Հունիսի 12-ին և 13-ին Վրաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ հայ-ադրբեջանական հերթական հանդիպումը, որին մասնակցում էին լրագրողներ, փորձագետներ և հասարակական գործիչներ Ադրբեջանից, Հայաստանից, Արցախից, ինչպես նաև եվրոպական երկրներից: Հանդիպումը կազմակերպել էր Եվրոպական Միությունը: Երկօրյա ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ նաև բրիտանացի ճանաչված լրագրող, ամերիկյան «Կարնեգի» կենտրոնի ավագ փորձագետ Թոմաս դե Վաալի «Սև այգի» գրքի ռուսերեն հատորի նոր հրատարակության շնորհանդեսը: Մասնակիցների և կազմակերպիչների միջև ձեռք էր բերվել պայմանավորվածություն, ըստ որի համաժողովում հնչած ելույթները կարող են հրապարակային դառնալ, բայց չի կարելի նշել, թե ում կողմից է հնչել տվյալ միտքը: Ղարաբաղյան կարգավորման շուրջ մի քանի քննարկումներ բաց էին, հետևաբար՝ դրանք կարելի է հրապարակայնացնել:
Վրաստանի Ազգային գրադարանում հունիսի 13-ի երեկոյան կայացած միջոցառումներից հետո ես որոշեցի այլևս չմասնակցել ղարաբաղյան և հայ-թուրքական քննարկումների: Որպես լրագրող և գրքերի հեղինակ 1999-ից ի վեր, այսինքն՝ արդեն 15 տարի, բազմաթիվ անգամներ նման քննարկումների և բանավեճերի մասնակցել եմ Երևանում, Ստեփանակերտում, Բաքվում, Անկարայում, Ստամբուլում, Փարիզում, Լոնդոնում և աշխարհի բազմաթիվ այլ քաղաքների փորձագիտական կենտրոններում: Գրեթե յուրաքանչյուր նման հանդիպումից հետո ինքս ինձ ասել եմ, որ այս մեկը վերջինն է և այլևս չեմ մասնակցի նման քննարկումների, որոնք լայն հաշվով ոչ թե քննարկումներ են կամ երկխոսություն, այլ սուր բանավեճ ու կռիվ: Այս անգամ ասում եմ՝ ես այլևս չեմ մասնակցի ոչ հայ-ադրբեջանական, ոչ էլ հայ-թուրքական հանդիպումների, քանի որ իմ նյարդերը տեղի են տալիս: Որպես փորձագետ և լրագրող ես կշարունակեմ օր օրի հետևել արցախյան կարգավորմանն ու հայ-թուրքական հարաբերություններին, բայց չեմ մասնակցի քննարկումների և բանավեճերի որպես փորձագետ, ավելին՝ որպես հայաստանցի, քանի դեռ դրանք չեն վերադարձել կառուցողականության դաշտ:
Ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում
Ինչ տեղի ունեցավ Թբիլիսիում: Վրաստանի ազգային գրադարանի սենյակներից մեկում շուրջ 70-80 հոգի՝ վրացիներ, հայեր, ադրբեջանցիներ և եվրոպացիներ հետևում էին մի բանավեճի, որի բանախոսներն էին Թոմաս դե Վաալը (որպես միջազգային փորձագետ), Թաբիբ Հուսեյնովը (Ադրբեջան) և այս հրապարակման հեղինակը: Բանավեճի սկիզբը վատ չէր: Դե Վաալը ներկայացրեց արցախյան կարգավորման ներկա իրավիճակը միջազգային հանրության տեսանկյունից, Հուսեյնովը անդրադարձավ ադրբեջանական դիրքորոշմանը, իսկ ես` հայկականին: Հարց ու պատասխանի ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարությունից մի դիվանագետ (անունը չկարողացա հիշել), ապա մի լրագրող քննարկումը փորձեցին շեղել դեպի «հայկական օկուպացիա», «Խոջալուի հանցագործություններ», «սիրիահայերի անօրինական վերաբնակեցումներ օկուպացված տարածքներում»:
Իմ պատասխանները շատ կարճ էին, գուցե չափից ավելի սուր, գուցե լրագրողին և փորձագետին ոչ հարիր: Այդ պատասխանները ակնհայտորեն դուր չեկան կազմակերպիչներին: Ես ասացի, որ հայերը ոչ թե օկուպանտներ են, այլ հաղթողներ պատերազմում։ որ Ադրբեջանը արցախյան կարգավորման գործընթացում ոչ թե լուծում է ուզում, այլ Արցախն է ուզում, ավելի հստակ` նախագահ Ալիևը ուզում է ամեն ինչ, կամ ոչինչ: Ի հակակշիռ, դահլիճում ներկա հայերը հիշեցրին Ռամիլ Սաֆարովի դեպքը և ազգային հերոսին վայել ընդունելությունը Ադրբեջանում: Ադրբեջանցի փորձագետ Թաբիբ Հուսեյնովը լսարանին հորդորեց պահել բանավեճի կառուցողական ոգին և ժպտալով ասաց, որ դա վերաբերում է նաև ինձ:
Մեկուկես ժամ տևած քննարկումից հետո կազմակերպիչներից երկու եվրոպացիներ ինձ առանձին ասացին, որ իմ պատասխաններից ոգևորված չեն:
Ընդհանրապես, արցախյան կարգավորմանը նվիրված քննարկումներում եվրոպացիներն ու ամերիկացիները, փորձելով պահել չեզոքություն կամ հավասարակշռություն, վերջին շրջանում թաքնված կերպով համակրում են ադրբեջանցիներին: Գուցե սա իմ ընկալումն է: Ադրբեջանական լոբբինգը վերջին տարիներին ակնհայտ հաջողություններ է գրանցել: Ադրբեջանցիները կաշառելով կարողացել են դեպի իրենց կողմը թեքել արևմտյան բազմաթիվ դիվանագետների, փորձագետների ու լրագրողների: Օտարերկրյա այն դիվանագետները, փորձագետներն ու լրագրողները, ովքեր առանց Բաքվի «թույլտվության» այցելում են Արցախ, հայտնվում են «սև ցուցակում» և անցանկալի անձ համարվում Ադրբեջանում: Իսկ ահա այն դիվանագետները, փորձագետներն ու լրագրողները, ովքեր անկողմնակալ են և անաչառ, կանգնում են երկընտրանքի առաջ: Մասնավոր զրույցներում նրանք խոստովանում են, որ ստիպված են լինում դիմել Ադրբեջանի արտգործնախարարություն, որպեսզի Արցախ մեկնելու «թույլտվություն» ստանան: Ամբողջ անհեթեթությունն այն է, որ Ադրբեջանը վաղուց կորցրել է վերահսկողությունը Արցախի նկատմամբ, Բաքվից դեպի Արցախ տանող բոլոր ճանապարհները ականապատ են և ցանկության դեպքում անգամ անհնար է Ադրբեջանով մեկնել Արցախ:
Թբիլիսիի Ազգային գրադարանում կայացած քննարկումից հետո Թոմաս դե Վաալը մեկ այլ դահլիճում, որն ավելի ընդարձակ էր, ներկայացրեց արցախյան հակամարտության մասին պատմող իր «Սև այգի» գիրքը: Նույն դահլիճում բացվեց լուսանկարչական ցուցահանդես, որտեղ ներկայացվել են արցախյան պատերազմի մասին պատմող լուսանկարներ: Դրանց հեղինակները մի վրացի (արցախյան կողմից) և մի ադրբեջանցի են: Այդ լուսանկարները, անկասկած, որպես վավերագրություն, չափազանց ազդեցիկ են: Դրանք ևս մեկ անգամ ցույց են տալիս, թե ժողովուրդներին ինչպիսի սարսափներ է պատճառում պատերազմը: Մյուս կողմից, սակայն, ակնհայտ էր, որ լուսանկարչական այդ ցուցահանդեսը ի նպաստ Ադրբեջանի էր: Ես դավադրությունների տեսության կողմանակից չեմ, սակայն այդ ցուցահանդեսը այնպես էր կազմակերպվել, այնպիսի լուսանկարներ էին ընտրվել, որ Ադրբեջանը հանկարծ դժգոհ չլինի:
Հունիսի վերջերին, կրկին Թբիլիսիում, ես կմասնակցեմ հայ-ադրբեջանական մեկ այլ նախագծի: Ես այդ միջոցառմանը կմասնակցեմ, քանի որ նախօրոք համաձայնություն եմ տվել: Եվ դա կլինի իմ վերջին ներգրավվածությունը: Պատերազմական հռետորաբանության և ատելության քարոզման այս պայմաններում ոչ հայ-ադրբեջանական և ոչ էլ հայ-թուրքական երկխոսության տեղ ես չեմ տեսնում:
Ես այլևս չեմ ուզում մասնակցել հայ-ադրբեջանական բանավեճերի, քննարկումների կամ երկխոսության, երբ տեսնում եմ, որ դրանք անիմաստ են (գուցե սա իմ անձնական ընկալումն է և սխալվում եմ): Իմ նյարդերը այլևս տեղի են տալիս, երբ գիտակցում եմ, որ գրեթե յուրաքանչյուր նման հանդիպում Ադրբեջանը փորձում է վերածել հակահայ միջոցառման: Ինձ համար այլևս անընդունելի է, երբ հայ-ադրբեջանական հանդիպումների կազմակերպիչ և հովանավոր եվրոպացիները փորձում են այնպես անել, որ հանկարծ Ադրբեջանը չզայրանա (գուցե սա էլ է իմ ընկալումը և գուցե կրկին սխալ է):
Մյուս կողմից, ես գնահատում եմ այն հայ լրագրողներին, փորձագետներին ու հասարակական սեկտորի ներկայացուցիչներին, որոնք շարունակում են հավատալ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական երկխոսությանը, որոնք դրսում արժանապատվորեն են ներկայացնում Հայաստանն ու Արցախը, որոնք փայլուն գիտելիքներ ունեն և ջանում են միջազգային հանրության համար հասկանալի ու ընկալելի լինել: Շատերը չեն գիտակցում, թե ինչքան դժվար է օտար մայրաքաղաքներում օտար լսարանին՝ ադրբեջանցիների ներկայության պայմաններում, հասկանալի լեզվով ներկայացնել արցախյան հակամարտության էությունն ու պատմությունը:
Թաթուլ Հակոբյան











