Երբ շովինիզմի հրեշավորությունը ջարդվում է հրաշալի ռուսաց լեզվի գլխին
Հնարավոր չէ ասել, թե ով է ռուս քարոզիչ Դմիտրի Կիսելյովը՝ չպարզելով, թե ովքեր ենք մենք, երբ Կիսելյովն այստեղ է։ Մենք նրա հողն ենք, այսինքն, այն միջավայրը, որտեղ աճում է Դմիտրի Կիսելյովը։ Այդպիսի հողում նա չէր կարող չասել այն ամենը, ինչն ասաց։ Ինչ-որ իմաստով, նա նույնիսկ կարիք չուներ ասելու այդ ամենը։ Մենք այսպես թե այնպես գծի մեջ ենք։ Մեզ «հող» դարձնելու մեկնարկը տվել էր «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, որով ռուսները գազի պարտքի դիմաց տարան հայկական հինգ խոշոր ձեռնարկություն։ Ինչ-որ իմաստով ուրվական ձեռնարկություններ, որոնք մեռան վերջնականապես։ Հաջորդը ՌԴ պետդումայի նախագահ Բորիս Գրիզլովն էր, որը հենց մեր ԱԺ-ում հայտարարեց, որ մենք Ռուսաստանի ֆորպոստն ենք։ Իշխանությունը չհակադարձեց։
Հաջորդը Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովն էր, որը չորս տարի առաջ այս հողում արդեն ցանել էր շանտաժի սերմը՝ ռուսաց լեզուն Հայաստանի անվտանգության լեզուն է։ Հակազդեցությունն այդպես էլ մեր իշխանությունից Կրեմլ չհասավ։ Հաջորդը Միկոյանի արձանն էր, որով Հայաստանն ամրագրեց իր առաջնահերթությունը՝ գոյություն չունեցող երկիրը դարձնել արտաքին քաղաքական տեսիլք։ Միկոյանը պետք է հիշեցնի, թե դեպի ուր ենք ի վերջո գնում գրիզլովներով ու կրիվոպուսկովներով։ Երբ արձանի կողմնակիցներն ասում են, որ Միկոյանը հայ էր, ուզում են ցույց տալ, որ ռուսներն այստեղ կապ չունեն, նա մեր մարդակերն էր։ Այսինքն, կոնկրետ աշխատանք կատարած մեռելից ազգային ազատագրական մահարձան են կերտում, որի բնօրինակն ի դեպ Մոսկվայում է։ Կարծես թե, Միկոյանի հավերժ մեռած ներկայությունն էլ ենք մարսելու։ Կրիվոպուսկովի մի քանի հայտարարությունների և Միկոյանի արձանի արանքում ռուսները տարան «ՀայՌուսգազարդը» և մի շարք ձեռնարկություններ։ Հետո անարգել թանկացրին գազը և էլեկտրաէներգիան։ Առանց պատճառաբանելու։ Որովհետև հակազդեցություն չկար։
Այս ամենին հաջորդեց Աստանան։ Ղազախստանի նախագահը բոլորիս կերցրեց Եվրասիական միության հետ ընդհանուր ոչինչ չունեցող Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակն առ այն, որ Հայաստանը խնդիրներ ունի Միություն մտնելու հետ կապված, որքանով ունի Լեռնային Ղարաբաղ։ Սերժ Սարգսյանի լռությունը նախորդ բոլոր անհաջողությունների միակ «ճիշտ» վերծանումն էր։ Աստանայում նա մի մարդ էր, որը նույնացավ Ալիևի նամակի հետ, ինչպես նամակը կապ չուներ Եվրասիական միության հետ, այնպես էլ Սերժ Սարգսյանը կապ չուներ Միության մեջ մտնելու Հայաստանի մասնակցության մեջ։
Եվ, վերջապես, Կիսելյովի հայտարարությունները։ Այսպես ասած, վերջին կաթիլը։ Հիմա ո՞վ է Դմիտրի Կիսելյովը, որը երկու օր առաջ «հյուրախաղերով» հանդես եկավ ՀՀ ԱԺ-ում։
Դմիտրի Կիսելյովը մեր հյուրն էր մինչև իր հայտնի հայտարարությունները։ Դմիտրի Կիսելյովը ռուսական մշակույթի ներկայացուցիչն էր մինչև իր շանտաժը՝ սովորեք ռուսերեն և ձեր անվտանգությունը երաշխավորված է։ Դմիտրի Կիսելյովը լրագրող էր մինչև իր բերանը բացելն ընդհանրապես։ Դմիտրի Կիսելյովը մարդ էր մինչև այն պահը, երբ սա Հայաստանն էր մեզ համար, երբ Ուկրաինան երկիր էր ուկրաինացիների համար, իսկ նրա երկիրը՝ Ռուսաստանը, երկիր էր ռուսների համար։ Դմիտրի Կիսելյովն ուղևոր էր մինչև «Համմերով» ԱԺ մտնելը և լրագրող ներկայանալը։ Դմիտրի Կիսելյովը հայր էր մինչև հայ ժողովրդի անվտանգությունը միայն ռուսաց լեզվին խոնարհվելով պայմանավորելը։ Դմիտրի Կիսելյովը աշխատավոր էր մինչև հայ տաքսիստի մեջ ռուսին փնտրելը։ Դմիտրի Կիսելյովը պատմություն ունեցող երկրի ներկայացուցիչ էր, մինչև կայսրության հմայքը չճանաչեց 1937-երի անխուսափելիության մեջ։ Նա մեզ Ռուսաստան է քարշ տալիս՝ չհասկանալով, որ քաղաքական ընտրությունն այլ բան է, վզից բռնել-քարշ տալն՝ այլ բան։
Արջի դեմ խաղացող ծաղրածուության է նման Գալուստ Սահակյանի վերջին արարքը՝ թարգմանչով ներկայանալ Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպմանը։ Պետք չէր հասնել այս օրվան, երբ շովինիզմի ամբողջ հրեշավորությունը ջարդվում է հրաշալի ռուսաց լեզվի գլխին։ Պետք էր Միկոյանին թողնել մեռելների մեջ, Կրիվոպուսկովին դեռ «օրորոցում» ուղարկել տղամարդ լինելու այնտեղ, որտեղ անկողինը հարկադիր «սիրո» թախտա չէ։ Պարզապես պետք էր ունենալ մի երկիր, որտեղ շարքային քաղաքացին հերիք է, որ Դմիտրի Կիսելյովը դառնար հյուր, ռուսական մշակույթի ներկայացուցիչ, լրագրող, ուղևոր, մարդ, հայր, աշխատավոր և, ի վերջո, Աստծո արարած։
Թեմա
Մհեր Արշակյան










