Գլխավոր Լրահոս

Ֆինանսների նախարարությունը՝ կրճատումների մասին

Ֆինանսների նախարարությունը՝ կրճատումների մասին

Լուսանկարում՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:

Ֆինանսների նախարարությունը հանդես է եկել ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) միավորման արդյունքում աշխատանքից ազատումների թեմային ։ Նախարարությունը վստահեցնում է, որ կադրային փոփոխությունները և նշանակումները տարերային կամ անձնավորված բնույթ չեն կրում։ Դրանք իրականացվում են նույն տրամաբանությամբ, որով վերջին վեց տարիներին առաջնորդվել է ՊԵԿ-ը` «նախապատվությունը տալով բարձրակարգ ու միջազգային ընդունված լավագույն չափանիշներին համապատասխանող և ներուժ ունեցող կադրերին»:

Ֆինանսների նախարարության հաղորդագրության համաձայն՝ ֆինանսական վերահսկողության տեսչություն առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության առանձնացված ստորաբաժանման, այսինքն` կատարվել են կառուցվածքային և գործառութային փոփոխություններ և «աշխատակիցների` աշխատանքից ազատվելու մասին խոսակցություններն անտեղի են, քանի որ տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքն ուժը կորցրած ճանաչելու և կանոնադրությունը հաստատելու կապակցությամբ տեսչության քաղաքացիական ծառայողների պաշտոնները հանվել են պաշտոնների անվանացանկից, ինչի արդյունքում գործընթացը դեռևս չի ավարտվել»։ «43 աշխատակիցներից բարձր որակավորում ունեցող մասնագետները, բնականաբար, կշարունակեն աշխատանքը»,- նշված է հաղորդագրությունում:

Ֆինանսների նախարարությունը չի ընդունում մամուլում տեղ գտած այն պնդումները, որ ոչ թե ՊԵԿ-ն է միացել նախարարությանը, այլ հակառակը։ «Ներկայացվում են, մեղմ ասած, ուռճացված թվեր, արդյունքում կատարվում են սխալ եզրահանգումներ մի գործընթացի վերաբերյալ, որը դեռ չի էլ ավարտվել, և որի տրամաբանությունն իրականում բխում է զուտ նախարարությունը որակյալ կադրերով ապահովելու նկատառումից: Ձևավորվող տարբեր ստորաբաժանումներում ղեկավար պաշտոններում նշանակվել են ինչպես նախարարության, այնպես էլ ՊԵԿ-ի ներկայացուցիչները: Ավելին` կառուցվածքային երեք ստորաբաժանումներում արդեն իսկ ղեկավար պաշտոններում նշանակվել են ֆինանսերի նախարարության աշխատակիցները, իսկ ՊԵԿ-ի նմանատիպ ստորաբաժանումների ղեկավարները դարձել են նրանց տեղակալները»,- նշված է հաղորդագրությունում:

Նախարարությունը պարզաբանել է նաև նախկին որոշ աշխատակիցների մեկնաբանությունները, որ իրենց զբաղեցրած պաշտոններից անհամեմատ ցածր պաշտոնների առաջարկներ են արվել, որոնք նրանք մերժել են՝ դիտարկելով որպես արժանապատվության դեմ ուղղված դիտավորյալ քայլ. «Ինչպես պարզվել է, նախքան միավորումը նախարարությունում տարիներ շարունակ գործունեություն են ծավալել վարչություններ, որոնց ղեկավարներն ընդամենը երեք աշխատակից են ունեցել: Բնականաբար, դրանք օպտիմալացման գործընթացում վերակազմակերպվել են, ինչի հետևանքով այդ ղեկավարներին աշխատանքը համակարգում շարունակելու այլ առաջարկներ են արվել, որոնք էլ մերժվել են` «արժանապատվությունից ցածր» ընկալվելու պատճառով, եղել են նաև առաջարկներ, որոնք ընդունվել են»:

«Ֆինանսների նախարարության կադրային նոր քաղաքականության շուրջ արհեստականորեն խրախուսվող աժիոտաժը հարկադրում է հիշեցնել, որ որակյալ աշխատանքը կատարում են որակյալ կադրերը: Այս տրամաբանությունն է եղել ՊԵԿ-ի վեց տարիների գործունեության հիմքում: Մասնավորապես` համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման, հարկային հաշվետվությունների ընդունման և մշակման ավտոմատացման, ռեսուրսների տնտեսման, ինչպես նաև հարկ վճարողների հետ անմիջական շփումների կրճատման, հարկային վաչարարության պարզեցման համատեքստում 57 հարկային տեսչություններից 35-ը լուծարվել էին, որի արդյունքում հարկային ծառայողներից 429-ը կրճատվել էին, իսկ միայն 2014թ. առաջին եռամսյակում աշխատանքից ազատվել էր ՊԵԿ-ի 39 աշխատակից»,- նշված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում