Էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա հավասարաչափ բոլոր սպառողների համար՝ 3,85 դրամով՝ 1 Կվտ/ժ-ի համար։
Վերջնական սպառողների, այդ թվում՝ բնակչության համար 1 Կվտ/ժ էլեկտրաէներգիան կարող է թանկանալ 10%-ով կամ 3,85 դրամով՝ պայմանավորված արտադրող կայաններում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 10-ին հրապարակել է արտադրող կայանների, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանն առաքվող էլեկտրաէներգիայի հնարավոր սակագներն ու դրանց հաշվարկները։
Ըստ այս հաշվարկների՝ էլեկտրաէներգիան վերջնական սպառողների համար կթանկանա, բայց ավելի քիչ, քան նշվում էր մինչ այս։ Հունիսի 4-ին ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրությունում նշվում էր, որ էներգետիկ ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին, այդ թվում՝ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Ըստ հունիսի 10-ին հրապարակված հաշվարկների՝ էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա հավասարաչափ բոլոր սպառողների համար՝ 3,85 դրամով՝ 1 Կվտ/ժ-ի համար։ Հանձնաժողովի հաշվարկների համաձայն, որոնք նաև հիմք են ծառայելու վերջնական սպառողների համար սակագին հաստատելու որոշման նախագծի մշակման ժամանակ, բնակչության համար ցերեկային սակագին կարող է սահմանվել 41,85 դրամ/կՎտժ-ը, գիշերային սակագին՝ 31,85 դրամ/կՎտժ-ը։ Նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ ՀԾԿՀ-ի անդամները որպես կանոն հաստատում եմ այն սակագինը, որը հաշվարկվում է հանձնաժողովի աշխատակազմի կողմից։
Վերջնական սպառողների համար էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է արտադրող կայանների էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ։ Այսպես, եթե ներկայում ՀԷՑ-ի կողմից բնակչությանը վաճառվող էլեկտրաէներգիայի 38 դրամ/կՎտժ սակագնի հիմքում մեծածախ միջին գինը 16,4 դրամ է, ապա նոր՝ 41,85 դրամ/կՎտժ սակագնի հիմքում այն արդեն 18,83 դրամ է։ Վերջնական սպառողների սակագնի հաշվարկում ավելացել է նաև ՀԷՑ-ի մարժան՝ 1 կՎտ/ժ-ի հաշվով 0,67 դրամով՝ կազմելով 12,45 դրամ/կՎտժ։
Արտադրող կայանների պատճառով
Թանկացման հիմնական պատճառը համեմատաբար էժան էլեկտրաէներգիա արտադրող և պետական սեփականություն հանդիսացող կայաններում սակագների վերանայումն է։ Այսպես, համեմատաբար թանկ էլեկտրաէներգիա արտադրող «ՀրաՋԷԿ» ընկերության էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է իջեցնել 10,3 դրամով՝ մինչև 49,12 դրամ/կՎտժ, «Հրազդան 5»-ինը՝ թողել ընթացիկ մակարդակում՝ 33,4 դրամ/կՎտժ։
Մյուս կողմից՝ պետական սեփականություն հանդիսացող Երևան ջէկ-ում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը նախատեսվում է բարձրացնել 9 դրամով կամ 45%-ով՝ մինչև 29 դրամ/կՎտժ։ Ամենայն հավանականությամբ, ջէկում սակագնի նման կտրուկ բարձրացումը պայմանավորված է նրա կապիտալ նորոգման համար անհրաժեշտ 10 մլրդ դրամ ծախսերով, որի մի մասը վարկային միջոցներ են։
Պարզ չէ Հայկական ատոմային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագնի 5%-ով կամ 0,57 դրամով բարձրացումը՝ մինչև 11,4 դրամ/կՎտժ։ Թանկանալու է նաև Սևան-Հրազդան կասկադում արտադրվող էլեկտրաէներգիան՝ 10%-ով կամ 0,6 դրամով՝ հասնելով 7,18 դրամ/կՎտժ-ի։
Ի դեպ` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հունիսի 10-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում չի բացառել, որ էլեկտրաէներգիայի նոր սակագինը գործի օգոստոսի 1-ից:
Civilnet











