Գլխավոր Լրահոս

Քառյակի նոր հանգրվանը

Խորհրդարանական ոչ իշխանական քառյակի 12 պահանջներին անդրադառնալով՝ գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընդդիմությանը համագործակցության կոչ է արել: «Հանրային» հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում նա ասել է, որ եթե քառյակի նպատակը համագործակցությունն է, ապա նման փաստաթղթերից պետք է բացառվեն «պարտադրում ենք», «պահանջում ենք» բառերը։ «Ես համոզված եմ, որ ընդդիմությունը ցանկանում է համագործակցել, որ միասին կարողանանք լուծել մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները։ Ես արդեն հորդորել եմ իմ կուսակից ընկերներին, կառավարությանը՝ ուշադրությամբ ուսումնասիրել ու կատարել հետևյալ գործողությունները՝ այն հարցերը, որոնք ներառված են մեր ծրագրերում՝ իմ նախընտրական ծրագրում կամ կառավարության արդեն հաստատված ծրագրում, ապա պետք է արագ առաջ տանել, բացատրել մեր ընդդիմադիրներին, թե այս ուղղություններում մինչև ուր ենք շարժվելու: Երկրորդ՝ այն հարցերը, որոնք առնչություն ունեն սահմանադրական բարեփոխումների հետ, պետք է քննարկվեն հեղինակների հետ և գան ընդհանուր հայտարարի»:

Քաղաքական մարտավարության տեսակետից սա այն էր, ինչ պետք էր սպասել Սերժ Սարգսյանից: Լինելով հրապարակային առճակատումներից խույս տվող գործիչ՝ ՀՀԿ առաջնորդը քաղաքական ընդդիմությանը փորձում է տեղափոխել բանակցային կամ համագործակցության հարթություն, որտեղ ընդիմադիրների «հարցերը լուծելը» տեխնիկայի գործ է նրա համար: Քաղաքական բացահայտ առճակատման գնալու ո՛չ համարձակություն, ո՛չ էլ քաղաքական ռեսուրս ունի։ Ուստի նրան անհարժեշտ է մի հարթակ, որտեղ բացահայտ առավելություն կունենա: Իսկ այդպիսի հարթակը նրա համար երկխոսությունն է կամ ավելի ճիշտ երկխոսեցնելը:

Համագործակցությունն ինքնին կառուցողական երևույթ է՝ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար: Եթե իհարկե իշխանությունն ու ընդդիմությունը ցանկանում են խնդիրների լուծում: Սակայն դատելով համագործակցության նախորդ փորձերի բնույթից և իշխանությունների վարքագծից` գոնե Սերժ Սարգսյանի համար առաջնահերթ է ամեն գնով իշխանությունը պահելը: Նրա գործողություններն ու հայտարարությունները պետք է դիտարկել հենց այս տրամաբանության շրջանակում:

«Համագործակցություն» կոչվածը ՀՀԿ առաջնորդի համար բացառապես իշխանությունը երկարաձգելու ու հրապարակային առճակատումից խուսափելու միջոց է: Պատահական չէ, որ հարցազրույցում նա ընդգծում է, թե բախումները պետք է լինեն մամուլի էջերում և խորհրդարանում: Այդ հարթակները բավականին անվտանգ են նրա համար, քանի որ հիմնականում վերահսկվում են հենց իշխանությունների կողմից։

Միաժամանակ` գործող նախագահը մի շարք պահանջների բավարարումը պայմանավորում է Սահմանադրության փոփոխություններով: Սա պարզունակ քայլ է, որի նպատակը քառյակի անդամների մեծ մասի կողմից մերժված Սահմանադրական փոփոխությունները լեգիտիմացնելն է: Եթե քառյակը համաձայնում է այդ տեսքով որոշակի խնդիրների լուծմանը, ապա կամա, թե ակամա աջակցում է Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը:

Ոչ իշխանական քառյակը պետք է կողմնորոշվի՝ գնում է Սերժ Սարգսյանի հետ համագործակցության որևէ տեղ չտանող ճանապարհով և վարկաբեկվո՞ւմ, թե՞ 12 պահանջներրը վերածում է արմատական փոփոխությունների տանող մեկնակետի: Սա կարևոր հանգրվան է ոչ իշխանական քառյակի հետագա ճակատագրի առումով: Շատ հնարավոր է, որ քառյակում հայտնվեն անհույս «լավատեսներ», որոնք կողմ լինեն Սերժ Սարգսյանի հետ համագործակցություն սկսելուն: Բացառված չէ, որ այս հողի վրա քառյակում պառակտման գործընթաց սկսվի: Այնուամենայնիվ, գործող նախագահի համագործակցության կոչը կարևոր քննություն է քառյակի համար: Քառյակի հետագա քայլերից պարզ կլինի՝ այն կա՛մ հայտ է ներկայացնելու արմատական փոփոխությունների գնացող քաղաքական միավոր դառնալու, կա՛մ մնալու է Սերժ Սարգսյանի համագործակցության ճիրաններում:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում