2014թ. վերջին Հայաստանի արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3,9 մլրդ դոլար կամ գրեթե այնքան, որքան այն եղել է անցած տարվա վերջին:
Այս տարվա հինգ ամիսներին Հայաստանի պետպարտքը, այդ թվում՝ արտաքին պարտքը, նվազել է։ Մայիսի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 4,55 մլրդ դոլար, որից 85%-ը կամ 3,87 մլրդ դոլարը արտաքին պարտքն է։ Հունվար-մայիսի կտրվածքով արտաքին պարտքը կրճատվել է 0,85%-ով կամ 33 մլն-ով։
Արտաքին պարտքի կրճատումը պայմանավորված է նրանով, որ հունվար-մայիսին արտաքին պարտքի սպասարկմանն ավելի շատ միջոցներ են ուղղվել, քան ներգրավվել է։ Բացի այդ, Ազգային ժողովը չի վավերացրել մի շարք վարկային պայմանագրեր։
Այսպես, հինգ ամիսներին արտաքին պետական պարտքի սպասարկմանն ուղղվել է 100,7 մլն դոլար, որից մայր գումարի մարմանը՝ 89,3 մլն դոլար։ Ընդ որում, ֆինանսների նախարարությունը «ՀՀ պետական պարտքի տեղեկագիր (մայիս)» հրապարակման մեջ, արտաքին պարտքի սպասարկման տողում չի ներառել եվրաբոնդերի արժեկտրոնի վճարմանը մարտին ուղղված 21 մլն դոլարը։
Արտաքին պարտքի մայր գումարի մարմանն ուղղված միջոցների հիմնական մասը բաժին է ընկել Արժույթի միջազգային հիմնադրամից 2009թ. Stand By Arrangement ծրագրով ներգրավված վարկի մարմանը։
Մյուս կողմից, հունվար-մայիսին ներգրավվել են 76 մլն դոլար փոխառու միջոցներ։ Ասիական զարգացման բանկի՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի «Տրանշ-3» և Արժույթի միջազգային հիմնադրամի՝ «Երկարաձգվող ֆինանսավորում» ծրագրերով Հայաստանին տրամադրվել է ընդհանուր առմամբ 280 մլն դոլար։ Միջազգային այս պայմանագրերը, այդուհանդերձ, դեռ չեն վավերացվել Ազգային ժողովում։
2014թ. ընթացքում արտաքին պետական պարտքի գծով նախատեսվում է ստանալ 334 մլն դոլարի, այդ թվում՝ կառավարության պարտավորությունների գծով՝ 288 մլն դոլարի արտաքին միջոցներ։ Տարվա ընթացքում արտաքին պարտքի գծով նախատեսվում է սպասարկել 292 մլն դոլար, որից 235 մլն դոլար՝ հիմնական գումարի մարման գծով, 57 մլն դոլար՝ որպես տոկոսավճար։ Տարեվերջին արտաքին պետական պարտքը կկազմի մոտ 3,9 մլրդ դոլար կամ գրեթե այնքան, որքան այն եղել է 2013թ. վերջին:
Փաստացի, այս տարվա հինգ ամիսներին արտաքին պարտքի սպասարկմանն ուղղվել է տարեկան կտրվածքով նախատեսված ծավալի մոտ 35%-ը։
Civilnet











