Գլխավոր Լրահոս

Հայաստան-Նախիջևան սահմանը

Հայաստան-Նախիջևան սահմանի Արարատի հատվածում (Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա) ադրբեջանական դիպուկահարների կրակոցից մի քանի օր առաջ սպանվեցին պայմանագրային զինծառայողներ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը և 22-ամյա Բորիս Գասպարյանը: 2013-ի օգոստոսին հայկական կողմը ևս մեկ զոհ տվել էր Հայաստան-Նախիջևան սահմանի հարավային` Մեղրիի հատվածում:  

Ճիշտ է, հայ-ադրբեջանական առաջին կռիվները տանկերի և այլ ծանր զրահատեխնիկայի օգտագործումով սկսվել են հենց հայ-նախիջևանյան հատվածում, սակայն, ընդհանուր առմամբ, ճակատի այդ հատվածը համեմատաբար խաղաղ է եղել: 1990թ. հունվարին պատերազմական իրավիճակ ստեղծվեց Երասխ-Սադարակ հատվածում: Հենց այդ կռիվների ընթացքում զոհվեց Հայաստանի ազգային հերոսներից (հետմահու) Մովսես Գորգիսյանը:

Արարատյան դաշտավայրից դեպի Վայոց Ձոր մայրուղին անցնում է հենց այս հատվածով: Դեռ 1990-ին հայկական ուժերը վերցրեցին Քյարքի (այսօր` Տիգրանաշեն) ադրբեջանաբնակ գյուղը, որը վարչականորեն պատկանում էր Նախիջևանին, սակայն կղզյակի ձևով գտնվում էր Հայաստանի տարածքում: Մայրուղին անցնում էր հենց այդ գյուղով:

Արցախյան պատերազմի տարիներին, բացառությամբ Երասխ-Սադարակ փոխադարձ ռմբահարումների, Նախիջևանի և նրա հետ ընդհանուր սահմաններ ունեցող Հայաստանի Սյունիքի, Վայոց Ձորի և Արարատի մարզերի բնակավայրերը զերծ մնացին պատերազմական արհավիրքներից:

Հայաստան-Նախիջևան սահմանը սկսվում է Երասխում` Արարատյան դաշտավայրում, և ավարտվում Մեղրիի շրջանում: Սահմանը, ի տարբերություն Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի և Արցախ-Ադրբեջան սահմանի կամ շփման գծի, Հայաստան-Նախիջևան սահմանում հիմնականում անցնում է լեռնաշղթաներով և լեռների գագաթներով: Պատճառներից մեկը, որ հայ-նախիջևանյան սահմանում չեն եղել ռազմական գործողություններ, հավանաբար հենց աշխարհագրությունն է:

Բայց կային մի քան այլ պատճառներ ևս: Երբ բռնկվեցին ռազմական գործողությունները Արցախում և Հայաստան-Ադրբեջան սահմանների երկայնքով (հիմնականում Տավուշի մարզում հայկական կողմից և Ղազախի և Թովուզի շրջանում ադրբեջանական կողմից), Նախիջևանը ղեկավարում էր Հեյդար Ալիևը: Վերջինս, ի տարբերություն Ադրբեջանում նախագահող Այազ Մութալիբովի և ապա Աբուլֆազ Էլչիբեյի, փորձում էր Հայաստանի ղեկավարության հետ սեպարատ բանակցությունների ճանապարհով Նախիջևանը զերծ պահել ռազմադաշտի վերածելու վտանգից:

Այսպես, 1990-1992 թվականների ընթացքում Հայաստան-Նախիջևան սահմանի հայկական և նախիջևանյան հատվածում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ազգային անվտանգության գծով իր խորհրդական Աշոտ Մանուչարյանին նշանակել էր բանագնաց: Մանուչարյանը բազմաթիվ հեռախոսազրույցներ և հանդիպումներ էր ունեցել Հեյդար Ալիևի հետ: Հայ-նախիջևանյան բանակցություններ էին տեղի ունենում նաև պաշտպանության փոխնախարարների և խորհրդարանների փոխխոսնակների մակարդակով: Հայկական կողմից այդ բանակցություններին մասնակցում էին Վահան Շիրխանյանն ու Արա Սահակյանը (այսօր Հայաստանի դեսպանն է Ղազախստանում): Ճիշտ է, 1993-ի ամռանը Հեյդար Ալիևը իշխանության եկավ Ադրբեջանում և նույն տարվա աշնանը և ձմռանը ռազմական լայնածավալ գործողություններ նախաձեռնեց Արցախում` հիմնականում Քարվաճառի և Հորադիսի ուղղությամբ, սակայն այն տարիներին, երբ նա առաջնորդում էր Նախիջևանը, փորձում էր իր ծննդավայրը զերծ պահել պատերազմական ճակատի վերածելու անկանխատեսելի հեռանկարից:

Իր հերթին, հայկական կողմը ևս շահագրգռված չէր, որպեսզի լարում ստեղծվի Հայաստան-Նախիջևան հատվածում, քանի որ դա կարող էր Թուրքիայի` պատերազմում ուղղակի ներգրավման առիթ դառնալ: Համաձայն 1921թ. մարտին կնքված ռուս-թուրքական պայմանագրի` Նախիջևանը հատուկ կարգավիճակ է ստացել: Հայաստանի կողմից Նախիջևանի վրա հարձակումը կարող էր ընկալվել որպես հարձակում Թուրքիայի վրա: Ահա այդ պատճառով էր, որ Հայաստանը չափազանց զգույշ էր: Արցախյան պատերազմի և դրան հաջորդած ամբողջ ժամանակահատվածում Թուրքիան ռազմական, տնտեսական և քաղաքական օգնություն է տրամադրել Ադրբեջանին, եղբայրական հանրապետություն ուղարկել զենք ու զինամթերք, ռազմական խորհրդատուներ, կամավորներ, սակայն միևնույն ժամանակ, Թուրքիան զերծ է մնացել Հայաստանի վրա ուղղակի հարձակումից:

Այն տարիներին և այսօր որոշ վերլուծաբաններ հակված են այն տեսակետին, որ Թուրքիան Հայաստանի վրա չհարձակվեց, քանի որ հայ-թուրքական սահմանին կանգնած էին (այսօր էլ կանգնած են) ռուս սահմանապահներ, իսկ հարձակումը կնշանակեր պատերազմի մեջ ուղղակիորեն ներգրավել նաև Ռուսաստանին:

Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ իրավիճակը վերահսկում են հայ-նախիջևանյան հատվածում: Նախքան հունիսի 5-ի ողբերգական միջադեպը, երբ հակառակորդի կրակոցից սպանվեցին երկու հայ զինծառայողներ, ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, որ հայկական կողմից բացված կրակոցից Նախիջևանի հատվածում սպանվել է ադրբեջանցի զինծառայող: Համապատասխանո՞ւմ էր իրականությանը այս հաղորդագրությունը: Եթե այո, ապա ադրբեջանական կողմը երկու հայ զինծառայողի սպանելով սահմանի նույն հատվածում, արդյոք պատասխան հարվա՞ծ է հասցնում: Այս հարցերի պատասխանը մենք չունենք:

Մյուս կողմից, քանի դեռ պատերազմը կամ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակը շարունակվում է Արցախ-Ադրբեջան, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Նախիջևան հատվածում, քանի դեռ վերջնական խաղաղության չի հատատվել, ապա նման ողբերգական միջադեպերը անխուսափելի են: 1994 թվականի մայիսյան հրադադարից ի վեր ադրբեջանական կողմից ձեռնարկված գործողությունների հետևանքով հայկական կողմը տվել է մոտ 1000 զոհ: Զոհեր տալիս է նաև Ադրբեջանը: Ադրբեջանական աղբյուրների հաշվարկով` 1994-ի հրադադարից ի վեր նրանց կորուստների թիվը հասնում է 3000-ի:

Հայկական կողմը հայտարարում է, որ ադրբեջանական կողմից հրադադարի ամեն մի խախտման դեպքում, որը կբերի մարդկային կորուստների, հայկական կողմը անհամաչափ ուժ է կիրառելու: Այսինքն, եթե ադրբեջանցիները սպանում են մեկ հայ զինծառայողի, ապա ի պատասխան, Ադրբեջանը ունենալու է երկու զոհ:

Եթե այս իրավիճակին նայում ենք մաթեմատիկական հաշվարկի տեսանկյունից, ապա հայկական կողմը հաղթական վիճակում է: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ մարդկային ճակատագիրը անընդունելի է տեղավորել մաթեմատիկական հաշվարկի տրամաբանության մեջ: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում