Մայիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագիր ստորագրեց Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և ֆինանսների նախարարությունը միավորելու մասին: Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցող գործընթացները ցույց են տալիս, որ ոչ թե Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) է միավորվում ֆինանսների նախարարությանը, այլ հակառակը: Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ և ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանն ազատվում է նախարարության հին աշխատակիցներից և թափուր աշխատատեղերը համալրում ՊԵԿ-ի աշխատակիցներով։
Օրերս աշխատանքից ազատվել է ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության ողջ կազմը՝ 50 աշխատակից՝ տեսչության պետից մինչև վարորդ։ Եթե տեսչության արդեն նախկին պետ Սոնա Ղարիբյանին պաշտոնից ազատելը կանխատեսելի էր, քանի որ նա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի անդամ էր համարվում, անհասկանալի է մյուս աշխատակիցներին աշխատանքից ազատելը, հատկապես, որ նրանց մի մասը նախարարությունում աշխատում է ավելի քան 30 տարի։
Մինչ այժմ ֆինանսների նախարարությունում աշխատանքից ազատվել է իրավաբանական վարչության ողջ անձնակազմը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բոլոր երեք աշխատակիցները։
Ինչպես մյուս ստորաբաժանումների աշխատակիցներին աշխատանքից ազատելու դեպքում, ֆինանսական վերահսկողության տեսչություն դեպքում ևս աշխատակիցներին ազատելը պատճառաբանվել է վերակազմակերպումով։
Մի փոքր անցյալ
2014թ. հունվարին սրվել էին հարաբերությունները Պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչության միջև: Նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը, ուսումնասիրելով ՊԵԿ-ի Վանաձորի և Երևանի Նոր Նորք համայնքի հարկային տեսչություններում հարկ վճարողների գործերը (առանց հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնելու), արձանագրել էր «Շահութահարկի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքների պահանջների չապահովման, սահմանված պատժամիջոցների ոչ ճիշտ կիրառման խախտումներ, որոնք հիմնականում հետևանք են հարկային մարմինների լիազորությունների ոչ պատշաճ մակարդակով իրականացման։ Հարկային տեսչություններում հարկ վճարողների գծով ուսումնասիրությունների արդյունքներով ձևավորվել էր 600 մլն դրամից ավել լրացուցիչ հարկային պարտավորությունների գանձման խնդիր։ Տեսչությունը հայտնաբերել էր նաև, որ ՊԵԿ-ի կողմից խախտվել են «Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկման, նշանակման և վճարման» կառավարության կարգի պահանջները և Սոցիալական ծառայությանը ներկայացրած գումարների վճարման հայտերը, պետբյուջեից փոխհատուցման ենթակա բյուլետենների գումարներում ներառվել են նաև գործատուների միջոցների հաշվին վճարված նպաստների գումարները:
Այս ամենի արդյունքում 2013թ. միայն առաջին կեսին «Հղիության և ծննդաբերության նպաստ» և «Ժամանակավոր անաշխատունակության նպաստ» ծրագրերով փոխհատուցման ենթակա գումարներն 584,7 մլն դրամով ավելի էին ներկայացվել։
Դրանից հետո ՊԵԿ-ը տարածել էր պարզաբանում՝ նշելով, որ ֆինանսների նախարարության տեսչությունը ՊԵԿ-ի հայտնաբերած խախտումները ներկայացրել է որպես ՊԵԿ-ում կատարված խախտումներ:
Այլ ուշագրավ դեպք էր, երբ Սոնա Ղարիբյանի ղեկավարած ֆինանսական վերահսկողության տեսչությունը 2013թ. խախտումներ էր հայտնաբերել կառավարության սուբսիդավորմամբ էժան դիզվառելիքի բաշխման ծրագրում։ Այդ ծրագրից օգտվել էին ներկայիս վարչապետ, այն ժամանակվա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, և զարմիկը՝ Հովհաննես Աբրահամյանը։ Մխչյան գյուղում կառավարության սուբսիդավորման ծրագրից օգտվել է 15 անձ, որոնց էժան գներով վաճառվել է 70 հազ. լիտր դիզվառելիք: Այդ ծավալի մոտ 70%-ը բաժին էր ընկել Հենրիկ և Հովհաննես Աբրահամյաններին։
Ֆինանսների նախարարության տեսչության աշխատակիցները պնդում են, որ իրենց ազատել են անձնական պատճառներով: ՍիվիլՆեթի հետ զրույցում անունները հրապարակել չցանկացող աշխատակիցներն ասացին, որ իրենց ասվել է՝ կադրերի ռեզերվից չեն վերադառնալու աշխատանքի, քանի որ հաստիքը չի համարվելու քաղաքացիական ծառայության պաշտոն։
Ըստ գործող կարգի՝ եթե տեսչության հաստիքները համարվեն քաղաքացիական ծառայության պաշտոն, ապա աշխատանքից ազատված մասնագետները կարող են մասնակցել դրանց համալրման մրցույթներին։
Civilnet











