Կառավարությունը հունիսի 12-ին հավանություն տվեց շրջանառության հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ըստ որի` շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից նվազեցվում է մինչև 1%:
«Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից առևտրի ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների համար շրջանառության հարկի դրույքաչափը 3,5%-ից կնվազեցվի մինչև 1%: Բացի այդ, ծրագրվում է Հայաստանում ներդնել ընտանեկան բիզնես կարգավիճակ: Այսինքն` տարեկան 12 մլն դրամի շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները, որոնք կգրանցվեն ընտանեկան բիզնես կարգավիճակով, կազատվեն հարկերից: Հաջորդ քայլով նախատեսվում է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար փաստաթղթաշրջանառությունը դարձնել պարտադիր պայման, սակայն փաստաթղթի առկայությունը հարկային մարմինը կստուգի պարզեցված ընթացակարգով: Հարկային մարմնին տրամադրվելու է աշխատանքային մեկ օր՝ ՓՄՁ-ի մոտ փաստաթղթի առկայությունը ստուգելու համար»,- նախագծի ներկայացմանն ասաց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ օրենսդրական այս փոփոխությունները երկար են քննարկվել, և ծավալուն աշխատանքներն են տարվել ՓՄՁ-ների հետ:
«Այս քայլով մենք թեթևացնում ենք բեռը, և նախնական հաշարկներով` պետբյուջեի հարկային մուտքերը կնվազեն 8 մլրդ-ով»,- ասաց վարչապետը` հավելելով, որ մյուս կողմից` փաստաթղթաշրջանառության պարտադիր պահանջը կարող է բերել հարկային մուտքերի ավելացմանը` ի հաշիվ խոշոր բիզնեսի:
Շրջանառության հարկի ինստիտուտը Հայաստանում ներդրվել է 2013թ. հունվարի 1-ից և այդ օրվանից իսկ դրույքաչափերը հանդիսացել են խնդրո առարկա։ Օրինակ, դեռ 2013թ. հունվարին ՍիվիլՆեթին տված հարցազրույցում «Հարկ վճարողների պաշտպանության» հասարակական կազմակերպության նախագահ Փայլակ Թադևոսյանն ասել էր, որ առևտրական գործունեության ոլորտում 3,5% դրույքաչափի պայմաններում խանութը վնասով է աշխատելու։ Ամսական 4,4 մլն դրամ (տարեկան 52,8 մլն դրամ) իրացում ունեցող խանութի դեպքում, որն ունի երկու աշխատող, ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճարողը շրջանառության հարկի պայմաններում մոտ յոթ անգամ ավելի շատ հարկ է վճարելու, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը։ Նա ասել էր, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի նախագծի քննարկմանը առաջարկել էին փոքր խանութների դեպքում նախատեսել իրացման շրջանառության 1-1,5%-ից ոչ ավելի դրույքաչափ։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2013-ին Հայաստանում փակվել է 1511 փոքր խանութ:
Շրջանառության հարկի դրույքաչափի պահանջը ներառված էր նաև Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի` «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի և Հայ հեղափոխական դաշնակցության` իշխանություններին ներկայացրած 12 առաջնահերթ պահանջներում: Ոչ իշխանական քաղաքական ուժերը պահանջում են առնվազն երեք անգամ նվազեցնել շրջանառության հարկի դրույքաչափերը, ինչպես նաև շրջանառության առավելագույն շեմը 58,35 մլն դրամից դարձնել 150 մլն դրամ։
Civilnet











