Գլխավոր Լրահոս

Շրջանառության հարկը 3,5 անգամ կիջեցվի

Շրջանառության հարկը 3,5 անգամ կիջեցվի

Կառավարությանն ավելի քան 1,5 տարի պահանջվեց հասկանալ, որ առևտրի ոլորտում 3% շրջանառության հարկը բարձր է։ Կառավարությունն այն պատրաստվում է նվազեցնել 3,5 անգամ` այնպես, ինչպես պահանջել են Ազգային ժողովի ոչ իշխանական ուժերը։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ հունիսի 11-ին կառավարությունում տեղի ունեցած փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստին ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը տեղեկացրել է, որ նախատեսվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից նվազեցնել մինչև 1%: Կառավարության հաղորդագրության համաձայն` Միրումյանը նշել է, որ դրա արդյունքում ավելի 39,5 տնտեսվարող սուբյեկտների համար էականորեն կթեթևանա շրջանառության հարկը, չնայած նրան, որ պետության տարեկան եկամուտները կնվազեն 8 մլրդ-ով:

«Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից:  Հաջորդ քայլով նախատեսվում է ՓՄՁ-ի համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար: Փաստաթղթի բացակայության դեպքում առաջարկվում է կարգավորման մի քանի փուլային եղանակ»,- ասել է Միրումյանը:

Մասնավորապես, մինչ 2015թ. հունվարի 1-ը նախատեսվում է պատասխանատվությունը տարանջատել. սուբյեկտի նկատմամբ նախ կկիրառվի նախազգուշացում, որից հետո 20 հազ. դրամ տուգանք: Երրորդ խախտման դեպքում կկիրառվի 5%-ի շրջանառության հարկ՝ հաշվարկված տարվա սկզբից, իսկ չորրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում: Միրումյանը նշել է, որ կատարվել է տարանջատում, որպեսզի ՓՄՁ-ների վրա այդ ազդեցությունը ցավոտ չլինի: Ծրագրվում է 2015-ից հանել նախազգուշացման, իսկ 2016-ից՝ տուգանքի ինստիտուտը: Այսինքն, 2016թ. հունվարի 1-ից, եթե ՓՄՁ-ն չունենա փաստաթղթաշրջանառություն, ապա հարկը կվճարի ավելի բարձր՝ 5% դրույքաչափով: Երկրորդ խախտման դեպքում տնտեսվարող սուբյեկտը կհայտնվի ավելացված արժեքի հարկի դաշտում:

«Վաճառականների միության» նախագահ Ցոլվարդ Գևորգյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց, որ շրջանառության հարկի դրույքաչափի փոփոխության հարցը քննարկվում էր շուրջ մեկ տարի, և վերոնշյալ որոշումը ձեռք է բերվել փոխհամաձայնության արդյունքում:

«Շրջանառության հարկի ներդրումը պետական հանցագործություն էր, և ես միշտ դեմ եմ եղել դրան: Դրույքաչափը 3,5 անգամ նվազեցնելու որոշումը մի քանի քայլ առաջ է»,- ասաց նա` հավելելով, որ 3,5% շրջանառության հարկը չափազանց բարձր է, և դրա արդյունքում մի շարք առևտրային ցանցեր փակվեցին, ավելացավ ստվերը, իսկ փոքր խանութները ՀԴՄ-ները չեն տպում: 

Շրջանառության հարկի ինստիտուտը Հայաստանում ներդրվել է 2013թ. հունվարի 1-ից և այդ օրվանից իսկ դրույքաչափերը հանդիսացել են խնդրո առարկա։ Օրինակ, դեռ 2013թ. հունվարին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում «Հարկ վճարողների պաշտպանության» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանն ասել էր, որ առևտրական գործունեության ոլորտում 3,5% դրույքաչափի պայմաններում խանութը վնասով է աշխատելու։ Ամսական 4,4 մլն դրամ (տարեկան 52,8 մլն դրամ) իրացում ունեցող խանութի դեպքում, որն ունի երկու աշխատող, ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճարողը շրջանառության հարկի պայմաններում մոտ յոթ անգամ ավելի շատ հարկ է վճարելու, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը։ Նա ասել էր, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանը առաջարկել էին փոքր խանութների դեպքում նախատեսել իրացման շրջանառության 1-1,5%-ից ոչ ավելի դրույքաչափ։

Շրջանառության հարկի դրույքաչափի պահանջը ներառված է Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի` «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի և Հայ հեղափոխական դաշնակցության` իշխանություններին ներկայացրած 12 առաջնահերթ պահանջներում: Ոչ իշխանական քաղաքական ուժերը պահանջում են առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ինչպես նաև շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում