Գլխավոր Լրահոս

Կայծակնային գործընթացներ Մոսուլում և Քեսապում. Գանտահարյան

Կայծակնային գործընթացներ Մոսուլում և Քեսապում. Գանտահարյան

Քեսապ:

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը հոդված է հրապարակել «Մոսուլում և Քեսապում կայծակնային արագությամբ արձանագրվող գործընթացներ» վերնագրով: Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև:

Քեսապի շրջանի նկատմամբ իրականացված գործողությունների ընթացքը, կշռույթն ու ձեռք բերված արդյունքների անմիջականությունը մի քանի երևույթների մասին մտածել է տալիս։

Նախ, իհարկե այն, որ ներխուժման արագությամբ տեղի ունեցավ նաև գրավող տարրերի նահանջը կամ փախուստը: Եթե ժամանակին բանակային ուժերի դիմադրություն չարձանագրվեց, այս դեպքում էլ միևնույն պատկերը կրկնվեց հակառակ կողմի համար:

Տարբեր խնդիր, որ մարտի 21-ից հետո ստեղծված կացության մեջ բազմաթիվ անգամ սիրիական պետական լրատվամիջոցները այն տպավորությունը թողեցին, որ սիրիական բանակը որոշ հենակետեր գրավելով` նախապատրաստվում է հարձակման մեծ գործողության՝ Քեսապին վերատիրանալու համար: Սակայն,նկատելի տեղաշարժեր չէին արձանագրվում, փոխանցելով այն համոզումը, որ Քեսապի ուղղությամբ ռազմական հիմնական գործողությունը հետաձգվում էր:

Ռազմական գործողությունների հետաձգումը կարող է ոչ միայն ռազմագիտական և ռազմավարական պատճառներ ունենալ: Խոսքը վերաբերում է քաղաքական գործընթացների այս կամ այն պահի ընտրության հրամայականին:

Մինչ այդ, պարզ դարձավ, որ Քեսապի ժողովրդի տարհանումը Մոսկվայի համար առավելագույն լուսարձակներ բացելու առիթ էր և այն լիարժեք օգտագործելը բխում էր տվյալ պետության կողմից տեղեկատվական պատերազմի  ամրագրած օրինաչափություններից: Ավելի ճիշտ, ապատեղեկատվության լայնածիր դրսևորումներից: Եվ ինչպես որ Քեսապ ներխուժման գործողությունը 0 ժամի ճշտման քաղաքական բացատրությունն ուներ, այս դեպքում՝ վերատիրացումը ևս: Ժամանակ էր պետք, որպեսզի Ուկրաինա-Ղրիմից միջազգային ուշադրությունը անցներ դեպի Քեսապ, իբրև հակակշիռ երևույթ-գործողություն: Միջազգային ընտանիքի և հանրության դիտարկման տրամաբանությամբ՝ ռուսական տարածքից Ղրիմ հասած ուժերի դիմաց, թուրքական տարածքներից Սիրիա ներխուժած ահաբեկիչներ:

Սակայն, Քեսապի վերատիրացման մեծ գործողությունը ուներ այլ շարժառիթ ևս: Նույն տարրերի Իրաքում հանկարծակի աշխուժացումը և Իրաքի երկրորդ քաղաքի կայծակնային արագությամբ գրավումը, նախ՝ իբրև ձև և իրականացվող եղանակ զուգահեռներ է ուրվագծում տարածաշրջանային երկու հրատապ շրջաններում արձանագրվող գործընթացների միջև:

Նավթային  պաշարների տարողությունը, շրջանի քարտեզի վերագծման օրակարգի քաղաքական ուրվականը և քրդական գործոնի անմիջականությունը տարբեր տարողություն են ապահովում Մոսուլի դեպքերին: Սակայն, խնդիրն այս բոլորի համար օգտագործված գործիքն է, որը օգտագործողի և գործիքի նույնություն  է ստեղծում թե´ Մոսուլի և թե´ Քեսապի դեպքերում:

Հիմա արդեն խոսում ենք թուրքական տարածքներում արմատավորվող, այնտեղից  ֆինանսավորվող, զինվող և գործուղվող միջազգային ահաբեկչության այն բաղադրիչի մասին, որը քաղաքական ժամացույցների սլաքների պահ ճշտող ժամերին աշխատում է Քեսապում թե Մոսուլում իրականացնելու համար աշխարհաքաղաքական ուժերի գուցե ժամանակավոր ծրագրերը:

Անկարային անհրաժեշտ էր քարոզչական իմաստով Քեսապից դեպի Թուրքիա փախուստ տվող ծայրահեղականների դիմաց կարճատև դրվածքով սահմանը փակել: Խաբկանքի այդ գործողությունը լուրջ կընկալվեր, եթե ծայրահեղականները շրջափակելու և չեզոքացնելու չհայտարարված  համակողմանի ինչ որ համաձայնություն լիներ: Այդ շրջափակումը չի եղել և զինյալները շուտով հասել են Ալեքսանդրետ:

Դժվար է կանխատեսել, թե նույն արագությամբ, ճշտված պահին իրաքյան իշխանությունները Մոսուլին կվերատիրանա՞ն, թե՞ ոչ: Հայկական ոսպնյակից չի վրիպում սակայն թուրքական տարածքներից ներխուժող և դեպի թուրքական տարածք վերաապաստանող միջազգային ահաբեկչության բաղադրատարրերի անարգել ելքն ու մուտքը Թուրքիա: Նույն տարրերն են, որոնք շատ արագ հասան Մոսուլ: Եվ եթե նույն տարրերն են, նույնն են նաև իրենց զինողներն ու ֆինանսավորողները:

Միջազգային ընտանիքն անզիջում պատերազմ է հայտարարել միջազգային ահաբեկչության դեմ: Սկզբունքով՝ նաև դրա հովանավորողների դեմ: Հատկապես՝ ներխուժման տարածքներ և փախուստի անցքեր տրամադրողներին: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում