրկնօրինակ սփռողի երևակայություն է։ Ոչ մի ինովացիոն մտածողություն։ ԽՍՀՄ-ը մեռած կառույց է, բայց ուզում են հանձին Միկոյանի ցույց տալ, որ այն կա։ Մաշտոցի այգին կենդանի, թեպետ վերջին շնչում գտնվող զբոսավայր էր, չէ՞։ Ուզում էին ոչնչացնել առևտրավայր դարձնելով։ Միկոյանն էլ ապրեց այն մենթալիտետով, որ կամ՝ ես, կամ՝ միլիոնավոր գյուղացի ու բանվոր մարդիկ, նաև մտավորականները, որոնք ոչնչացվեցին կամ շպրտվեցին սիբիրներ։ ՀՀԿ գրասենյակն այդպիսի մի ողբերգության դարբնոց է, և արտագաղթի վերջին տարիների աննախադեպ ծավալները հենց 1937-ի ռեպրեսիաների մետամորֆոզն են։ Միկոյանի արձանը պետք է կանգնեցվի, որովհետև հազարներով են Հայաստանում հաշվվում այն մարդիկ, որոնք դեմ էին ՀՀԿ-ական իշխանությանը, բայց ընտրություններին մի քանի դրամի համար հանդուրժեցին այն ամենը, ինչը բերեց այդ կուսակցությունն այս երկրի գլխին։

Հետևաբար` Միկոյանի արձանը պետք է կանգնեցվի ՀՀԿ կենտրոնական գրասենյակում, բայց ոչ այդ մարդկանց տներում, որովհետև այդ նրանք էին 5 հազար դրամը պատկերացնում իրենց կյանքը Հայաստանում գոնե մեկ օրով պատճառաբանելու արարք։ Վատ արարք է, հանցավոր արարք է (մեղա դատողիս), բայց, այնուամենայնիվ, անում էին, որովհետև ուզում էին մնալ Հայաստանում։ Այդ 5 հազար դրամը այդ օրվա նրանց ամբողջ Հայաստանն էր։ Այդ 5 հազար դրամը Միկոյանի օրոք մատնություն էր, ԿԳԲ-ական դառնալ էր, սպանություն էր, բանաստեղծ և մտավորական երևալու մեթոդ էր` ի հաշիվ մեկ այլ բանաստեղծ ու մտավորական երևալու։ Այո, Միկոյանը և ՀՀԿ-ն «նստած» են հենց այդ 5 հազար դրամի «մեռածների» վրա։ Այսինքն, որպեսզի իրենց հանցավոր էությունը բացառություն չլինի, ամբողջ երկիրն էին ներքաշում դրա մեջ։ Հետևաբար` ՀՀԿ գրասենյակի ներսից լավ տեղ չկա Միկոյանի արձանի համար։ Դա կարող է կանգնեցվել հենց նախամուտքի մոտ, Գալուստ Սահակյանի կամ Սերժ Սարգսյանների առանձնասենյակի դիմաց կամ մեջը։ Բայց ոչ՝ դրսում, որովհետև դուրսը մեր աչքի համար է։ Այդ դուրսը մենք դեռ կարող ենք տնօրինել։ Միկոյանի արձանը պետք է կանգնեցվի այնտեղ, քանի դեռ ՀՀԿ-ն կա և պետք է հողին հավասարեցվի այդ կուսակցության հետ միասին։

ՀՀԿ-ին հետաքրքիր չէ, թե ինչ է մտածում ամբողջ ժողովուրդը (երևի ներառյալ այդ 5 հազար դրամը վերցնողների մի մասը, որոնք բռնադատված հարազատներ ունեն, բայց ոչ նրանք, որոնք հիմա էլ կմատնեին, և կսպանեին) կամ գոնե նրա մտածող հատվածը այդ արձանի մասին։ Ինչպես մինչև հիմա հետաքրքիր չէ, թե ինչ են մտածում «պարտադիր» բաղադրիչի մասին։ Եվ եթե հետաքրքիր չէ, նշանակում է` Միկոյանի արձանը մասնավոր իրադարձություն է նրա համար և ոչ թե համազգային։ Այդ կուսակցությունն արդեն տեսել է ԽՍՀՄ կործանումը, բայց այդպես էլ չի մարսել նրանց մահը, ովքեր ԽՍՀՄ-ի հետ գնացին որպես վատ երազ։ Նշանակում է, ՀՀԿ-ն ամբողջ Հայաստանն է ուզում դարձնել մահարձան, ավելին, մահարձանի կրկնօրինակ, եթե հաշվի առնենք, որ իրական չափերով Հայաստանը սպանեց հենց Անաստաս Միկոյանը և նրա կրեմլյան ընկերները։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում