Al-Monitor կայքում լույս է տեսել թուրք սյունակագիր և լրագրող Ամբերին Զամանի հոդվածը՝ «Գազիանթեփի սրճարանը՝ տուն տեղահանված երիտասարդ սիրիացիների համար» վերնագրով: Հոդվածը պատմում է Գազիանթեփ թուրքական քաղաքում ապաստանած սիրիացիների կյանքի մասին, որոնք հայրենիքից հեռու՝ ստեղծել են իրենց «փոքր Սիրիան» և երազում են մի օր տուն վերադառնալու մասին: Հոդվածը որոշ կրճատումներով թարգմանաբար ներկայացված է ստորև:
Նորաձև արտաքինով երիտասարդ տղամարդիկ և կանայք աշխույժ զրուցում են մայթին տեղակայված սրճարանում: Մի աղջիկ դաջվածք կրող մերկ ձեռքերով կայանում է իր հեծանիվն ու միանում մարդկանց: Նման տեսարաններ կարելի է տեսնել Բարսելոնայից մինչև Բեռլին: Սակայն սա Գազիանթեփն է (Այնթափ - ՍիվիլՆեթ)՝ թուրքական քաղաք, որը գտնվում է ավտոմեքենայով մեկ ժամ հեռավորության վրա Սիրիայից, որտեղ երեք տարի տևող դաժան հակամարտությունն ամեն օր բազմաթիվ կյանքեր է խլում:
Երեք ամիս առաջ իր դռները բացելուց ի վեր սրճարանը, որը կոչվում է «Նիհավենթ», դարձել է ապաստան կրթված, աշխարհիկ սիրիացի երիտասարդների համար, որոնք տուժել են պատերազմից:
«Այս երեխաները Սիրիայի մոռացված երեսն են: Մենք ցանկանում ենք նրանց հաղորդել նորմալ իրավիճակի զգացողություն, տան համ ու հոտ»,- պարզաբանեց Յասեր Բիրոն՝ նախկին պաշտոնյա Հալեպից, որը երկու գործընկերների հետ միասին ստեղծել է «Նիհավենթը»: Ճաշացուցակն առաջարկում է գեղեցիկ մատուցված ավանդական ճաշատեսակների շարք, որոնք պատրաստված են բացառապես սիրիացիներից բաղկացած աշխատակազմի կողմից և առաջարկվում են մատչելի գներով:
«Սա ֆաթթեհ է՝ ճիշտ այնպիսին, ինչպիսին հանդիպում ենք Դամասկոսում»,- ժպտալով՝ ասում է Սալամը՝ դամասկոսցի մի բանկիր:
Շաբաթական մի քանի անգամ սրճարանն իր վերին հարկի փոքր բեմի վրա հյուրընկալում է կատարողների: Պատերը ծածկված են մանուկ փախստականների սրտաճմլիկ լուսանկարներով: Այս յուրահատուկ երեկո սիրիացի այլախոհ բանաստեղծ Ուաֆա Լայլան բեմահարթակում է: «Օ՜, մարդասպան, ցավում եմ քո համար»,- երգում է նա: Նրա կողքին նստած մորուքավոր մի երիտասարդ դանդաղ գավին է նվագում:
«Գիտեք չէ՞՝ ում մասին է նա խոսում,- շշնջում է նկարիչ Աբեդ Ալլատիֆ ալ-Ջիմոն:- Ասադի»: «Իրաքի և Շամի իսլամական պետություն» իսլամական արմատական խմբավորման (ISIS) զինյալները մեկ տարի առաջ Ջիմոյին վտարել են Ջարաբալուս հյուսիսային քաղաքից:
«Նրանք սպառնացել են սպանել ինձ, որովհետև պատի վրա նկարել էի հակառեժիմային գրաֆիտի, այսպիսով ստիպված էի գալ Թուրքիա,- ասաց Ջիմոն Al-Monitor-ին:- Այստեղ ապահով եմ ինձ զգում»:
Միջոցառումը տեսանկարող մարդը պակաս կենսուրախ է: «Վարչակարգի լրտեսներն ամենուր են,- շշնջում է նա:- Մի ասեք իմ անունը»:
Նա ասում է՝ լրագրող է, որն աշխատում է Orient News ընդդիմության հեռուստատեսային ալիքի համար, որը գտնվում է Ստամբուլում և հիմնադրվել է սիրիացի վտարված մագնատ Ղասան Աբուդի կողմից: Լրագրողը բացահայտեց, որ Orient News-ը «շատ շուտով» Գազիանթեփում գրասենյակ կբացի:
Դա տրամաբանական է: Լինելով Թուրքիայի ամենաժամանակակից քաղաքներից մեկը՝ Գազիանթեփն ապաստան է ավելի քան 250 հազ. սիրիացի փախստականների համար՝ ավելի, քան թուրքական այլ քաղաքները, այդ թվում՝ Ստամբուլը: Իրականում Գազիանթեփը հաճախ համարվում է «թուրքական Հալեպ»: Բազմաթիվ սիրիացիներ այստեղ բիզնես են հիմնել, այդ թվում՝ նպարեղենի խանութներ և ռեստորաններ: Դրանց արաբերեն ցուցանակները դժվար է չնկատել:
Գազիանթեփը հիմնական հանգույցն է սիրիացի փախստական խմբերի ու նաև արևմտյան ոչ կառավարական կազմակերպությունների համար, որոնք օժանդակություն են ցուցաբերում Սիրիային և սիրիական վարչակարգի կողմից որակվում են «լրտեսներ»: «Նիհավենթի» մշտական հաճախորդները, որոնք աշխատում են արևմտյան օգնության գործակալությունների համար, մտավախություն ունեն, որ եթե նրանց ինքնությունը բացահայտվի, դա կարող է վնասել Սիրիայում մնացած իրենց հարազատներին:
«Հենց այդ պատճառով դուք չպետք է օգտագործեք իմ ազգանունը»,- նախազգուշացնում է բանկիր Սալամը:
Թուրքական կառավարությունը վերջին ամիսներին ուժեղացրել է անվտանգությունը, և ոստիկանական անցակետերի թիվն ակնհայտորեն աճել է:
«Մտավախություն կա, որ Գազիանթեփում «վտարանդի կառավարություն» ստեղծելու սիրիական ընդդիմության ջանքերով շրջանը կդառնա թիրախ վարչակարգի և այլ թշնամական տարրերի համար»,- ասված է Միջազգային ճգնաժամային խմբի վերջին զեկույցում: Սակայն ISIS-ն ու «Ալ Նուսրա ճակատը» նույնպես վտանգ են ներկայացնում:
Մինչ գիշերը վրա է հասնում և սկսում ենք խոսել ապագայի մասին, մռայլ մթնոլորտ է իջնում սրճարանի վրա:
«Ես իհարկե հավատում եմ հեղափոխությանը, սակայն հեղափոխությանը հենց սկզբից, ոչ այժմ,- ասում է Սալամը:- Այն սկսվել էր ճիշտ ձևով, քոլեջներում: Սակայն ինչ-որ մեկը գողացավ մեր հեղափոխությունը: Իսլամական տարբեր ուղղությունների և էթնիկ խմբերի միջև շատ արյուն կա: Գլխավոր մեղավորը Ասադն է»:
Զահեր Սաիդը՝ երիտասարդ ակտիվիստը Լաթաքիայից, որը ապստամբության առաջին օրերին մասնակցել է ուսանողական ցույցերին, համակարծիք է Սալամի հետ:
«Տեսել եմ, թե ինչպես են իմ կողքին մահացել իմ ընկերները՝ ազատության, ժողովրդավարության համար,- հիշում է նա:- Սակայն այժմ հեղափոխությունը կորցրել է իր բոլոր իդեալները»:
Բազմաթիվ երիտասարդ սիրիացիներ, մտահոգված լինելով իրենց երկրում իսլամական զինված խմբավորումների վերելքով, այդուհանդերձ վստահ են, որ մի օր արյունահեղությունն ավարտվելու է:
«Անհրաժեշտ կլինի առնվազն մեկ տասնամյակ, որպեսզի Սիրիան դարմանի իր վերքերը, որպեսզի ծնվի նոր, ժողովրդավար Սիրիա»,- կանխատեսում է Սալամը:
Բիրոն հույս ունի՝ երկար սպասումն ինչ-որ չափով ավելի տանելի կլինի իր «Նիհավենթ» սրճարանի շնորհիվ:
Civilnet











