Գործադիրը որոշել է նվազեցնել ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման տույժերի սահմանաչափերը։
Կառավարությունն առաջարկում է նվազեցնել վարորդների տուգանքի չափը մեքենան հետիոտնային անցումների վրա կանգնեցնելու, և ավելացնել՝ ղեկին բջջայինով խոսելու համար։
Կառավարությունը որոշել է նվազեցնել ճանապարհային երթևեկության որոշ կանոնների խախտման տույժերի սահմանաչափերը։ Հունիսի 17-ի կառավարության արտահերթ, փակ նիստին գործադիրը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու որոշմանը։ Նախագիծը ներկայացվել է Ազգային ժողովի հաստատմանը, նախատեսվում է, որ այն ուժի մեջ կմտնի 2014թ. սեպտեմբերի 1-ից։
Ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով վարչապետի որոշմամբ մարտին ստեղծված աշխատանքային խումբն առաջարկել է սահմանված արագությունը 1-20 կմ/ժ-ով գերազանցելու համար նշանակել տուգանք՝ յուրաքանչյուր գերազանցված 1 կմ/ժ արագության համար մեկ նվազագույն աշխատավարձի (1000 դրամ) չափով։ Երթևեկության սահմանված արագությունը 21-30 կմ/ժ-ով գերազանցելը ենթադրելու է տուգանք նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով (30 հազ. դրամ)։
Ներկայում սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցումը տուգանվում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով (10 հազ. դրամ), 11-30 կմ/ժ-ով գերազանցումը՝ երեսնապատիկի չափով (30 հազ. դրամ)։
Փոփոխությունների նախագծում գործադիրը նախատեսում է նվազեցնել նաև տուգանքների չվճարման տույժերի չափը։ Այսպես, եթե ներկայում տուգանքը 30 օրվա ընթացքում չվճարելու դեպքում գումարը եռապատկվում է, 60 օրվա դեպքում՝ հնգապատկվում, ապա նախագծում տույժը համապատասխանաբար կազմելու է տուգանքի գումարի 25%-ը և 50%-ը։
Կնվազեցվի նաև հետիոտնային անցման վրա մեքենան կանգնեցնելու համար նախատեսված տուգանքի չափը։ Եթե ներկայում այդ խախտման համար վարորդները տուգանվում են նվազագույն աշպատավարձի քսանապատիկի չափով (20 հազ. դրամ), ապա կառավարությունն առաջարկում է այն իջեցնել մինչև նվազագույն աշխատավարձի տասնհինգապատիկը (15 հազ. դրամ):
Փոփոխություններով նվազեցվում է նաև առանց համապատասխան թույլտվության կանգնակների, արգելապատնեշների կամ այլ պարագաների միջոցով երթևեկելի մասը սահմանափակելու տույժերի չափը։ Ներկայիս հիսնապատիկի փոխարեն տուգանքի չափն առաջարկվում նվազեցնել մինչև նվազագույն աշխատավարձի տասնապատիկը։
Մյուս կողմից, նախատեսվում է քառապատկել ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներում կամ թեթև մարդատար-տաքսի ավտոմեքենաներում ծխելու համար նախատեսված տույժը՝ այն սահմանելով նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազ. դրամ)։
Ավտոմեքենայի ղեկին բբջայինով խոսելու համար տուգանքի չափը ևս կավելացվի. նվազագույն աշխատավարձի ներկայիս եռապատիկի փոխարեն գործադիրն առաջարկում է այն հասցնել մինչև հնգապատիկը (40 հազ. դրամ):
Civilnet











