Գլխավոր Լրահոս

Պարտադիր կուտակայինի սվինները

Մոտ 12 տարի առաջ Հայաստանին «ազգային-ազատագրական» հողի վրա անհրաժեշտ էր 300 հազար սվին հայ-թուրքական (հայ-ադրբեջանական, հայ-վրացական) հարատև պայքարն անշեղ ռելսերի վրա դնելու և առաջ ընթանալու համար: Սվինավորները, սակայն չհավաքագրվեցին, որովհետև Հայաստանն արդեն սահմաններ ուներ և չէր ուզում պետությունը փոխանակել «տեսիլքի» հետ: Այսօր Հայաստանին «շտապ» անհրաժեշտ է 270 հազար պարտադիր կուտակային «զոհ» (հենց 270 հազար է մեր երկրում բյուջետային աշխատողների թիվը): Որովհետև պետությունն արդեն չկա, թեպետ սահմանները պահպանվել են իրենց մեջ կրելով երևութական դառնալու մի ամբողջ քաղցկեղածին «պոտենցիալ»: Հայաստանը հաղթահարեց ազգային-ազատագրական» սվինների «հառաչանքը», բայց անմիջապես ընկավ ճորտատիրական պարտադիր կուտակայինի մեջ:

Ամեն օր մամուլը գրում է դպրոցներում, բուժհիմնարկներում, ԿԲ-ում, կառավարությունում, բուհերում (նույնիսկ կոնսերվատորիայում), կադաստրում, դատախազությունում իրենց աշխատողների վրա իրականացվող ճնշումների մասին, ըստ որի՝ մտքներովդ չանցնի հրաժարվել պարտադիր կուտակայինից: Այս մարդիկ այնպես չէ, որ երբեք հնազանդ չեն եղել օրվա իշխանությանը, որը «դարից ավել է ձգվում»: Իշխանությունը մեկ տասնյակից ավելի ընտրություններ կեղծել է նրանց ձայնը, և նրանք լռել են, թանկացրել է կյանքը, և նրանք լռել են, կուսակցականացրել է նրանց կամ նրանց հարազատներին, և նրանք կրկին լռել են: Այսօր իշխանությունն ուղղակիորեն մտնում է նրանց գրպանը, և նրանք կրկին լռում են: Կամ, գուցե, չեն ուզում լռել, բայց այլևս ձայն չունեն խոսելու, ընդվզելու համար, ձեռք չունեն բողոք գրելու համար, որովհետև այդ ձեռքը հաշմվել է ստրուկի «արժանապատվությամբ»:

Չի բացառվում նաև, որ նրանք իշխանության փոփոխություն են երազում: Բայց ուզում են, որ դա արվի ուրիշի ձեռքով, իրենք իշխանությունը պատկերացնում են մի բան, որին ոչ թե կրում ես, այլ հանդուրժում: Նրանց համար այլևս գոյություն չունի «իշխանության լեգիտիմություն» ընկալումը, որովհետև որևէ կերպ չեն մասնակցել դրան:

Ու քանի որ չեն մասնակցել, ու քանի որ չեն էլ ենթադրել, թե ինչի կարող է բերել դա, այսօր չեն պատկերացնում, որ իշխանությունը չի բավարարվելու իրենց գրպանը մտնելով: Իրենք չեն կարողանում նույնականացնել Միկոյանի արձանն ու պարտադիր կուտակային վճարը, կարծում են, թե դրանք տարբեր թեմաներ են, իրենք չեն հասկանում, որ Աստանայում երկրի ղեկավարի Ալիևի նամակին ի պատասխան բերանը ջուր առնելն ու նստելը և Նախիջևանի սահմանագծին կես ժամում միանգամից երկու զոհ ունենալը նույն բանն է: Իրենք չեն հասկանում, որ աղջիկ լինելու պատճառով տարեկան 1500 երեխայի չծնվելն ու պարտադիր կուտակայինի դեմ չըմբոստանալը նույն բանն է (դուք այն քաղաքացին եք, որը չի ծնվում, որի ծնունդն արհեստականորեն ընդհատում է ՀՀ հանրապետական իշխանությունը): Հետևաբար, ձեր մտքով էլ չի անցնում, որ պարտադիր կուտակային սվին լինելն ու Հայաստանի անկախության կորուստը նույն բանն է, որովհետև երբ ինքդ սվին ես, նշանակում է դու նա ես, ումով խոցում են:

Սվինը չի կարող ինքնիշխան լինել, սվինը նույնիսկ հրահանգ կատարող զինվորական չէ: Սվինը գործիք է, որով, ի դեպ, սպանում են: Նշանակում է՝ պարտադիր կուտակային սվինները հենց այն «ադրբեջանցիներն» են, որոնք Հայաստանը դարձրել են սահմանին կանգնած զինվոր ու անընդհատ խողխողում են: Մի եղեք սվին, եթե ձեր բուժած հիվանդը մարդ է, եթե ձեր կրթած երեխան սերունդ է, եթե ձեր քվեն թելադրված է Հայաստանի տեսիլքով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում