Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանձնարարել է ուսումնասիրել՝ որքանով է հնարավոր կանանց թույլատրել դիտել ֆուտբոլային հանդիպումները մարզադաշտերում: Այս մասին հայտարարել է կանանց և ընտանիքի հարցերով փոխնախագահ Շահինդոխտ Մոլավերդին, հաղորդում է իրանական Mehr News գործակալությունը:
Մոլավերդին տեղեկացրել է, որ կառավարության նախորդ նիստին ինքը բարձրացրել է կանանց՝ մարզադաշտերում ֆուտբոլ դիտելու արգելքի հարցը: Նախագահ Ռոհանին հարցի առնչությամբ բացատրություն է պահանջել և հանդիպում է ունեցել սպորտի նախարարի հետ:
«Նախկինում՝ Ահմադինեժադի պաշտոնավարման ժամանակ, կանանց թույլ էր տրվել մարզադաշտերում հանդիպումներ դիտել, սակայն կանանց՝ մարզադաշտեր մուտքի նոր սահմանափակումները զարմանալի են: Կառավարությունը պետք է վերածնի նոր սերնդի հույսերը պատշաճ միջոցառումների միջոցով»,- գրել է պաշտոնյան Facebook-ի իր էջում:
Սպորտային միջոցառումների կանանց մասնակցության արգելքն ավելի նկատելի դարձավ վոլեյբոլի միջազգային վերջին հանդիպումների ընթացքում, երբ Իրանը պարտություն կրեց Բրազիլիայից: Հունիսի 15-ին Թեհրանի «Ազադի» մարզադաշտում Իրան-Բրազիլիա վոյեբոլային հանդիպմանը իրանցի 50 կանանց արգելվել էր ներկա գտնվել խաղին: Իրանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ Մամուդ Աֆշարդուսթը ասել է, որ այդ արգելքը բացասաբար է ազդում Իրանի միջազգային հեղինակության վրա:
Ֆուտբոլի աշխարհի 2014թ. առաջնությանը Իրանն իր առաջին հանդիպումն անցակցրել է հունիսի 17-ին Նիգերիայի ընտրանու հետ՝ այն ավարտելով ոչ ոքի: Իրանի նախագահը Twitter-ում հանդիպումը դիտելիս նկար էր տեղադրել:
Civilnet











